Կիրակի օրն Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ փետրվարի 2-ի ուշ երեկոյան իրեն սպանելու սպառնալիք է ստացել: Թե ո՞վ եւ ինչպե՞ս է սպառնացել, Ա. Բաղդասարյանը չի մանրամասնել` նշելով միայն, որ եթե իր հետ որեւէ բան պատահի, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները: «Ես պատրաստ եմ զոհվել, զոհաբերել իմ կյանքը հանուն Հայաստանի»,- ասել է Բաղդասարյանը` վստահեցնելով, թե իրեն հնարավոր չէ ահաբեկել: Երեկ այս հայտարարությանը անդրադարձել են նախագահի մի շարք այլ թեկնածուներ: «Կարծում եմ` դա նախընտրական տրյուկ է: Եթե նման բան եղել է, կարող էր դիմել իրավապահ մարմիններին: Առավոտյան ես հետաքրքրվել եմ իրավապահ մարմիններից՝ այդպիսի որեւէ դիմում չի եղել»,- հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Իսկ նախագահի դաշնակցական թեկնածու Վահան Հովհաննիսյանը` առանց անուններ նշելու՝ հայտարարել է, թե նրանց համար, ովքեր պատրաստ են զոհվել հանուն հայրենիքի, հրաշալի հնարավորություն կար Ղարաբաղում: Եվ, ի դեպ, միայն նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանն է դատապարտել Արթուր Բաղդասարյանի հետ կատարվածը:
Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ հանձնարարել է ՀՀ Ոստիկանությանը՝ ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նախօրեին Արթուր Բաղդասարյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար: Գլխավոր դատախազությունն այս կապակցությամբ Ա. Բաղդասարյանից գրավոր հաղորդում չի ստացել: