Իրանական երկսեռ, տարբեր ձայներ հանող թակիչները` նախատեսված կանանց ու տղամարդկանց համար, Րաֆֆի Դավթյանի ստեղծագործություններում այլ «դռների» վրա են հայտնվել. «Մարդկային դռներ» նախագծում, որ ներառում է 27 լուսանկարների գիրքը, լուսանկարային ֆիգուրներով ինստալացիաներն ու վիդեոն, մերկ կանայք ու տղամարդիկ իրենց սեռական անդամը ծածկել են իր սեռի համար նախատեսված թակիչով։ Նման երկսեռ թակիչներ միայն Իրանում են եղել, որոնք սկսել են տարածվել 350 տարի առաջ եւ մինչեւ հիմա որոշ քաղաքներում մնացել են դռների վրա, թեեւ դադարել են իրենց սկզբնական` սեռային տարբերակման ֆունկցիան կատարել։ Իսկ նախկինում տան ներսում թակիչի ձայնից իմացել են, թե ինչ սեռի է հյուրը. եթե տղամարդ է եղել, կինը իրեն ծածկել է չադրայով, եթե` կին, տղամարդն է իրեն կարգի բերել։ Թակելիս արականը հանում է՝ ցածր ու խուլ, իգականը՝ բարձր ու զրնգուն ձայն։ Թակիչները շեշտում են իրանական հասարակության երկակի կյանքը, որտեղ մարդիկ դրսի համար զուսպ ու փակ են հանդերձավորված, իսկ տան ներսում` ազատ ու բաց, եւ երբ «դուրսը ««ներս» է գալիս, ներսինները դրսի հանդերձանք են հագնում։ Րաֆֆին ասում է, որ թեեւ թակիչները վերացել են, բայց նրանց գաղափարը մնացել է. դրանց փոխարինում են դոմոֆոնները, եւ ձայնից ներսում իմանում են եկողի սեռը ու համապատասխան հանդերձավորվում։ Իսկ դրսում էլ նույն «թակիչներն» են` տրանսպորտում տղամարդկանց ու կանանց համար առանձնացված տեղերը։ 37-ամյա Րաֆֆի Դավթյանը (www.raffiedavtian.am ) ծնվել է Իրանի Սպահան քաղաքում։ Որոնումները 11 տարի առաջ բերում են արվեստագետին Երեւան, որտեղ ստեղծագործելու ավելի ազատ հեռանկարներ է ստանում, ավարտում է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժինը։ «Մարդկային դռներ» գրքի նախաբանում արվեստաբան Սուսաննա Գյուլամիրյանը գրում է. «Իրանի գեղարվեստական բուհերում, ի թիվս այլ սահմանափակումների, խստորեն արգելվում է բնորդի հետ աշխատանքը, ինչը հակասում էր արվեստագետի անկեղծ հետաքրքրությանը մարմնական ապրումների հոսքի, մարմնի պատկերների, մարմնի` որպես եզակի տարածական միասնության նկատմամբ»։ Այսուհանդերձ, ստեղծագործական աշխատանքի նյութը տալիս է անազատ ծննդավայրը։ Նա հիշում է, որ մանկության տարիներին թակել է այդ թակիչներով՝ եւ մտքով չի անցել, թե ինչու են նրանք տարբեր ձեւի։ Նկատելով, որ տղամարդու թակիչը ֆալոսի տեսք ունի, իսկ կնոջը` հեշտոցի, հայտնաբերել է, որ պահպանողական միջավայրում, որտեղ սեռական օրգաններից խոսելը տաբու է, թակիչները տարբերակելու համար դրանց ուղղակիորեն տվել են սեռական օրգանների ձեւեր։ Գյուլամիրյանը նշում է, որ իրանցի ազգագրագետները շրջանցում են թակիչների նմանությունը սեռական օրգաններին։ Րաֆֆին իր ծրագրի վրա երկու տարի աշխատել է եւ միայն անցած աշնանն ավարտել։ Իրանում գնել է անկրկնելի զարդանախշերով երկսեռ թակիչներ, որոնք ամենաքիչը հարյուր տարվա պատմություն ունեն։ Րաֆֆին ներսի ու դրսի երկակի կյանքը համատեղելով եւ իր աշխատանքներում, ներսի մերկության վրա դնելով դրսի տարբերանշան-թակիչը, մատնում է, որ հասարակությունը ենթագիտակցորեն իր պահպանողականությունը արտահայտել է սեռական օրգաններով։ Համատեղումը ազատագրում է նաեւ սեռերին նահապետական կապանքներից, տղամարդուն` կնոջ նկատմամբ ունեցած, նրա տեսքը տեսնելու միայն իրեն վերապահված իրավունքից, իսկ միմիայն դրսի աչքից մարմինը թաքցնելու օջախի համար ստեղծված թակիչի ձեւը հնարավորություն է տալիս այն օգտագործել տրամագծորեն հակառակ նպատակով` ոչ թե օջախի դուռը թակելով նախազգուշացնելով «փակելու», այլ մարդկային դռներ բացելու համար։ Ֆոտոմոդելներից 11-ը նրա ծանոթներն են, մեկը` պարսիկ, իսկ 16-ը անծանոթներ են, որոնց Րաֆֆին ընտրել է հասարակական վայրերից։ Մի ծանոթ ասում էր, որ մերկ կնարահանվի Հայաստանում, եթե իրեն 100 հազար դոլար տան։ Դժվար էր պատկերացնել, որ այստեղ մերկանալ համաձայնվողներ կլինեն։ Անհնարին թվացող խնդիրը, որ հայ մարդը այստեղ մերկանա ու լուսանկարվի, Րաֆֆին լուծել է ու ոչ մեծ գումարով։ Միայն մի ֆոտոմոդել է պահանջել 1000 դոլար, որից Րաֆֆին հրաժարվել է։ Պատմում է, որ ընտրություն անելիս շատերին է դիմել, բայց ոչ բոլորն են համաձայնել. «Մի աղջիկ մերկանալուց հետո վախեցավ, հրաժարվեց, ասեց` ուզող չի լինի, իսկ մի եվրոպացի սեւամորթ կին էլ հրաժարվեց, ասեց` Եվրոպայում կհամաձայնվեի, այս երկրում՝ երբեք»։ Այսուհանդերձ, համաձայնողները, ըստ Րաֆֆիի, հաճույքով են մասնակցել նախագծին: Մոդելները ծայրահեղություններ են՝ ծերացած ու տձեւ, երիտասարդ ու կատարյալ մարմիններով կանայք ու տղամարդիկ, որոնք ձեռքերով պահելով թակիչները` անբաժան են մնում իրենց սեռից։ Մի քանի լուսանկարներում դժվար է միանգամից որոշել սեռը՝ նրանց տրանսսեքսուալ արտաքինի պատճառով, եւ այն միանգամից իմացվում է թակիչից։ Րաֆֆին պատմում է, որ մարդիկ մերկանալով ֆոտոխցիկի առաջ` սկսում էին անկեղծանալ եւ իրենց կյանքի մանրամասները պատմել։ «Մարդկային դռներն» էլ արվեստագետի անկեղծությունն է սեռական տարբերությունների ու մարմինների նկատմամբ, որ մերկանալու հնարավորություն է ստացել մի երկրում, որտեղ, թվում էր, թե դա անհնար է։
www.armenianow.com