QUO VADIS? ՅՈ ԵՐԹԱՍ

13/05/2005 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Արտակարգ եւ լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգը` այսպես
կոչված` կոմպլեմենտարիզմը, որը շրջանառության մեջ մտավ 98-ից, օրերս,
հրաժեշտ տալով իր «կնքահայր» Վարդան Օսկանյանին, ոչ եւս եղավ: Այդ
քաղաքական դոկտրինան, որն ի սկզբանե խարսխված էր Արեւմուտքի եւ Արեւելքի
միջեւ հավասարակշռվելու սկզբունքի վրա, վերջին շրջանում իջավ օտար
տերությունների միջեւ անհաջող մանեւրների եւ դիվանագիտական սեթեւեթանքների
մակարդակին: Արդյունքում այն փլուզվեց` առանց բավարար իրագործելու իրեն
վերապահված խնդիրները, որոնք են. ա) պետության ազգային անվտանգության
ապահովումը` հիմնականում կապված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Չնայած
հայկական կողմի ռազմական հաղթանակին, հարցի դիվանագիտական կարգավորումը
մտել է փակուղի, ռազմական վտանգ ստեղծելով եւ՛ Հայաստանի, եւ՛ Լեռնային
Ղարաբաղի համար, բ) երկիրն իր միջազգային գործունեության միջոցով է
ավելացնում քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մյուս բնագավառների
պոտենցիալը: Կոմպլեմենտարիզմը չի ապահովել այս խնդրի լուծումը եւս, գ)
օսկանյանական հայեցակարգը միջազգային ատյաններում եւ կառույցներում չի
կարողացել հասնել պետության դերի եւ հեղինակության ամրապնդմանն ու
բարձրացմանը:

Նշված գերկարեւոր նպատակների ձախողումը ստեղծել է տագնապահարույց
իրավիճակ: Կոնկրետ` Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային ինտեգրացիոն
գործընթացներից: Կոպիտ ասած` բոլոր առումներով մեկուսացվել է՝ զրկվելով
ներկա եւ հետագա կոմունիկացիաներից: Պատմությանը հայտնի են շատ դեպքեր,
երբ մեկուսացված երկրները մատնվել են աղքատության, իսկ բանուկ
ճանապարհների վրա հայտնվածները դարձել են ծաղկուն օազիսներ: Այստեղ չենք
անդրադառնում Վրաստան-Թուրքիա կամ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան կառուցվելիք
երկաթգծերին. այդ մասին բազմիցս գրվել է: Մի կողմ թողնենք
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որի իրագործումը, ըստ մեր պաշտոնական
հաղորդագրությունների՝ պետք է որ տապալվեր: Ավելի մտահոգիչն ապագայի
հեռանկարներն են: «Չնայած տարածքի եւ բնակչության փոքրությանը, Ադրբեջանն
իր վառելիքաէներգետիկ հսկայական ռեսուրսներով ունի աշխարհաքաղաքական
վճռորոշ նշանակություն»: Մեջբերումը ազերիական «Զերկալոյից» չէ: Այն
պատկանում է ժամանակակից ակնառու վերլուծաբաններից մեկի` Զբիգնեւ
Բժեզինսկու գրչին: (Երբ կարդում ես այս տողերը՝ պարզապես անհարմար ես
զգում մեր մասնագետների «պրոֆեսիոնալ» մակարդակի համար, որոնք ազդարարում
էին, թե Ադրբեջանի նավթային պաշարները սահմանափակ են): Զ. Բժեզինսկին, ի
դեպ, կանխատեսում է, որ Ադրբեջանը դառնալու է Միջին Ասիայի «նավթառատ»
երկրներն Արեւմուտքի հետ կապող կարեւոր մագիստրալ: Հարուստ
երեւակայություն պետք չէ ունենալ պատկերացնելու համար, թե ինչ հեռանկարներ
կարող են բացվել Բաքվի առջեւ, որն, ի դեպ, արեւմտամետ ուղղվածությունը
հաջողությամբ զուգակցում է Մոսկվայի եւ Թեհրանի` իր դիվանագիտական
հարաբերությունների հետ: Սկսված հարյուրամյակի նման աշխարհաքաղաքական
ամբիցիոզ ծրագրերին, անշուշտ, անմասն չեն մնա նաեւ Վրաստանը, Թուրքիան,
Իրանը: Իսկ Հայաստա՞նը: Նրա արտաքին քաղաքականությունը ծրագրող եւ
իրագործող պետական այրերը պետք է որ հասկանան. Հայաստանի ներկա միջազգային
կարգավիճակը աշխատում է մեր դեմ: Դրա վերանայման եւ փոփոխման գաղափարը
դառնում է դոմինանտ: Մենք պարտավոր ենք, մենք դատապարտված ենք հաշտվել եւ
նորմալացնել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ Վրաստանի
եւ Իրանի հետ` խորացնել ու ջերմացնել: Եվ որքան շուտ, այնքան` լավ: Առանց
դրա Հայաստանը ոչ միայն ի վիճակի չի լինի լիարժեք ապահովել ազգային
անվտանգությունը, այլեւ կզրկվի իր տնտեսությունը տարածաշրջանային եւ
համաշխարհային տնտեսություններին միակցելու, ապրանքների եւ կապիտալի ազատ
տեղաշարժման, ինֆորմացիոն-տեխնոլոգիական նորագույն նվաճումների եւ
համաշխարհային մշակութային արժեքների հետ հաղորդակցվելու
հնարավորություններից: Հայաստանի արտաքին քաղաքականության մյուս կարեւոր
ուղղությունը մնում է Ռուսաստանը: Չնայած Հարավային Կովկասում ռուսական
ազդեցության նկատելի կոռոզիային, մեր շահերը պահանջում են պահպանել եւ
զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը
հյուսիսային հարեւանի հետ: Դառնալով ԱՊՀ-ին, ընդգծենք, որ պահն է հրաժեշտ
տալ այդ ժամանակավրեպ կառույցին, քանի որ դե-ֆակտո այն արդեն քաղաքական
դիակ է:

Արդ, XXI դարասկզբի աշխարհաքաղաքական, գլոբալիզացիայի եւ ինտեգրացիոն
գործընթացների անկանխակալ վերլուծությունն ապացուցում է, որ Հայաստանի
ապագան հարեւան երեք երկրների հետ Եվրամիության եւ Հյուսիսատլանտյան
դաշինքին լիակատար անդամակցությունն է: Մենք այլ ճանապարհ չունենք:

Ըստ երեւույթին, նման եզրակացության է եկել նաեւ պետության
ղեկավարությունը: Ինչպե՞ս այլ կերպ մեկնաբանել Քոչարյան-Սարգսյան տանդեմի
որոնումներն արտաքին քաղաքականության ոլորտներում, երբ անզեն աչքով իսկ
երեւում է, որ տխրահռչակ կոմպլեմենտարիզմին փոխարինելու է գալիս արեւմտյան
վեկտորը: Ակտիվացվում է Եվրախորհրդի թեման: Պարզվում է, որ մինչեւ
տարեվերջ Հայաստանը կատարելու է այդ կազմակերպության հանդեպ ստանձնած
բոլոր պարտավորությունները, այսինքն, մեր ԶԼՄ-ները լինելու են ազատ,
գործելու են մարդու իրավունքներն ապահովող օրենքները, ժողովրդավարությունը
դառնալու է կյանքի նորմա եւ այլն (հետաքրքիր է, թե հայաստանաբնակների
քանի՞ տոկոսն է հավատում քարոզչական այս կամպանիային): Խաղարկվում է
ՆԱՏՕ-ի խաղաքարտը: Այս առումով ուշագրավ է պաշտպանության նախարարի
հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանը չի քննարկում ՆԱՏՕ-ի հետ
համագործակցության հարցը, որովհետեւ մեր սպառազինությունն արտադրված է
Ռուսաստանում եւ Խորհրդային Միությունում»: Փորձառու քաղաքական գործչի եւ,
փաստորեն, պետության երկրորդ դեմքի այս խոսքերը Բրյուսելի շտաբ-բնակարանի
դիվանագետներին կարող է հուշել միանգամայն այլ գաղափար. «Իսկ ինչո՞ւ
Հայաստանը չի կարող համագործակցել ձեզ հետ, չէ՞ որ դաշինքի Արեւելյան
Եվրոպայի անդամ երկրների սպառազինությունը եւս խորհրդային է»:

Սակայն որքան էլ այսօրվա լիդերները մանեւրեն դիվանագիտական քառուղիներում,
քաղաքական ցնցումների դեպքում՝ որոնց ուրվականը շրջում է Հայաստանում,
կկորցնեն իշխանությունը: Եվ այս պարագայում Ռուսաստանը չի ների
«դավաճանությունը», իսկ Արեւմուտքը չի ընդունի նրանց:

Այսպիսով, կոմպլեմենտարիզմն ավարտում է իր անշնորհակալ առաքելությունը:
Իսկ երկիրը ստանում է ծանր ժառանգություն, որն ընկնելու է ապագա
իշխանությունների եւ ժողովրդի ուսերին: