Վաղուց հայտնի նորը

06/02/2008

Ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը «Նովոստի-Ազերբայջան» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ԼՂՀ խնդիրը կլուծվի հօգուտ Ադրբեջանի: «Լ.Տեր-Պետրոսյանը մեծ հնարավորություններ ունի հաղթանակի համար, քանի որ հայ ժողովուրդը հոգնել է ներկայիս իշխանությունների ղեկավարությունից: Տեր-Պետրոսյանը շատ հայերի համար վաղուց հայտնի եւ միաժամանակ նոր մարդ է»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ՀՀ հարաբերությունների նորմալացմանը, ադրբեջանցի քաղաքագետը «լավացման հույս» է հայտնել, այդ թվում նաեւ՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Տեր-Պետրոսյանը երաշխավորել է իրեն որպես արեւմտամետ առաջնորդ: Հետեւաբար, նա ՀՀ բոլոր հարեւանների, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների լավացմանն ուղղված արեւմտյան նմուշի ճկուն քաղաքականություն կիրագործի: Այդ դեպքում մենք պետք է սպասենք լուրջ առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` Ադրբեջանի օգտին»,- ավելացրել է նա: Ադրբեջանցի քաղաքագետը նաեւ համոզված է, որ Հայաստանը մոտ ժամանակում «ամբողջովին արեւմտամետ» չի կարող դառնալ, քանի որ, նրա խոսքերով, դրան «լրջորեն խանգարում» է ռուսաստանյան ռազմական բազաների առկայությունը ՀՀ-ում: