Դուրս են եկել ԲՀԿ-ից

06/02/2008

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության նախկին քարտուղար Գոռ Խլղաթյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե կառույցի մի խումբ ակտիվիստներ դուրս են եկել կուսակցության շարքերից եւ հայտարարել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Ըստ նրա` համապատասխան հայտարարությունը ստորագրել են ԲՀԿ Ավանի կազմակերպության 10 ակտիվիստներ: Խլղաթյանի խոսքով, սակայն, եւս 300 անդամ «բանավոր հայտարարել են» կուսակցությունից դուրս գալու մասին: «Պարզապես ես հիմա չեմ կարող եւ ինձ թույլ չեմ տա այդ մարդկանց անձերը բացահայտել,- ասել է նա` խոստանալով անունները ներկայացնել առաջիկայում,- Իրավիճակը պարզ է մեր երկրում, մարդիկ աշխատում են եւ մտավախություններ ունեն»: ԲՀԿ Ավանի տարածքային կառույցի ղեկավար Լեւոն Ասատրյանը, մինչդեռ, «Ազատությանն» ասել է, թե Խլղաթյանը կուսակցությունից դուրս է եկել հունվարի 28-ին, սակայն պատճառը «գաղափարական կամ քաղաքական տարաձայնությունները» չեն եղել: «Ոչ մի հայտարարություն չի արել,- ասել է Լ. Ասատրյանը,- Ինքը այդպիսի բան չի ասել, որ կապված է կուսակցության քաղաքականության հետ: Խոսքը գնացել է զուտ ֆինանսական հարցերի շուրջը: Այնտեղ ֆինանս են առաջարկել, այդ մարդիկ գնացել են»: