«Կարեւորը համախմբումն է»

06/02/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախորդ շաբաթ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չբացառեց, որ իրենք կարող են միանալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: Միավորվելու հավանականությունն ՕԵԿ-ականները դրանից առաջ էլ մի քանի անգամ չէին բացառել: Սակայն դրանք ընկալվում էին որպես հերթապահ ու սովորական հայտարարություններ: Բայց փետրվարի 1-ին Վանաձորում այդ մասին հայտարարեց նաեւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչից հետո Տեր-Պետրոսյան-Բաղդասարյան միավորման մասին խոսակցություններն ավելի ակտիվացան: Հիշեցնենք, որ Վանաձորում Լ. Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ ասել էր. «Մարդիկ, ովքեր մտահոգվում են այս երկրի մասին, միանալու են այս շարժմանը: Չի լինելու որեւէ գիտակից մարդ, որ դա չանի: Ես մի քիչ կարող է առաջ ընկնեմ. ես լուրջ հիմքեր ունեմ ասելու, որ մեզ միանալու են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը»: Ա. Բաղդասարյանն էլ փետրվարի 2-ին ասուլիսում հայտարարեց, որ բանակցությունները Լ. Տեր-Պետրոսյանի ու Ր. Հովհաննիսյանի հետ շարունակվում են, որ կարեւորը միավորվելն է եւ կարեւոր չէ, թե ով` ում կմիանա, եւ այլն: Իսկ փետրվարի 3-ին Ա. Բաղդասարյանը Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել: Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորում արված վերոնշյալ հայտարարությունը զգալիորեն մեծացրել էր հետաքրքրությունն այդ հանրահավաքի նկատմամբ, մանավանդ, որ հանրահավաքից 1-2 օր առաջ Ա. Բաղդասարյանը հայտարարում էր, թե հանրահավաքի ընթացքում կարեւոր քաղաքական հայտարարություն է անելու: Անգամ հանրահավաքի օրը, երբ փողոցներում շրջող մեքենաներից բարձրախոսով իրազեկվում էր, որ այդ օրը հանրահավաք է լինելու, դարձյալ նշվում էր, որ կարեւոր հայտարարություն է արվելու: Հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներում էլ նշված կարգախոսը հիշեցնում էր Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական կարգախոսներից մեկը: Սակայն ակնարկվող միավորման մասին հայտարարություն լսելու ակնկալիքով հրապարակ եկած մարդիկ այդպես էլ հստակ բան չիմացան: Ի դեպ, հանրահավաքին մասնակցել են տասնյակ-հազարավոր մարդիկ: ՕԵԿ-ը նրանցից շատերին տարբեր մարզերից ավտոբուսներով հրապարակ էր հասցրել, սակայն, ըստ հանրահավաքի կազմակերպիչների, եղել են նաեւ բազում դեպքեր, երբ ավտոբուսները կանգնեցվել են Երեւանի մատույցներում, ու մարդկանց թույլ չեն տվել մասնակցել հանրահավաքին: «Հայաստանի իշխանությունը խուճապի մեջ է: Դրա կոնկրետ վկայությունը՝ ուղիղ 21 բնակավայրերից ժողովրդին արգելել են մասնակցել այսօրվա հանրահավաքին»,- հանրահավաքի ընթացքում հայտարարել է Ա. Բաղդասարյանը: Նա վստահեցրել է. «բոլոր ճնշողներին պատժելու եւ դատելու ենք»: Իսկ հավաքվածներից շատերին հետաքրքրող՝ Լ. Տեր-Պետրոսյանի հետ միավորվելու հարցի մասին Ա. Բաղդասարյանը հանրահավաքի իր ելույթում, ըստ էության, ասաց այն, ինչ նախորդ օրվա ասուլիսում. «Ես համոզված եմ, որ այս բազմահազարանոց հանրահավաքին վաղը միանալու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են ապրել ազատ երկրում՝ արժանապատիվ կյանքով: Այսօր շատ է խոսվում, թե ով` ում կմիանա: Այսօր կարեւոր չէ, թե ով` ում կմիանա, բայց համախմբումը շատ կարեւոր է: Մենք այսօր գտնվում ենք ակտիվ քաղաքական բանակցությունների մեջ: Մենք դիմում ենք հայրենիքի ճակատագրով մտահոգվածներին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելությունից, ովքեր ուզում են վերջ դնել այս անօրեն վիճակին, պետք է համախմբվել: Ով` ում կհամախմբվի՝ ցույց կտա ժամանակը, ցույց կտան բանակցությունները: Բայց ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացու պատիվ կբերի՝ միանալ մեզ եւ փոխել այս անօրեն համակարգը»: Իսկ ժամանակն այնքան էլ երկար չէ. փետրվարի 9-ը վերջին օրն է, երբ թեկնածուները կարող են հանել իրենց թեկնածությունը: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգությունը» խոստանում է ընթացիկ շաբաթվա ընթացքում վերջապես վերջնական որոշում կայացնել թեկնածուներից մեկին սատարելու մասին: Հայտնի է նաեւ, որ փետրվարի 9-ին Ազատության հրապարակում Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրան աջակցող քաղաքական ուժերի մասնակցությամբ հանրահավաք է կայանալու: Չի բացառվում, որ հնարավոր միավորման մասին հայտարարվի հենց այդ հանրահավաքի ընթացքում: Նման հնարավորությունը երեկ, ըստ էության, չբացառեցին ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Բաղդասարյանի թիմում:

Հ.Գ. ՀՀ Ոստիկանությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքում է փետրվարի 3-ին Ա.Բաղդասարյանի հրավիրած հանրահավաքում ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի այն հայտարարությունը, թե Ոստիկանությունը խոչընդոտել է մարզերից եկող մարդկանց՝ կանգնեցնելով ավտոբուսներն ու իջեցնելով նրանց, որ չկարողանան մասնակցել հանրահավաքին։ Ըստ հայտարարության՝ Հ. Մարգարյանը չի նշել, թե ո՞ր երթուղու, ի՞նչ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոբուսներ են կանգնեցվել, ովքե՞ր եւ ո՞ր պահակակետերում են կանգնեցրել ավտոբուսները, ո՞ր մարզից եկող ՕԵԿ-ի կողմնակիցներին են իջեցրել մեքենաներից, եւ այլն։ «Եթե կան այդպիսի փաստեր, ապա ինչո՞ւ չեն տրամադրվում իրավապահ մարմիններին` համապատասխան ընթացք տալու համար: Ոստիկանությունը հայտարարում է, որ նման փաստեր չկան, դրանք մտացածին են: Նկատենք, որ քարոզարշավի ընթացքում Ոստիկանությունը ստիպված է շարունակաբար հանդես գալ ՕԵԿ-ի, այսպես ասած, «փաստարկների» հերքումով։ Եվ այս անգամ էլ արվել է հերթական` իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը: ՕԵԿ-ը, ըստ ամենայնի, չի կարողացել ապահովել հանրահավաքի մասնակիցների ակնկալվող թվաքանակ եւ ընդամենը 6 հազար համակիրներ հավաքելու իրողությունը փորձում է բացատրել ոստիկանության հորինված «խոչընդոտումներով»: ՀՀ Ոստիկանությունը կրկին կոչ է անում` ոստիկաններին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ եւ արհեստական լարվածություն չհրահրել, ինչը չի բխում հասարակության եւ ընտրողների շահերից։