«Ժառանգությունը» դանդաղորեն կողմնորոշվում է

06/02/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ընդդիմադիր տարբեր բեւեռների միավորման եւ նախագահի մեկ ընդհանուր թեկնածուի պաշտպանելու մասին խոսակցությունները գնալով ավելի որոշակի են դառնում: Օրերս մամուլում հրապարակում եղավ, թե իշխանությունները քննարկում են Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)-Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)-Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն») դաշինք կազմելու հնարավորության հարցը: Մենք փորձեցինք ԱԺՄ-ի շտաբից ճշտել, թե դաշինք ստեղծելու համար Վազգեն Մանուկյանը բանակցո՞ւմ է նշված ուժերի հետ: «Սերժ Սարգսյանի դեմ միայն մի թեկնածու կարող է պայքարել: Դա Վազգեն Մանուկյանն է,- ասաց Վ. Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը: -Վազգեն Մանուկյանը ում էլ միանա, ո՛չ իրեն, ո՛չ էլ նրան ուժ չի տալու: Բայց եթե մյուսները միանան, դա տրամաբանական եւ հզոր ուժ է լինելու: Ես տեղեկություններ չունեմ ձեր նշած ուժերի հետ բանակցությունների մասին: Միայն հստակ կարող եմ ասել, որ ՀՀՇ-ի հետ միավորումը բացառվում է»: «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում ինչպես Վազգեն Մանուկյանի եւ ՀՅԴ-ի, այդպես էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ: «Սակայն անցած օրերին առաջին երկուսը (Վազգեն Մանուկյանը եւ Վահան Հովհաննիսյանը. -Ա.Ա.) հայտարարեցին, որ մինչեւ վերջ գնալու են: Այսինքն` նրանց պաշտպանելու հնարավորությունը փոքրանում է: Եթե հիշում եք` մենք հայտարարել էինք, որ կպաշտպանենք այն թեկնածուին, ում կմիանա նշված ուժերից գոնե մեկը»,- ասաց Հ. Խուրշուդյանը: Հիշեցնենք, որ հունվարի 18-ին «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ նախագահի թեկնածուներ Վ. Մանուկյանին, Ա. Բաղդասարյանին, Լ. Տեր-Պետրոսյանին եւ Վահան Հովհաննիսյանին կոչ էր արել միավորվել եւ «հաղթական համատեղման նպատակով արտակարգ ու լիազոր վերանայում կատարել մեկնարկելիք նախընտրական պայքարի մարտավարության մեջ»: Երեկ Սամվել Շահինյանը վերահաստատեց, որ Վազգեն Մանուկյանը գնալու է մինչեւ վերջ, պայքարը շարունակելու է: «Դա միանշանակ է: Ավելին, ես համոզված եմ, որ մեր երկրի ապագայի մասին մտածող որեւէ ուժ, մեզ մոտ գալուց բացի, այլ ելք չունի: Եվ մենք նրանց կսպասենք: Եթե չգան, մենք չենք սնանկանա, բայց իրենք կսնանկանան»,- ասաց Վ. Մանուկյանի շտաբի պետ Ս. Շահինյանը: Ս.Շահինյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում Վազգեն Մանուկյանը նախատեսում է դահլիճային մեծ հանդիպում անցկացնել իրեն սատարող՝ ՍԻՄ, ԱԺԴ, ԱԺԿ, «Ազգային պետություն», «Ուխտ» եւ ԱԺՄ կուսակցությունների հետ «ազգային ժողովրդավարական դաշտ ստեղծելու համար»: «Էդպիսի բան չկա: Վահան Հովհաննիսյանն իր թեկնածությունը չի հանելու եւ, ինչպես որ հայտարարել է` մինչեւ վերջ գնալու է: Այս պահին բանակցություններ չկան նաեւ Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելու հետ կապված: Պարզապես խոսակցություններ են եղել ընտրակեղծիքների դեմ պայքարող ընդհանուր շտաբ ստեղծելու մասին»,- ասաց ՀՅԴ մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը: Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, դեպքերից առաջ ընկնելով, հայտարարել էր, թե հնարավոր է, որ Արթուր Բաղդասարյանը եւ «Ժառանգությունը» միանան իրենց: «Ես լուրջ հիմքեր ունեմ ասելու, որ մեզ միանալու են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Արթուր Բաղդասարյանը»,- ասել էր Լ. Տեր-Պետրոսյանը: Ա. Բաղդասարյանն, իր հերթին, չէր բացառել, որ նման միավորում կլինի: Իսկ «Ժառանգության» մամուլի քարտուղար Հ. Խուրշուդյանն ասաց, թե նման պարագայում մեծանում է այս երկուսին պաշտպանելու հավանականությունը: Նա նաեւ տեղեկացրեց, որ կուսակցության «հարաբերական մեծամասնությունը կողմ է պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին»: