«Անտարես» հրատարակչական հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը` լինելով մասնագիտությամբ մաթեմատիկոս, գրքի շուկան դիտարկում է որպես կոնկրետ եւ համախմբված քայլեր պահանջող ոլորտ։ Եվ այդ քայլերից առաջնայինը համարում է գրքի պրոպագանդան։ Գրողները սովորաբար դժգոհ են ընթերցողներից, իսկ ընթերցողն էլ, որպես կանոն, չի գտնում իր գրողին։ Եվ հրատարակիչը կարող է դառնալ նրանց հանդիպման երաշխավորողը։ Սակայն, ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ամեն ինչ կախված է գիրք գնելու ու գիրք կարդալու կուլտուրայից, որը դանդաղորեն անհետանում է մեր կյանքից։ «Ինչո՞ւ չեն վաճառվում լավ հայերենով գրված ժամանակակից գրքեր» հռետորական հարցին նա պատասխանում է. «Իսկ կարո՞ղ եք նշել որեւէ լավ հայկական ֆիլմ, որը վաճառվում է աշխարհում։ Իսկ տեսե՞լ եք լավ հաճախվող ու բարձրորակ հայաստանյան ներկայացում։ Հիմա կա «7,5» ներկայացման կամ «Շանթով» ցուցադրվող սերիալի պահանջը, ուրեմն` դրանք պետք է ծնվեն։ Շուկան էլ անմիջապես արձագանքում է պահանջարկին»։
Շուկան մենք բոլորս ենք, եւ մենք բոլորս էլ քիչ ենք գիրք կարդում։ Խորհրդային տարիներին գրքերը կոպեկներ արժեին, եւ դա մեծ խաբկանք էր, քանի որ լավ գիրքը չի կարող էժան լինել: Գրահրատարակչությունը մի ոլորտ է, որտեղ բիզնեսի չոր լեզուն կարող է հանդիպել թեեւ ոչ շահավետ, բայց անհրաժեշտ ու գեղեցիկ մտքերի։ Եվ այդ կարեւոր մտքերից մեկն էլ դաստիարակված, ներքին հարստությամբ եւ երեւակայությամբ օժտված սերունդ պատրաստելն է։ Այդ գործում գիրքը կարող է ֆենոմենալ գործընկեր դառնալ։ Չէ՞ որ երեխաների հետ զբոսայգի կամ սրճարան այցելելով, մենք հաճախ պատրաստ ենք լինում գումար ծախսել` նրանց ուրախություն պարգեւելու համար, հաշվի չառնելով, որ գունազարդ ու բովանդակալի գիրքը շատ ավելի ուրախալի իրադարձություն կարող է լինել:
– Հիմա գրախանութներում կարելի է բավականին շատ գնորդներ տեսնել։ Ուրեմն գիրք որոնողներ կան։
– Երեւանում մենք ընդամենը 3 գրախանութ ունենք։ Ասում են, որ մարդիկ սկսել են ավելի շատ այցելել գրախանութներ։ Իսկ պատկերացրեք` որքան կավելանար այցելուների քանակը, եթե մենք միայն մեկ գրախանութ ունենայինք։ Անկասկած, մարդկանց քանակն ավելի մեծ կլիներ։ Հիմա գրախանութները կորչում են մեր քաղաքներից, դառնում են բանկ կամ կոշիկի սրահներ։
– Սակայն նույնիսկ այդ 3 գրախանութներում շատ հաճախ չես կարող հայերեն լեզվով գրված լավ գիրք գտնել։
– Համաձայն եմ, գնելու համար գիրք չկա, քանի որ ընթերցող չկա։ Հենց որ լինի պահանջարկ, լավ գրքեր էլ կհայտնվեն։ Իսկ մեկ կամ երկու գրքի պահանջարկ լինել չի կարող։ Աշխարհում ընդունված է, որ գիրք ասվածն առնվազն 5000 տպաքանակ պետք է ունենա։ Միայն այդ տպաքանակի դեպքում կարելի է հեղինակին, տպագրիչին, սրբագրիչին, նկարչին, թարգմանչին նորմալ հոնորար վճարել։ Եվ միայն այդ դեպքում կարելի է խոսել նաեւ բովանդակության մասին։ Երբ 500 տպաքանակ ունեցող գիրքն արժենում է 500 դրամ, դա նշանակում է, որ հրատարակիչը հեղինակներին վճարել չի կարող։ Շատ հաճախ հրատարակիչը նաեւ խմբագրին ու սրբագրիչին վճարելու հնարավորություն չունի, քանի որ պետք է գումարը խնայի, որպեսզի կարողանա էժան գիրք տպել։ Իսկ էժան գիրքը վատ գիրքն է։ Մարդու՝ գիրք գնելու համար նախատեսած գումարը պետք է հավասար լինի այն գումարին, որով հրատարակիչը պատրաստ է այն վաճառել։ Եվ միայն այն դեպքում, երբ այդ գումարներն իրար են հավասարվում, գիրքը ծնվելու հնարավորություն է ստանում։ Հակառակ դեպքում գիրքը չի կարող ծնվել։ Եվրոպայում գրքերը 20-25 եվրո արժեն, Հայաստանում այդ գումարով գրքեր գնողներ չկան։
– Եվրոպայի բնակիչների աշխատավարձերը բարձր են։
– Դա հասկանալի է, բայց գիրքը չի կարող ավելի քիչ արժենալ. տարբերություն չկա, թե որտեղ է այն հրատարակվում, նրա գինը նույնն է։ Այսօր մեր հանրապետությունում մոտ 500 ընտանիք կա, որոնք 1000 եվրո աշխատավարձով են ապրում, բայց ես չեմ կարող վաճառել 500 գիրք։ Աշխատավարձը չէ միակ խնդիրը, պարզապես այսօր հայաստանցին գիրք չի կարդում եւ չի ուզում վճարել գրքի համար։ Եթե, իրոք, գոնե 500 մարդ պարբերաբար գիրք գներ, այդ դեպքում ես ու մյուս հրատարակիչներն էլ շատ ավելի հարուստ մարդիկ կլինեինք եւ հնարավորություն կստանայինք տպագրել ոչ միայն գրքերը, որոնք վաճառվում են, այլեւ` նրանք, որոնք պետք են։
– Լավ, ինչպիսի՞ գրքեր են գնվում։ Մանկակա՞ն գրականությունը։
– Կամավոր ոչ մի գիրք չի վաճառվում։ Իսկ մանկական գիրքը հիմնականում ոչ թե կարդալու համար է գնվում, այլ՝ նվեր տանելու։ Մանկական գիրքը հիմա բոնբոներկա է դարձել։ Այնպես, ինչպես հյուր գնալուց են բանբոներկա տանում, այնպես էլ գիրք են տանում։ Գունավոր, գեղեցիկ գիրքը հենց միայն նվերի համար է նախատեսված։
– Եթե փորձենք տրամաբանել, ուրեմն Հայաստանում գիրք չպիտի տպագրվի։
– Մենք ունենք գրքեր, որոնք տպագրելով՝ կարողանում ենք գումար աշխատել ու տպագրել այն գրքերը, որոնք, մեր կարծիքով, պետք են։ Մանկական գրքերն, օրինակ, մենք տպագրում ենք շահույթ չսպասելով։ Մեր բալիկները ոչնչով պակաս չեն կարող լինել, ասենք, գերմանացի կամ ռուս բալիկներից, որոնց ծնողները կարող են իրենց թույլ տալ գիրք գնել։ Մեր գրքերն իրենց դիզայնով, տպագրական որակով ոչնչով չեն տարբերվում։ Ապագա ընթերցող պատրաստելը նշանակում է՝ շատ երկարատեւ ներդրում կատարել։ Թեեւ այս 15 տարվա ընթացքում ես դեռ չեմ տեսնում այդ նոր ընթերցողին, ես, միեւնույն է` շարունակելու եմ անել այդ գործը։
– Իսկ ինչպիսի՞ գրքերն են գնվում։
– Կարող են լավ գնվել գողերի մասին պատմող գրքերը։ Ստիպողական գնվող գրքեր կան, օրինակ, դպրոցական դասագրքերը կամ բուհ ընդունվողի համար նախատեսված գրականությունը։ Պարտադիր գրականության շարքին են դասվում նաեւ օրենքները։ Չէ՞ որ, եթե օրենքները չիմանաս, չես կարողանա առաջ շարժվել։ Օրենքների իմացությունը շատ կարեւոր է։ Մեզ մոտ կան լավ օրենքներ, բայց չկա դրանց կիրառությունը։ Փաստորեն, գնվում է այն գրականությունը, որը կենսական անհրաժեշտություն ունի՝ դասագրքերը, ձեռնարկները, օրենքները եւ գ վերջ։
– Ստացվում է, որ բուհ ընդունվելուց հետո մարդն այլեւս չի կարդում։
– Իսկ ո՞վ ասաց, որ բուհ ընդունվողը պետք է միայն շտեմարան կարդա։ Նա ամեն ինչն էլ պետք է կարդա։
– Հրատարակչությունները թերեւս իրենք պետք է գրականության պրոդյուսերներ դառնան։
– Շոու-բիզնեսում ու հրատարակչական ոլորտում աշխատող մարդիկ իրականում նույն գործն են անում։ Հիմա Հայաստանում երեք-չորս հրատարակիչներ կան, որոնք անում են այն, ինչն անում է պրոդյուսերը շոու-բիզնեսում։ Այսինքն, ծնվում է գաղափարը, գտնվում է այդ գաղափարն իրականացնելու համար անհրաժեշտ գումարը, որը պետք է ապրանքը շուկա մտցնելու համար, եւ հետո շուկայից վերադարձվող գումարները նորից կիրառվում են նոր գաղափարներ իրականացնելու համար։ Մենք ամեն օր անում ենք դա։ Ամեն օր գիրք ենք տպագրում։ Թեեւ մեր գրքերը գնողունակ գրքերի շարքում են, բայց ես, որպես հրատարակիչ, դժգոհ եմ։ Նույն գործը ես անում եմ այլ երկրներում, եւ տեսնում եմ, որ Սանկտ Պետերբուրգում աշխատող մեր հրատարակչությունը 2 տարում հասել է այնպիսի արդյունքի, որին մենք 15 տարի աշխատելով՝ Հայաստանում չենք կարողանում հասնել։ Գումարով արտահայտված արդյունքը շատ ավելի տպավորիչ է Մոսկվայում կամ նույնիսկ Տաշքենդում, քան ողջ Հայաստանում։ Ուզբեկներն ավելի շատ են կարդում, քան հայաստանցիները։ Դա այդպես է։
– «Անտարեսը» միշտ մասնակցում է գրքի միջազգային տոնավաճառներին: Իրականում այդ տոնավաճառները ի՞նչ են տալիս մեզ` հայաստանցիներիս:
– Մենք մշակույթ ենք Հայաստան բերում, եւ արդեն բավականին զգալի արդյունքների ենք հասել։ Կարողացել ենք հայերեն գրքերի հեղինակային իրավունքները վաճառել։ Օրինակ, ֆրանսիական մի հրատարակչություն հայերենով տպագրված մանկական «Իմ առաջին խնդրագիրքը», որը մենք ընդամենը 500 տպաքանակով ենք տպագրել, հիմա պատրաստվում է 3000 տպաքանակով թողարկել։ Մենք աշխարհի հետ շփման եզրեր չունենք, չունենք ճանապարհ, փոխարենն՝ ընդամենը 100 կմ երկարություն ունեցող ու ռեալ աշխատող սահման ունենք, մեր հանրապետությունում շատ թանկ են ինտերնետը, հեռախոսակապը, մենք երկաթգիծ չունենք։ Բլոկադան ոչ միայն ցամաքային ճանապարհներին է վերաբերում, այլեւ՝ մտքի ճանապարհին։ Եվ եթե բերվող, հրատարակվող, բազմացվող եւ հրամցվող գիրքը չլինի, կստացվի, որ մենք իրապես կկտրվենք աշխարհից ու կմահանանք։ Իսկ մենք ժամանակին եղել ենք գրքի բնօրրաններից մեկը։ Հիմա ստացվում է, որ փոքր շուկա ունեցող պետությունները միգուցե պետք է անգլերեն կարդալ սովորեն։
– Գրքի հեղինակությունը բարձրացնելու համար ի՞նչ է հնարավոր անել։
– Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի բացումն անում է Անգելա Մերկելը, մինչ այդ անում էին Շրյոդերն ու Քոլը։ Սանկտ Պետերբուրգի գրքի սալոնի բացումն անում է Վլադիմիր Պուտինը, իսկ Վալենտինա Մատվիենկոն օրը երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան էր այցելում սրահ։ Դե, պատկերացրեք, եթե Պուտինը գալիս է, ուրեմն նրա ետեւից գալիս է նաեւ մամուլը, որը, լուսաբանելով նախագահի այցը, նաեւ գիրքն է պրոպագանդում։ Գրքի տոնավաճառներ են այցելում ռուս շատ հայտնի մարդիկ, որոնք գրքի նկատմամբ սեր ունեն։ Մոսկվայում գրքի տոնավաճառների ժամանակ բոլոր վաճառակետերում 200-300 հոգանոց հերթեր են գոյանում, մարդիկ ժամերով կանգնում են նույնիսկ հորդառատ անձրեւի տակ, որպեսզի գրքի տաղավարներ մտնեն։ Գրքի նկատմամբ սերը դրանում է կայանում։ Իսկ դուք երբեւիցե տեսե՞լ եք, որ ՀՀ նախագահը գրքի տոնավաճառներ այցելի կամ նույնիսկ գրախանութ մտնի։ Նախարարներից որեւէ մեկը կարո՞ղ է արդյոք գրքի ցուցահանդես այցելել։ Հասկանում եմ, որ առողջ ապրելակերպի խնդիրներ կան, որ հարկավոր է բացել Մարզահամերգային համալիրը, բայց ո՞վ ասաց, որ մտավոր առողջությունը պակաս կարեւոր է։ Ո՞վ ասաց, որ քաղաքացի դաստիարակելու համար գրադարանի բացումը պակաս կարեւոր է, քան սառցադաշտի կամ վազքուղու բացումը։ Ղեկավարների շարքում միայն մեկ մարդ կար, ով իսկապես սիրում էր գիրքը։ Անդրանիկ Մարգարյանը գնում էր գրախանութ եւ ժամերով այնտեղից դուրս չէր գալիս, նա մասնակցում էր գրքի հետ կապված բոլոր միջոցառումների բացմանը։ Նա գտնում էր, որ դա կարեւոր է, ու խրախուսում էր գրքի ընթերցումը։
– Պետպատվերով հրատարակվող գրքերը կարծես թե բնավ էլ ուղղված չեն գրքի հանդեպ սեր սերմանելուն։
– Մենք գտնում ենք, որ պետպատվերով չի հրատարակվում անհրաժեշտ գրականությունը։ Պետպատվերը շատ սխալ գաղափար է՝ մանավանդ գեղարվեստական գրականության ոլորտում, քանի որ հրատարակիչները չեն կարողանում ազնիվ մրցակցել։ Պետությունը «փչացնում» է շուկան, լավ կլինի, որ պետությունը չխառնվեր այդ գործին, նրա գործը «դրսի» շուկայի համար աշխատելը կամ նեղ մասնագիտական գործեր տպագրելն է։ Պետությունից իրականում շատ բան է կախված, այն պետք է լինի կարգավորող, այլ ոչ թե՝ կողմնապահ։ Բոլորը պետք է պայքարեն արեւի տակ տեղ զբաղեցնելու համար, բայց գործի մեջ գործնական հարաբերությունները պետք է առաջնային լինեն։ Իսկ մեզ մոտ առաջնայինը անձնական հարաբերություններն են։ Վերջիվերջո, առաջընթացը ստիպում է մարդկանց համախմբվել՝ ավելի լուրջ բաներ անելու համար։ Յուրաքանչյուրս էլ կարող է, ասենք, 10 կգ շաքար բերել ու վաճառել, բայց խնդիրը փոքր չարչիությունը չէ, խնդիրը նրանում է, որ մեծ գործերը պետք է համատեղ անել։
– Գիրքը Հայաստանի իմիջը ստեղծելու համար լավ զենք է։ Սակայն այն չի օգտագործվում ու ժանգոտվում է։
– Գործընկեր հրատարակչության հետ համատեղ մենք ուզում ենք հրատարակել «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» գիրքը, որը, կարծում ենք, շատ կարեւոր է։ Ներկայացնելու ենք մեր հանրապետության սիմվոլները՝ զինանշանը, օրհներգը, մայրաքաղաքը, Սահմանադրությունը։ Մենք պետք է կարողանանք մեր արժեքների վրա ուշադրություն դարձնել։ Հիմա մենք, ցավոք, «հայ» բառի վրա ավելի շատ շեշտադրումներ ենք անում, քան «հայաստանցի» բառի վրա։ Եթե ձեզ հարցնեն՝ ո՞վ եք, դուք կասեք՝ հայ եմ։ Չեք ասի՝ հայաստանցի եմ։ Որտեղ էլ որ լինեմ, ես միշտ ինքս ինձ ստիպելով ասում եմ՝ ես հայաստանցի եմ։ Եվ ես ավելի շատ եմ գնահատում այն հույնին, ռուսին, հրեային, ուկրաինացուն, որոնք մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, քան, ասենք, Արգենտինայում ապրող հային, քանի որ, եթե Աստված չանի, պատերազմ սկսվի, խրամատներում հայաստանցի ռուսն է հայտնվելու եւ ոչ թե՝ արգենտինահայը։ Հանրապետությունը շատ ավելի կարեւոր արժեք է, քան ազգությունը։ Եթե լսեք «Հայլուրը», ապա կտեսնեք, որ բոլոր թողարկումներում ասվում է՝ «երկրի նախագահ»։ Մինչդեռ մենք չունենք այդպիսի հասկացություն, մենք ունենք «հանրապետության նախագահ» պաշտոնը։
Հայաստանի իմիջ ասելով՝ մենք նախեւառաջ պետք է փորձենք ուղղել մեր սխալները հենց «Հայլուրից»։ «Հայլուրի» նման սկսում է խոսել նաեւ պետավտոտեսուչը, որը կարգադրում է «քաշել» ավտոմեքենան, քանի որ «երկրի վարչապետն» է անցնում։ Պետականության հանդեպ հարգանքը սերմանել է պետք։ Թուրքիայում, օրինակ, «թուրք» ասելով՝ նկատի ունեն ոչ թե ազգությունը, այլ՝ Թուրքիայի քաղաքացի լինելը։ Զրուցելով նրանց հետ՝ տեսնում ես, որ նրանք զգում են՝ իրենց թիկունքում պետություն կա։ Նույնը Ֆրանսիայում է, Լիբանանում, որտեղ մարդիկ իրենց քաղաքացի են զգում՝ անկախ էթնոսից։ Պետք է հանել մարդկանց միջից «երկրի» գաղափարը ու սերմանել «պետությունը»։ Որտե՞ղ է այդ երկիր ասածը։ Իսկ մեր հանրապետության տարածքը ես հստակ կարող եմ գտնել գլոբուսի վրա։ Այն ունի գույն, ունի սահմաններ, եւ վրան էլ գրված է՝ «Հայաստան»։ Դա է ժամանակակից գլոբուսը, ես էլ ապրում եմ այսօր։ Երբ իմ պետության տարածքը կմեծանա, ես նույնպես կգտնեմ այն գլոբուսի վրա։ Իսկ եթե գլոբուսի վրա չի, ուրեմն՝ չկա։ Դարերի խորքից է դա գալիս։ Մեզ մոտ մաշվել է պետականության գենը, չի օգտագործվել ու վերանում է։ Դատավորը կարող է ասել, օրինակ, որ թքած ունի Սահմանադրության վրա, քանի որ իր համար կարեւորը օրենքն է։ Մինչդեռ հենց Սահմանադրությունը պետք է արժեք համարել:
– Պետությունը` հրատարակիչների հարկերը նվազեցնելով կամ էլ նույնիսկ ազատելով հարկերից, կարո՞ղ է ակտիվացնել գրքի շուկան։
– Ինչի՞ մասին է խոսքը, եթե մեր տետրերը տպագրվում են Թուրքիայում։ Տետրը Հայաստանի սահմանը հատելիս ավելի էժան է, քան թուղթը, որի վրա կարող էր այդ տետրը տպվել։ Դատարկ թուղթն ավելի թանկ է, այն հարկվում է սահմանի վրա, իսկ պատրաստի տետրը չի հարկվում։ Տարեկան 40-50 մլն տետր է գնվում Թուրքիայից, իսկ դա նշանակում է, որ այդքան գումար տարեկան մեր պետությունից դուրս է գալիս, մինչդեռ կարող էր մնալ Հայաստանում։ Պետությունը ոստիկանական քաղաքականություն է իրականացնում սահմաններում։ Այդպես ավելի հեշտ է:
– Իրականում շատ քչերն են իրենց անկախ Հայաստանի քաղաքացի զգում եւ հեռանկարային մտածողությունը համարում են ավելորդ շքեղություն:
– Անկախության գաղափարը ես, օրինակ, հասկացել եմ սեպտեմբերի 2-ին Ղարաբաղում: Ղարաբաղցին նվաճել է իր անկախությունը ու գիտի, թե դա ինչ է:
Ժողովուրդը տոնում է իր անկախությունը, տոնում է իր չարչարանքի, իր պայքարի արդյունքը: Հայաստանցիներն այդպես չեն վերաբերվում իրենց անկախությանը: Ես ղարաբաղյան շարժման մասին չեմ խոսում, այլ` անկախության: Մենք չհասկացանք, թե ինչպես ստացանք մեր անկախությունը, մենք այն պարզապես նվեր ենք ստացել եւ այդ պատճառով էլ չենք կարողանում պատշաճ ձեւով գնահատել: Ղարաբաղում Անկախության օրը պատշգամբներում կարելի է Արցախի դրոշներն ու պաստառներ տեսնել, իսկ այստեղ նման բան չես տեսնի: Սովորական քաղաքացին մեծ Երեւանում դրա կարիքը չունի:
– Գուցե հայաստանցին պարզապես չի սիրում ո՛չ իր կյանքը, ո՛չ իր իշխանություններին, ո՛չ էլ հավատում է պետականության խորհրդանիշներին:
– Ծնողները հիմա ժամանակ չունեն երեխաներին դաստիարակելու, նրանք «հացի» խնդիրն են լուծում, պետությունը դրանով բացարձակապես չի զբաղվում, հարց է ծագում` իսկ ո՞վ պետք է դա անի: Իմ կարծիքով, մեզ պրոպագանդայի նախարարություն է հարկավոր: Գերմանիայում ժամանակին կար Գեբելսը, մեզ, երեւի, նման մի մարդ է պետք: Չէ՞ որ պետականության գաղափարին շատ գերմանացիներ էին հավատում: Ես նկատի չունեմ ազգայնամոլությունը կամ կոմունիզմը, ընդամենը պետության գաղափարի մասին եմ խոսում: Իսկ կայացած պետությունից ավելի լավ բան քաղաքացու համար լինել չի կարող։
– Սովորական մարդը հիմա գնալու է նախագահ ընտրելու, եւ շատերը մտածում են, որ իրենց ձայնը ոչինչ չի որոշելու:
– Եթե մարդն առանց հավատի գնաց ընտրելու, ոչ մի արդյունքի չի հասնի: Եթե նա հավատա, որ իր ձայնը որոշիչ է լինելու, միանշանակ, ոչ ոք չի կարողանա նրա ձայնը կեղծել: Դա հավատի խնդիր է միայն: Սեփական հարեւանի, ծնողի, երեխայի, պետականության նկատմամբ հավատի խնդիր է: Հավատը մեզ մոտ նվազել ու նվաստացել է:
– Լավ գրքեր, միեւնույն է` սպասելու ենք հրատարակիչներից:
– Դա շատ լավ է, ուրեմն՝ գրքերը կծնվեն։