Նախագիծ ապագա նախագահի համար

08/02/2008 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Մենք նախկինում գրել էինք, որ զարգացող երկրներն ունեն, այսպես կոչված, «հետամնացության առավելությունը», ինչը կայանում է նրանում, որ տեսականորեն կարիք չկա կրկնելու շուկայի զարգացման այս կամ այն հնացած փուլը:

Առաջատար երկրների փորձը մնացած երկրներին թույլ է տալիս մի կողմ դնել անցյալում մնացած որոշումները: Ընդ որում` «հետամնացության առավելությունը» կարելի է կիրառել ինչպես շուկայի առանձին սեգմենտներում` առավել զարգացած երկրների կողմից ստեղծված տեխնոլոգիական նորարարությունների օգտագործման միջոցով, այնպես էլ` ամբողջ երկրում` պետության զարգացման համապատասխան մոդելի ընտրության ճանապարհով: Վերջինս շատ ավելի հավակնոտ ու բարդ նախագիծ է, որի համար առաջին հերթին համապատասխան քաղաքական կամք է հարկավոր:

Հետեւաբար, ամենագլխավոր մարտահրավերը հետապնդող զարգացման բոլոր երկրների համար այն է, թե ինչ արդյունավետությամբ նրանք կօգտվեն «հետամնացության առավելությունից» ու նման շրջանցող մանեւր կկատարեն: Ոգեւորիչ հանգամանքն այն է, որ աշխարհում քիչ չեն նման երկրային նախագծերի հաջող իրագործման օրինակները: Ընդ որում` հաջողության անհրաժեշտ պայմանը, բացի համապատասխան շարժառիթից, նման ծրագրեր իրագործած բոլոր առաջնորդների մտածողության մեջ դոգմատիզմի բացակայությունն է:

Պետք չէ մտածել, թե դոգմատիկ մտածողությունն առկա է միայն սովետական տիպի տոտալիտար համակարգերում: Շուկայական դոգմատիզմն ավելի պակաս չէ, գուցեեւ ավելի շատ է: Այսպես, դոգմատիկ մտածողության ամենավառ օրինակներից մեկը Ֆուկույամայի միամիտ դատողություններն էին պատմության վախճանի մասին: Նա պաշտպանում էր այն թեզը, թե քանի որ ազատական շուկայական տնտեսությունից ավելի լավ ոչինչ մարդկությունն այլեւս չի կարող հնարել, մնացած երկրներին մնում է միայն այն կիրառել ու պատմությունը դրանով իսկ համարել փակված: Թեեւ ինքը` Ֆուկույաման արդեն իսկ հրաժարվել է այդ տեսակետներից, հասկանալով դրանց սխալ լինելը, Արեւմուտքում նման հայացքներ կրողների թիվն ավելի քան բավարար է: Եվ այդ հայացքներն ամենեւին էլ անվնաս չեն: Մասնավորապես, Աֆղանստանի եւ Իրաքի նման երկրներում արեւմտյան ժողովրդավարության մոդելի բռնի ներմուծման ԱՄՆ անհեթեթ փորձն ամբողջովին բխում է նման տրամաբանությունից:

Սակայն, երկարաժամկետ հեռանկարում ավելի լուրջ, եթե չասենք՝ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ շուկայական ֆունդամենտալիզմի քաղաքականությունը, որը որդեգրել է արեւմտյան երկրների մեծ մասը: Չէ՞ որ, եթե շուկայական ֆունդամենտալիզմը` անհագ սպառման իր մղումներով, տարածենք նույնիսկ մոտ ապագայի վրա, ապա կստանանք համաշխարհային աղետ` իր բոլոր դրսեւորումներով: Պատահական չէ, որ Արեւմուտքի առաջադեմ մտածողներն այսօր ուղղակիորեն խոսում են կապիտալիզմի ավանդական մոդելի ճգնաժամի մասին, ինչը միայն խորացնում է անդունդը հարուստների եւ աղքատների միջեւ, դրանով իսկ մեծացնելով ընդհանուր անկայունությունը: Սա ուղղակիորեն վերաբերում է նաեւ մեզ: Մեր «ռեֆորմատորների» ջանքերով մենք ստացանք ԱՊՀ տարածքում բնակչության եկամուտների առումով ամենաբեւեռացված շուկայական տնտեսությունը: Այժմ վիճակը շտկելու համար պետք են նոր բարեփոխումներ եւ լուրջ ջանքեր:

Ուստի, կապիտալիզմի ներկայիս մոդելի պատմական նշանակությունը պետք չէ գերագնահատել: Քանի դեռ ձեզ թվում է, թե երկրային ռեսուրսներն անսպառ են, դուք կարող եք անսահմանորեն զարգացնել ու խրախուսել մասնավոր նախաձեռնությունը` որպես տնտեսավարման ամենաարդյունավետ ձեւ: Բայց երբ աշխարհն էականորեն կզգա այդ ռեսուրսների սահմանափակ լինելը, մասնավոր նախաձեռնությունն անկասկած խստորեն կսահմանափակվի: Աշխարհին այլեւս կհետաքրքրի ոչ թե արդյունավետությունը, այլ կոլեկտիվ գոյատեւումը: Այդ պատճառով, շուկայական տնտեսության ներկայիս նոր ազատական (նեոլիբերալ) մոդելը պատմական հեռանկարում, հավանական է, դատապարտված է:

Ինչ էլ լինի, անկասկած է, որ համընդհանուր եւ ազգային զարգացման խնդիրների հարաբերակցությունը պետք է լինի այս կամ այն երկրի փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում: Առավել եւս, որ ժամանակակից աշխարհում փոփոխությունները կատարվում են հսկայական արագությամբ: Ցավոք, Հայաստանում ոչ մի նման բան չի նկատվում: Հայ տնտեսագիտական միտքը, հազվադեպ բացառություններով, կարծես, քարացած վիճակում է:

Մեկն այն փոքրաթիվ փորձագետներից, որոնք պարբերաբար անդրադառնում են զարգացման խնդրին եւ ձգտում են այդ ուղղությամբ քննարկումներ ձեռնարկել ու իրականացնել, որքան էլ տարօրինակ է, ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն է: «Պետության վերջը» վերնագրով նրա վերջին հոդվածը (տես «Դելովոյ էքսպրես», N2) նվիրված է ՀՀ ապագայի կառուցման խնդիրներին: Տ. Սարգսյանի հոդվածը ներկայիս հայ իրականության վրա մարդկության ցանցային ապագայի վերաբերյալ ժամանակակից ֆուտուրոլոգիական պատկերացումներ կիրառելու փորձ է: Մի կողմից, գլոբալ միտումներն ուղղակիորեն ցուցում են, որ մարդկության ապագան ինքնակազմակերպման ցանցային ձեւերի մեջ է, մյուս կողմից` հայ իրականությունը համաշխարհային առումով գործնականում արդեն իսկ ցանցային է: Ինչպես ասում են, մեղք է դրանից չօգտվելը: Ուրեմն, կարծում է հեղինակը, ընդամենը մնում է այդ համաշխարհային ցանցին հավելել տեխնոլոգիական տարբեր կազմակերպական ձեւեր եւ նրան շունչ ներարկել: Այդպիսով էլ, իրականում, կկատարվի շրջանցող մանեւր եւ կօգտագործվի «հետամնացության առավելությունը», ինչի մասին խոսվեց վերեւում:

Սկզբունքորեն՝ գաղափարը ճիշտ է ու բավականին գրավիչ: Գրագետ մոտեցման դեպքում այդ համազգային նախագիծը կարելի է կենսագործել սեղմ ժամկետներում եւ արդյունքում՝ ստանալ Հայաստանի համար միանգամայն նոր իրականություն` նույն այդ հետարդյունաբերական հասարակությունը: Բայց ինչպե՞ս դա անել:

Մեր կարծիքով, նման մասշտաբի համերկրային նախագծի իրականացումը պետք է դառնա Հայաստանի ապագա նախագահի գլխավոր խնդիրներից մեկը՝ նրա ուշադրությունը բեւեռելով այդ նախագծի վրա: Այստեղ շատ բան կախված կլինի ապագա նախագահի քաղաքական շարժառիթներից, նրա քաղաքական հավակնությունների հորիզոնից, երկրի փորձագիտական հանրության կարծիքն ունկնդրելու եւ նրա հետ աշխատելու կարողությունից:

Ինչ վերաբերում է պետության վերջի մասին հեղինակի թեզին, ապա դա, ավելի շուտ, բանավեճային հնարք է, որը նպատակ ունի սրելու բանավեճը: Եթե խոսենք հարցի էությունից, ապա խոսք կարող է գնալ հանրության կազմակերպական ձեւի փոփոխման համեմատ պետական իշխանության կիրառման ձեւի փոփոխության եւ ամենեւին ոչ պետության վերջի մասին: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ շուկայական տնտեսության մեջ պետության դերն անխուսափելիորեն աճելու է այն պարզ պատճառով, որ ռեսուրսների սղության պատճառով խոշոր բիզնեսի շահերը ավելի հաճախ կբախվեն համամարդկային շահերին: Ռեսուրսների ակնկալվող դեֆիցիտը պետական (գուցե համաշխարհային կառավարության, որի ստեղծումը դժվար չէ կանխատեսել) ավելի մեծ միջամտություն կպահանջի` ռեսուրսների ավելի արդարացի բաշխման եւ շուկայական տնտեսությանն ուղեկցող բացասական երեւույթների չեզոքացման նպատակով:

Չի կարելի չհամաձայնել Տ.Սարգսյանի հետ այն հարցում, որ ապագայում համընդհանուր օրակարգն արմատապես կփոխվի, այդ թվում` պետությունների գործունեության հիմքերը եւ նրանց համակեցության սկզբունքները: Իմ կարծիքով, դրան առավելապես կնպաստի ոչ այնքան անցումը հետարդյունաբերական դարաշրջանին, որքան տարաբնույթ համընդհանուր սպառնալիքները, որոնք սթափեցնող օգտակար ազդեցություն կգործեն բոլորի վրա ու, որպես հետեւանք` կփոխեն տնտեսավարման ներկայիս ձեւը: Մարդկությունը շատ է ընկղմվել մանր ազգային ու միջպետական քաշքշուկներում եւ չի նկատում, որ նավակն արդեն մոտենում է ջրվեժին: