Մուտքը՝ ըստ ցուցակի

13/05/2005

ԵՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների հետ նախագահի հանդիպումն
ուսանողներից շատերի համար զուտ նախագահին մոտիկից տեսնելու
գայթակղություն էր: 2000-3000 ուսանող ունեցող համալսարանում հանդիպումը
կայացավ 50 հոգանոց դահլիճում: Շատերը դրսում նախագահին էին սպասում, իսկ
ուսանող տղաներն ասում էին, որ իրենք եկել են ընդամենը նախագահին ուղեկցող
ավտոմեքենաները տեսնելու, հանդիպումն իրենց առանձնապես չի հետաքրքրում:
Հարցիս, թե ինչո՞ւ վերջիններս դահլիճում չեն, այլ դրսում են՝
պատասխանեցին. «Մեր համար ամենահետաքրքիր պահն այն է, թե Քոչարյանն ինչ
մեքենայով է գալու, թե չէ ինչ կխոսի՝ այնքան էլ չի հետաքրքրում: Համ էլ
դահլիճում տեղ չկա, մեզ չեն թողել մտնենք ներս»: Ինչպես վկայեցին
ուսանողները, համալսարանի ղեկավարությունը դահլիճ է թողել միայն ընտրյալ
ուսանողներին, ըստ բուհի ղեկավարության կողմից կազմված ցուցակի:
Այդուհանդերձ, նրանց խոսքերով՝ դահլիճում ներկա գտնվելու համար անհրաժեշտ
է ուսանողական խորհրդի կամ դեկանի հետ ծանոթություն մեջ գցել: Ասենք նաեւ,
որ նույնիսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների թույլ չտվեցին մուտք
գործել դահլիճ:

Լ.Ս.