Եվրամիության նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, երեկ ելույթ ունենալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ այս տարի Ադրբեջանում եւ Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները բացասաբար չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների վրա եւ չեն արգելակի դրանք»: «Մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, այդ հիմնախնդրի շուտափույթ լուծում գտնելու կողմերի ձգտմանը: Որեւէ պատերազմի մասին խոսք անգամ լինել չի կարող»,- նշել է նա: «Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է հասկանան, որ որքան արագ լուծվի ղարաբաղյան հակամարտությունը, այնքան ավելի մեծ օգուտ կողմերը կկարողանան քաղել դրանից, եւ այնքան ավելի հաջող կլինի նրանց զարգացումը»,- իր հերթին ասել է Եվրահանձնաժողովի արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: