Ուզում է վարչապե՞տ դառնալ

06/02/2008 Կարեն ԲԱԲԱՅԱՆ

Վերջին օրերի նախընտրական զարգացումների քննարկվող ամենաթեժ թեմաները դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ հետո՝ նաեւ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններն այն մասին, որ նրանց միջեւ, արդեն մի քանի օր է, ինչ հնարավոր միավորման շուրջ բանակցություններ են ընթանում:

Եթե մինչ օրս ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը` երկու թեկնածուների հնարավոր միավորման մասին լրագրողների հարցերին խուսափողական պատասխաններ էր տալիս, ասելով, որ ոչինչ չի կարելի բացառել, կամ ակնարկելով, թե հնարավոր է՝ միավորվեն Լ. Տեր-Պետրոսյանի հետ, ապա վերջինս մարզային հանդիպումներից մեկում՝ առաջ ընկնելով դեպքերից, հայտարարեց, թե լուրջ հիմքեր ունի ասելու, որ իրենց կմիանան Արթուր Բաղդասարյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչ խոսք, նրանցից յուրաքանչյուրը նաեւ շտապեց պնդել, որ այդ միավորումը կայանալու է իր անձի շուրջ` չմոռանալով իրենցով անել նաեւ դեռեւս չկողմնորոշված Րաֆֆի Հովհաննիսյանին:

Բանակցությունները նախագահի այս երկու թեկնածուների միջեւ, ինչպես հայտնի է, ընթանում էին դեռեւս աշնան սկզբից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակ: Այն ժամանակ էլ էին խոսակցություններ տարածվում, որ Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ա. Բաղդասարյանի միավորումը «սարերի ետեւում չէ»: Բայց եղավ այն, ինչ եղավ. երկուսն էլ, ինչպես տեսնում ենք, առաջադրեցին իրենց թեկնածությունները: Եվ հենց այս փուլում ոմանց կողմից ջրի երես հանվեց Արթուր Բաղդասարյանի` Ռոբերտ Քոչարյանի «պրոյեկտ» լինելու վարկածը: Այս կասկածներն էլ ավելի էին խորացնում ՕԵԿ առաջնորդի չափազանց տարօրինակ սուր ելույթները, որոնք, սակայն, չգիտես ինչու, ուղղված էին լինում միայն Սերժ Սարգսյանի կամ նրա շրջապատի դեմ: Կասկածները խորացնում էր նաեւ այն, որ Արթուր Բաղդասարյանն ի տարբերություն այլ ընդդիմադիրների՝ լայն «պռախոդ» ուներ որոշ հեռուստաընկերությունների եթերում: Պատահական չէ, որ տարբեր սոցհարցումների արդյունքներով, ՕԵԿ առաջնորդի բարձր ցուցանիշները արմատական ընդդիմությունը հակված էր բացատրել նախեւառաջ Ա. Բաղդասարյանի իշխանական «պրոյեկտ» լինելու հանգամանքով: Սակայն այս վերջին օրերին Լ. Տեր-Պետրոսյանի ճամբարից Ա. Բաղդասարյանի հասցեին հնչող խոսակցությունների տոնայնությունը կտրուկ փոխվեց: Իսկ մինչ այդ ՀՀՇ-ամերձ շրջանակները խոսում կամ հոդվածներ էին հրապարակում այն մասին, որ Ա. Բաղդասարյանը Ռ. Քոչարյանի ստվերային նախագիծն է: Որոշ ժամանակ անց հրապարակումներ եղան, թե Ա. Բաղդասարյանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից` նրան միավորվելու դեպքում՝ վարչապետի պաշտոն է ուզել եւ Ս. Սարգսյանը նրան մերժել է: Կիրակի օրվա հանրահավաքում, երբ Ա. Բաղդասարյանը հայտարարում էր Լ. Տեր-Պետրոսյանին (կամ հակառակը` նա` իրեն) հնարավոր միավորման մասին, հանրահավաքին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ արդեն խոսում էին այն մասին, որ Ա. Բաղդասարյանը Լ. Տեր-Պետրոսյանից վարչապետի պաշտոն է պահանջել: Եվ, թե միայն այդ համաձայնությունը ստանալու դեպքում Բաղդասարյանը կմիանա Տեր-Պետրոսյանին: ՕԵԿ շարքային անդամները երեկ նեղ շրջանակներում խոսում էին նաեւ այն մասին, որ Լ. Տեր-Պետրոսյանն Ա. Բաղդասարյանին համոզելու համար խոստացել է 3 տարի հետո իշխանությունը փոխանցել իրեն:

Ըստ որոշ քաղաքական գործիչների, սակայն, հանրահավաքում հնչեցրած` Լ. Տեր-Պետրոսյանի հետ միավորվելու մեսիջն Ա. Բաղդասարյանը եւս մեկ անգամ հնչեցրել է Սերժ Սարգսյանի համար` փորձելով թարմացնել նրա հետ ամիսներ առաջ ունեցած զրույցը, որպեսզի Ս. Սարգսյանը վերանայի իր որոշումը: Ս. Սարգսյանի թիմում, սակայն, Ա. Բաղդասարյանի թեման` ցանկացած ֆորմատով, փակված են համարում:

Վերլուծաբաններից շատերը դեռեւս աշնանը նշում էին, որ եթե նույնիսկ անտեսվեն թե երիտասարդ Ա. Բաղդասարյանի հավակնությունները եւ թե կրկին իշխանության ձգտող Լ.Տեր-Պետրոսյանի ավանդական անզիջողականությունը, ապա դժվար թե հնարավոր լինի չտեսնելու տալ նրանց թիմերում ի հայտ եկող տարաձայնությունները, որոնք կծագեն Տեր-Պետրոսյան-Բաղդասարյան հնարավոր միավորման դեպքում: Բանն այն է, որ, օրինակ, Լ. Տեր-Պետրոսյանի թիմում եւ ՀՀՇ-ի, եւ ՀԺԿ-ի թեւերը, Ա. Բաղդասարյանի հանդեպ ոչ միայն թերահավատորեն են տրամադրված, այլեւ չեն ընդունում նրան: ՀԺԿ-ականները հաճախ հիշում են 2004թ. ապրիլի 12-ի գիշերը, երբ այն ժամանակվա ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանի թույլտվությամբ ոստիկանները ԱԺ տարածքից հարձակվեցին ցուցարարների վրա: Իսկ ՀՀՇ-ականները չեն մոռանում Ա. Բաղդասարյանի քաղաքական բազմաթիվ կերպարանափոխությունները, այդ թվում` 1998թ. հունվար-փետրվար ամիսներինը: Սա այն դեպքն է, երբ երկու գործիչների հնարավոր միավորումից չեն կարող մեխանիկորեն միավորվել նրանց ընտրազանգվածները: Մասնավորապես՝ ՕԵԿ-ի ընտրազանգվածը, որն, ինչպես ցույց տվեց ՕԵԿ-ի երեւանյան վերջին հանրահավաքը, շատ չի զիջում Լ. Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածին, որը գերակշռող մասով այս կամ այն չափով բողոքական է: Սակայն այն փաստը, որ վերջիններս ի սկզբանե նախընտրել են Ա. Բաղդասարյանին, արդեն իսկ ցույց է տալիս, որ նրանք, մեղմ ասած, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածն էլ չեն: Այնպես որ, հնարավոր միավորման դեպքում այդ ընտրազանգվածն իր համար կամ այլ ընդդիմադիր թեկնածու կգտնի, կամ առհասարակ չի մասնակցի ընտրություններին: Բոլոր դեպքերում` թե միավորվելու, թե չմիավորվելու դեպքում Ա. Բաղդասարյանը ձայներ է փոշիացնելու` եւ՛ ընդդիմությունից, եւ՛ իշխանությունից: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությանը, ապա այստեղ նրան փորձում են օգտագործել որպես ֆոն` կոնկրետ նպատակների հասնելու համար: Ա. Բաղդասարյանը վարչապետ դառնալ է ուզում, իսկ Ր. Հովհաննիսյանը` «երկարատեւ միացում»: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանի թիմում վարչապետի տեղի համար արդեն վաղուց մի քանի հավակնորդներ կան, որոնք ամեն կերպ կխոչընդոտեն նման որոշմանը, քանի որ նրանք արդեն իսկ բավականաչափ զոհողությունների են գնացել նրա կողքին կանգնելով:

Ինչեւէ, թեկնածուներին վերջնական որոշում ընդունելու համար շատ ժամանակ չի մնացել` ընդամենը մինչեւ փետրվարի 9-ը: Չնայած այս ամենին, թե՛ Լ.Տեր-Պետրոսյանը եւ թե՛ Ա. Բաղդասարյանը եթերից շարունակում էին իրենց PR-ը` պնդելով` «այդ Խաչիկյանը ես եմ»: