Ոչ մի կարճ միացում

06/02/2008

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը, ըստ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, պաշտոնապես վերջնական նախընտրական որոշումը կկայացնի, հավանաբար, այս շաբաթավերջին, իսկ առայժմ խորհրդակցություններն այլ ուժերի հետ կշարունակվեն: «Ուրախ ենք, որ ամեն մեկն իր խոսքն ասում է, իր ենթադրությունը կատարում է, բայց ես կարծում եմ, որեւէ մեկը հիմք չունի «Ժառանգության» անունից հայտարարություններ կատարել»,- «Ազատություն» ռ/կ հետ զրույցում հայտարարել է Ր. Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ վերջինիս ակնարկը վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Արթուր Բաղդասարյանին: Հիշեցնենք, որ Լ.Տեր-Պետրոսյանն ուրբաթ օրը Վանաձորում հայտարարել էր, թե ինքը լուրջ հիմքեր ունի ասելու, որ իրենց միանալու են նաեւ Ր. Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Իսկ կիրակի օրը հրավիրած հանրահավաքում վստահություն էր հայտնել, թե իրենց հանրահավաքին «վաղը կմիանան Լ. Տեր-Պետրոսյանն ու Ր. Հովհաննիսյանը»: Ր. Հովհաննիսյանը` վկայակոչելով կուսակցության կոչը նախագահի 4 թեկնածուներին՝ ասել է նաեւ, թե իրենք թեկնածուներից ակնկալում են ռազմավարության արմատական վերանայում. «ՀՀ-ում անհրաժեշտ է մեծ, երկարատեւ միացում եւ ոչ թե հերթական կարճ միացումը»: