Արձագանքեցին

08/02/2008

«168 Ժամ» թերթի սոցիալական թեմայով հրապարակումներին կրկին արձագանքել է «Օրրան» բարեգործական կազմակերպությունը: «Օրրան» կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանն առաջարկեց այցելել «168 Ժամ» թերթում տպագրված շուրջ 20 անապահով ընտանիքների, որոնք երեխաներ ունեն, եւ աջակցություն ցուցաբերել: Օրեր առաջ մենք Ա. Հովհաննիսյանի հետ այցելեցինք Վարդաշենում, Գուրգեն Մահարի փողոցում, ինչպես նաեւ՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանների անապահով ընտանիքներին: «Օրրանի» նախագահը մանրամասն ծանոթացավ սոցիալապես անապահով այդ ընտանիքների կենցաղին եւ խոստացավ նրանց երեխաներին դարձնել «Օրրան» կենտրոնի շահառուները: Որոշ երեխաների տվյալներ կենտրոնի ներկայացուցիչները գրանցեցին, որպեսզի անվճար հիմունքներով բժշկական միջամտություն ցուցաբերեն, իսկ 7 երեխա ունեցող բազմազավակ մի ընտանիքի համար տիկին Արմինեն խոստացավ հովանավոր գտնել: Ծայրահեղ անապահով այս ընտանիքների ապրելակերպից ազդվելով` Ա. Հովհաննիսյանը բոլորին էլ իր օգնությունն առաջարկեց, որը կլինի հագուստի, սննդի, կրթական կամ առողջական խնդիր լուծելու տեսքով: Ի դեպ, բացի երեխաների խնդիրները լուծելուց, նա նաեւ մի քանի ընտանիքների ծեր մարդկանց աջակցություն ցուցաբերելու առաջարկ արեց: