Փորկապությունը եւ այն ամենը, ինչ պետք է իմանալ այս հիվանդության մասին

08/02/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Բժիշկ-գաստրոէնտերոլոգների տվյալներով, աշխարհում մարդկանց մեծ մասը տառապում է այս կամ այն տիպի փորկապությամբ: Շատերն այս հիվանդությանը լուրջ նշանակություն չեն տալիս: Մինչդեռ այն շատ վատ հիվանդություն է եւ պահանջում է լուրջ ու համալիր բուժում: Չէ՞որ երկարատեւ ու քրոնիկական փորկապությունները կարող են պատճառ դառնալ այլ հիվանդությունների: Իսկ այսօր այլ գիտնականներ էլ ուղիղ կապ են տեսնում փորկապության ու հաստ աղիի քաղցկեղի մեջ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները ցույց են տալիս, որ Եվրոպայում հաստ աղիի քաղցկեղն ուռուցքային հիվանդությունների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Մինչ այսօր մասնագետներին չի հաջողվել պարզել, թե քաղցկեղն ինչ մեխանիզմով է առաջանում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հենց քրոնիկական փորկապություն ունեցողների մոտ է հաճախ հանդիպում հաստ աղիի քաղցկեղ: Բանն այն է, որ ամբողջ կյանքի ընթացքում մեր աղեստամոքսային տրակտով անցնում են հազարավոր կանցերոգեններ: Եվ պարզ բան է, որ փորկապության ժամանակ այդ թունավոր նյութերը մնում են օրգանիզմում, ու ինչքան երկար են դրանք մնում, այնքան ավելանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Սա հաստատվում է այն փաստով, որ այդ ուռուցքներն առաջանում են հիմնականում այն մասում, որտեղ հավաքված են լինում կղանքային մասսաները: Այս առումով ռիսկային խումբ են համարվում տարեց մարդիկ: Տարեցտարի օրգանիզմում տեղի է ունենում նյութափոխանակության խանգարում, դիմադրողականության թուլացում, սկսում են հաճախակի փորկապություններ: Եվ այս ամենը հանդիսանում է չարորակ ուռուցքների առաջացման պատճառ: Փորկապության նախանշանները հայտնի են բոլորին: Եթե կղման ակտի հետ կապված դժվարությունները շարունակվում են երեք ամսից ավելի, ուրեմն` հիվանդությունը սկսել է կրել քրոնիկական բնույթ, եւ պետք է ինչ-որ միջոցների դիմել:

Առաջին հերթին պետք է հրաժարվել նստակյացությունից ու ավելի շատ շարժվել: Երբ մարդը քիչ է շարժվում, աղիների գործունեությունը սկսում է դանդաղել: Անհրաժեշտ է օրվա մեջ գոնե 20 րոպե քայլել, զբաղվել լողով ու մարմնամարզությամբ: Պետք է հրաժարվել երշիկից ու թարմ հացից:

Աղիների գործունեությունը կարգավորելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոխել սննդակարգը: Թարմ սպիտակ հացը, թխվածքեղենը, աղի ձուկը, երշիկը, պանիրը, կակաոն նպաստում են փորկապության առաջացմանը: Սնունդը հնարավորինս պետք է հարստացնել բուսական ծագում ունեցող մթերքներով, որոնք հարուստ են բջջանյութով: Ընդ որում` խորհուրդ է տրվում մրգերն ու բանջարեղենն օգտագործել հում վիճակում: Դրանց թվին են պատկանում խոշոր աղացած ալյուրի հացը, վարսակը, ցորենի ծիլերը, մրգերը (ծիրան, խնձոր, չամիչ), բանջարեղենը (գազար, արտիճուկ, ծաղկակաղամբ, եգիպտացորեն, վայրի գազար, բազուկ) ու թարմ կանաչեղենը: Որպեսզի աղիները ժամացույցի նման աշխատեն, օրվա ընթացքում խմեք 8 բաժակից ոչ պակաս կոմպոտ, հյութ, կեֆիր, հանքային կամ սովորական ջուր, որն ամենալավն է ազատում այդ խնդիրներից: Վաղ առավոտյան խմած մեկ բաժակ սառը ջուրն ավելի լավ է ազդում, քան լուծողական պրեպարատները: Իսկ ահա թեյը, սուրճը կամ գարեջուրը նման դեպքերում այնքան էլ օգտակար չեն:

Տեւական սթրեսային վիճակը եւս կարող է նպաստել փորկապության զարգացմանը: Իսկ փորկապությունն իր հերթին խորացնում է նյարդային գերլարված վիճակը: Ոչ մի դեպքում չի կարելի անընդհատ լուծողական պրեպարատներ օգտագործել, որովհետեւ այն գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը եւ նաեւ առաջացնում կախվածություն: Ինչպես նաեւ՝ ընկճում է սեփական կղման ռեֆլեքսը, ինչը բերում է ներծծման խանգարման, դիսբակտերիոզի եւ աղիների բորբոքային պրոցեսների զարգացման: Այն կարելի է ընդունել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Մինչեւ լուծողականների ի հայտ գալը, որպես աղիներ մաքրելու միջոց՝ կիրառվում էր հոգնան: Սակայն բոլորիս հայտնի է, թե այն որքան տհաճ ու անհարմար պրոցեդուրա է, ինչպես նաեւ հաճախակի հոգնաները լվանում եւ մաքրում են օգտակար միկրոֆլորան, նույնիսկ կարող են հանգեցնել աղիների գործունեության պարեզի: Այդ պատճառով այսօր բժիշկները հոգնա նշանակում են խիստ անհրաժեշտության դեպքում` հատուկ հետազոտության կամ աղիների անհապաղ մաքրման դեպքում:

Մարմնամարզություն աղիների համար: Աղիների համար իդեալական տարբերակ է, եթե կղման ակտը տեղի է ունենում առավոտյան նախաճաշից հետո: Հակառակ դեպքում շատ լավ օգնում է աղիների մարմնամարզությունը: Առանց անկողնուց վեր կենալու, ձեռքի ափով մերսեք պորտի շրջանը` ժամացույցի սլաքի ուղղությամբ:

Փորկապության զարգացմանը նպաստում են մի քանի կարեւոր պատճառներ.

– Ոչ հստակ աշխատանքային գրաֆիկը (գիշերային կամ ցերեկային)

– Նյարդային լարվածությունը

– Առավոտյան երկարատեւ քունը

– Կերակրացանկում բուսական ծագում ունեցող մթերքների պակասը

– Մեծ քանակով ռաֆինացված մթերքների օգտագործումը

– Ճարպերով ու սպիտակուցներով հարուստ սնունդը: Դրանք են միսը, ձուն, կաթնամթերքը

– Ֆաստ-ֆուդ կոչվածը

– Սննդակարգում ոչ բավարար քանակությամբ հեղուկը

– Տարբեր տեսակի թեյերի ու սուրճերի չարաշահումը

– Նստակյաց աշխատանքը

– Տարբեր տեսակի դեղամիջոցները։

Քանի որ նման վիճակները հաճախ անխուսափելի են, ապա առաջարկում ենք մի քանի միջոց այն թեթեւացնելու համար:

– Կաղամբի թարմ հյութը հրաշալի արդյունք է տալիս փորկապության դեպքում:

– Իրար խառնել հավասար քանակությամբ մեղր եւ բուսական յուղ: Խմել 1-2 ճաշի գդալ առավոտյան` քաղցած վիճակում՝ որպես լուծողական:

– 50 գր. չամիչը եւ 50 գր. սալորաչիրը մեկ լիտր ջրով եփել թույլ կրակի վրա` մինչեւ հեղուկի կես դառնալը: 1 ճաշի գդալը օգտակար կլինի քրոնիկական փորկապությունների ժամանակ: Օգտագործել երկու ժամը մեկ:

– Խառնել դառը օշինդրի եւ եղեսպակի տերեւները` հավասար քանակությամբ: Մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռջուր, փաթաթել սրբիչով, թրմել 30-40 րոպե ու քամել: Խմել կոլիտի դեպքում` մեկական ճաշի գդալ` ամեն երկու ժամը մեկ:

– Վերցնել բեկտենու կեղեւ, սամիթի մանրացրած սերմ, կտավատի սերմ (4:1:1 հարաբերությամբ): Մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռջուր, 10 րոպե եռացնել գոլորշու վրա, քամել ու ամբողջությամբ խմել: