Դասախոսները ռեֆերատ են գրում

13/05/2005 Արսեն ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ապրիլի 11-ին Երեւանի Պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում
հանրապետության նախագահն ուսանողների հետ հանդիպման ժամանակ մի միտք
արտահայտեց. «Հայաստանում կրթության նկատմամբ կա յուրահատուկ մոտեցում»:
Քայլելով Երեւանի փողոցներով՝ շատերդ նկատած կլինեք այն ցուցանակները,
որոնք բոլորովին այլ բան են ասում: Ռեֆերատներ, կուրսայիններ,
դիպլոմայիններ, մագիստրական թեզեր, անգամ՝ գիտական աշխատություններ. ահա
այն վճարովի ծառայությունների շարքը, որոնք մատուցվում են մեր կրթության
նկատմամբ յուրահատուկ մոտեցում ունեցող պետության մայրաքաղաքում, օրը
ցերեկով, բուհերի շրջակայքում, եւ ոչ մեկը չի արգելում դա: Ի դեպ, նման մի
ցուցանակ էլ փակցված է հենց ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի մասնաշենքի
դիմացի տաղավարներից մեկի վրա, ուր այցելել էր ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանը:

Ցավալին այն է, որ բանուկ փողոցում, բուհի հարեւանությամբ նման
հայտարարությունը ոչ մի կերպ չի անհանգստացնում նույն բուհերի դասախոսական
կազմին, ովքեր միայն անցնելիս քթի տակ ինչ-որ դժգոհ արտահայտություններ են
արձակում, այն էլ՝ գրեթե անձայն:

Եթե լսենք կրթական համակարգի բարելավմանն ուղղված բարձրագոչ ելույթները,
կարելի է կարծել, թե մի երկու-երեք տարի եւս եւ Հայաստանում օրեցօր նվազող
կրթամակարդակը կհասնի բարձունքների: Ցավով պետք է նշենք, որ ՀՀ ոչ մի
օրենքով ամրագրված չէ նման տնտեսական գործունեության անօրինականությունը.
դե՛, ծառայություն է, մատուցվում է, ով ցանկանում է՝ թող օգտվի: Վճարովի
ռեֆերատների, դիպլոմայինների հայտարարության տակ փակցված
հեռախոսահամարներով զանգահարեցի՝ իբրեւ թե ռեֆերատ եմ ցանկանում պատվիրել:
Ինձ պատասխանեցին, որ ռեֆերատների գներն են` 6-8 հազար դրամ,
կուրսայիններինը` 8-10 հազար դրամ, իսկ արդեն դիպլոմային աշխատանքները
գնահատվում են 100-120 ԱՄՆ դոլարի սահմաններում: Այն, որ ուսանողը կարող է
փողով քննություն ստանալ, արդեն ավանդական է դարձել, թեեւ կառավարությունը
մեծածավալ պայքար է սկսել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ` հատկապես
բուհերում: Թերեւս, այս ֆոնի վրա մի քիչ սովորական է դառնում «օրինական»
այս գործարքը: Բայց արի ու տես, որ անգամ գիտական աշխատանքները եւ
թեկնածուական ատենախոսություններն են նման ծառայություններում պատվիրվում,
որի դիմաց պահանջում են 1500-2000 ԱՄՆ դոլար` սակարկելի: Ա՛յ, սա արդեն
լուրջ մտահոգության տեղիք է տալիս, չնայած որ նախորդն էլ պակաս խնդիր չէ:

Փորձեցի պարզել, արդյո՞ք շատ են այս ծառայությունից օգտվողները: Դրա համար
ինձ հարկավոր էր ընդամենը 30 րոպե, որի ընթացքում 4-5 ուսանողներ
պատվիրեցին եւ ստացան պատվերները: Պատահական զրույցի բռնվեցի հենց նոր
կուրսային աշխատանքը ստացած մի ուսանողի հետ: Պարզվում է, որ այս
ծառայության մասին հայտարարությունն արվել է բուհում, ինչ-որ դասախոսի
կողմից: Անմիջապես գնացի մոտակա բուհերից մեկը: Պետք է ուրախությամբ նշեմ,
որ այդպես էլ չկարողացա գտնել մեկին, ով կհամաձայներ իմ փոխարեն գրել
թեկնածուական ատենախոսություն: Սակայն դեռ չէի լքել բուհի տարածքը, երբ
միջանցքներում պարապուրդի մատնված ուսանողները հուշեցին, թե շատ անզգույշ
եմ գործում:

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Մասնագիտական կրթության
վարչության պետ Ռուբեն Գասպարյանը, տեղեկանալով այս գործունեության մասին,
շատ անկեղծ զարմացավ, ապա մատնանշեց նախարարության լծակների
բացակայությունը դրա դեմ պայքարելու գործում ու չմոռացավ նաեւ խստորեն
դատապարտել նման արատավոր երեւույթը: Հետո նախարարության պաշտոնյան այդ
պայքարի գործը բարդեց իրավապահների վրա եւ զրույցի ընթացքում մի
կաշկանդված միտք արտահայտեց, թե նախարարությունը կարող է որեւէ միջոցառում
իրագործել համապատասխան դիմումի կամ ահազանգի դեպքում միայն: Իսկ տվյալ
պայքարում իրենց պատասխանատվության բաժինը չտեսնող եւ իրենց համակարգում
արատավոր երեւույթներին անտեղյակ նախարարության աշխատակիցներին կարող ենք
միայն խորհուրդ տալ՝ ժամանակ առ ժամանակ իջնել ծառայողական մեքենաներից եւ
շրջել քաղաքում:

Ի տարբերություն ԿԳ նախարարության՝ Երեւանի բուհերում խնդրին ծանոթ են:
ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը սա համարում է
շուկայի խելահեղ դրսեւորումներից մեկը: Տնտեսագիտության դոկտորին շատ
ավելի զարմացրել ու զայրացրել էին սիրային նամակագրման վճարովի
ծառայությունները: Այս եւ այլ բուհերում, հարմարվելով իրականությանը,
ուսումնառությունը կազմակերպող պատասխանատուները բացառում են «ձեռքբերովի»
աշխատանքների կենսագործունեությունը, քանզի յուրաքանչյուր ուսանողի հետ
կատարվում են անհատական աշխատանքներ, նշանակվում են ղեկավարներ,
գրախոսողներ եւ, ի վերջո, ուսանողը աշխատանքի պաշտպանության ընթացքում է
ապացուցում կատարման ինքնուրույնությունը: Հայկական Գյուղատնտեսական
ակադեմիայում անգամ աշխատանքներն ընդունվում են ձեռագիր: