Երբ երիտասարդության մասին քամահրանքով ենք խոսում, նկատում ենք, որ ժամանակակից երիտասարդները գիրք չեն կարդում, լուրջ հետաքրքրություններ չունեն, հարմարվող են, երբեք իրենց նեղություն չեն տալիս բողոքել իշխանությունների, անարդարությունների, կոռուպցիայի դեմ, անկիրթ են եւ այլն, եւ այլն: Արժե նաեւ մտածել, թե իսկ ինչպիսի՞ն են այն մարդիկ, ովքեր վաղուց արդեն երիտասարդ չեն եւ ովքեր թե՛ իրենց անձնական օրինակով, թե՛ ի պաշտոնե պատասխանատու են, որ երիտասարդները կյանքի հանդեպ այսքան սպառողական, պասիվ դիրքորոշում չունենան: Ովքե՞ր են մեր ժամանակի հերոսները, հեղինակությունները, որոնց անունը, անգամ` նրանց թիկնապահների անունը յուրաքանչյուր երիտասարդի շուրթերին է: Մարդիկ, որոնք իրենց տգիտությունից ու ապաշնորհությունից չեն բարդույթավորվում, մասնակցում են երկրի կառավարմանը եւ, որ ամենավտանգավորն է, իդեալ են շատուշատ երիտասարդների համար: Շատերի, բայց ոչ բոլորի: Մասնավորապես՝ ռեժիսոր, դերասանուհի եւ, ի վերջո, շատ երիտասարդ մի աղջնակի` Լիլի Էլբակյանի համար:
– Լիլի՛, զրույցը սկսենք այսպես` դուք հետեւո՞ւմ եք Հայաստանի ներքաղաքական կյանքին:
– Եթե ասեմ` շատ բուռն հետեւում եմ, սուտ կլինի: Կարելի է ասել` տեղյակ եմ, թեեւ կարծում եմ` արվեստագետին պիտի՛ որ անհանգստացնի իր երկրի քաղաքական կյանքը: Ես, որպես սկսնակ արվեստագետ, հետաքրքրվում եմ, բայց չեմ խորանում:
– Շուտով նախագահական ընտրություններն են: Ծանո՞թ եք` քանի թեկնածու է առաջադրված, ովքեր են:
– Ոչ: Չգիտեմ` քանի թեկնածու կա: Մի քանիսին գիտեմ միայն: Գիտեմ Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վազգե՜ն…ըը… ազգանունը չգիտեմ:
– Թեեւ ձեր հետաքրքրությունների շրջանակից քաղաքականությունն օբյեկտիվորեն դուրս է, ամեն դեպքում, արդեն ունեք ընտրելու իրավունք եւ փետրվարի 19-ին պետք է ընտրություն կատարեք: Որոշե՞լ եք` ում պետք է ընտրեք եւ ինչո՛ւ հենց այդ մեկին:
– Ճիշտն ասած, դեռ չեմ կողմնորոշվել, բայց ում էլ ընտրեմ, պիտի հաշվի առնեմ նրա մարդկային, բարոյական հատկանիշները եւ, թե ինչ տեսիլք ունի ինքը Հայաստանի եւ մեր ազգի ապագայի հետ կապված: Անկեղծ, դեռ չեմ կողմնորոշվել:
– Հաշվի առնելու համար այս կամ այն թեկնածուի բարոյական կամ մարդկային հատկանիշները, պետք է թեկուզ վիզուալ, այսինքն` դեմքով, ճանաչել նրանց, ծանոթանալ նրանց ծրագրերին: Թեկնածուները, ասեմ, ինն են եւ նրանցից յուրաքանչյուրն իր ծրագրում որոշակի խոստումներ ունի նաեւ ուղղված երիտասարդությանը: Ի՞նչ եք կարծում, մեր ապագա նախագահը երիտասարդության կյանքում ի՞նչ կարող է կամ ի՞նչ պետք է փոխի:
– Կուզենայի, որ մեր երիտասարդությունն ունենար բարոյական կոդեքս եւ հետեւեր դրան: Մանկուց ինձ սովորեցրել են` երբ հարվածում են մի այտիդ, մյուս այտդ էլ պարզիր: Նկատի ունեմ քրիստոնեական սկզբունքները: Ես տեսնում եմ, որ բոլորը փորձում են միմյանց տակ փոս փորել, եւ յուրաքանչյուրը մտածում է միմիայն իր անձի մասին: Կարծում եմ` իդեալական նախագահը նա կլինի, ով կմտածի ուրիշների մասին եւ, իր անձը մի կողմ դնելով` կծառայի ժողովրդին եւ ոչ թե ժողովրդին կծառայեցնի իր նպատակներին: Եվ նախագահը պետք է լինի օրինակ բոլորի համար: Եվ այդ ժամանակ ժողովուրդն էլ կծառայի իրեն: Չէ՞ որ ամեն բան փոխադարձ է:
– Ժամանակակից երիտասարդության մասին գնահատականներն այնքան էլ ոգեւորիչ չեն: Ձեր հասակակիցների հասցեին հնչող քննադատությունն ընդունո՞ւմ եք:
– Երիտասարդությունը հիմա, իմ կարծիքով, չունի իդեալներ, չկան անհատներ, որոնց հետեւից պատրաստ է գնալ: Էժանագին բաները, որ այսօր ցուցադրվում են, այդ սերիալները, մյուս հաղորդումները… Մեր երիտասարդությունը կախված չէ գրականությունից, շատ չի կարդում: Թեեւ մութ ու ցուրտ տարիներին չէինք էլ կարող կարդալ: Բայց ես հավատում եմ, որ կգա մի սերունդ, մեզնից հետո, որն ավելի կպած կլինի գրքերին ու կունենա ինչ-որ իդեալներ, որոնց կցանկանան հետեւել: Հիմա կոմպյուտերային դար է, եւ յուրաքանչյուրը փակված է իր մեջ: Սա լուրջ խնդիր է: Չկան մարդկային ջերմ հարաբերություններ, չկա ընկերություն: Այն ընկերությունը, որը եղել է թեկուզ մի քանի տարի առաջ, ես հիմա չեմ տեսնում: Ժամանակը, ճիշտ է, առաջ է գնում, բայց դրանից մարդկային հարաբերությունների որակը չի լավանում: Չգիտեմ, ինձ թվում է` համատարած էգոիզմն է այս ամենի պատճառը:
– Դուք ընտրել եք ռեժիսորի, դերասանի մասնագիտությունը, ինչը Հայաստանի պարագայում փոքր-ինչ անոմալիկ է: Հնարավո՞ր է կյանքի կոչել որեւէ հետաքրքիր գաղափար, միտք` որպես ռեժիսոր: Դերասաններն էլ իրենց մասնագիտական հմտությունը ռեալիզացնում են սերիալներում կամ հումորային հաղորդումներում:
– Ինձ նույնիսկ թվում է, որ այս մասնագիտությունն ընտրել եմ ծնված օրվանից, քանի որ մեծացել եմ թատրոնում, եւ ուրիշ մասնագիտության մեջ ինձ չէի պատկերացնում: Իհարկե, շատ դժվար է, որովհետեւ բոլորս գիտենք, որ թատրոնների վիճակը լավ չէ: Չնայած` կարծում եմ, կգա մի ժամանակ, երբ կլինի արվեստի սով: Այդ սովն արդե՛ն սկսվել է: Մեր մեծերից հետո մի տեսակ անջրպետ է առաջացել, եւ մարդիկ չեն գնում թատրոն: Ավելի հեշտ է նստել տանը, դիտել հեռուստացույց ու չգնալ թատրոն: Համենայնդեպս, ես ու իմ կուրսի ընկերներն ու նրանք, ովքեր հիմա սովորում են, շատ գունեղ ապագա են պատկերացնում թատրոնի համար: Չգիտեմ, որքան է իրատեսական մեր լավատեսությունը, բայց, այնուամենայնիվ… Ես ինքս գլուխս կախ աշխատում եմ, չեմ ընկնում ո՛չ փառքի, ո՛չ որեւէ այլ բանի հետեւից: Ուղղակի սպասում եմ, որ մի օր մարդիկ կունենան թատրոնի կարիքը: Թատրոնն այն տեղն է, որտեղից ասվում են ճշմարտություններ: Գուցե թատրոնում ֆինանսական մեծ հաջողությունների առումով հեռանկարներ չկան, բայց, կարծում եմ, ինչ-որ մի բան իմ ներկայությունը թատրոնում կտա: Գոնե ինձ: Այստեղ ես ինքս եմ լցվում հոգեւոր պաշարով եւ կարողանում եմ ստիպել մարդկանց` մտածել կարեւոր բաների մասին: Սա արդեն լավ է:
– Դուք նշեցիք, որ երիտասարդները գիրք չեն կարդում: Դուք, որքան հասկացա, այն երիտասարդներից եք, որոնք կարդում են: Ի՞նչ եք հատկապես կարդում:
– Ես անչափ շատ եմ սիրում Դոստոեւսկի, Ցվեյգ: Սիրում եմ հոգեբանական գրականություն: Մեծերին եմ սիրում: Հայերից շատ եմ սիրում Գուրգեն Խանջյան: Դե՜, դասականներից` Հովհաննես Թումանյան: Եղիշե Չարենցի համար խելագարվում եմ: Ինձ թվում է, որ բոլորը մարգարեացել են. եթե Դոստոեւսկու, Տոլստոյի գործերը կարդանք, կտեսնենք ոչ միայն մեր ժամանակներն, այլեւ այն, ինչ լինելու է մեզնից հետո:
– Նշեցիք, որ թատրոնում այսօր ֆինանսական հաջողությունների առումով մեծ հեռանկարներ չկան: Եվ, թերեւս, դա է պատճառը, որ դերասաններն այսօր իրենց նետում են շոու-բիզնես, երգում են, պարում, սերիալներում են նկարահանվում:
– Ես շատ վատ եմ վերաբերվում դրան: Ինքս էլ վերջերս նկարահանվեցի Արսենի տեսահոլովակում: Արսենը խաղում է մեր թատրոնում եւ հրաշալի դերասան է: Ինքն իմ ընկերն է, եւ դրա համար էլ համաձայնել եմ իր տեսահոլովակում նկարահանվել: Եթե առիթ լինի, եկեք, նայեք. «Մողեսում» հրաշալի խաղում է: Իսկ նրանց, ովքեր պրոֆեսիոնալ կրթություն են ստացել եւ էժանագին բաներ են անում, ես դեմ եմ: Գուցե իդեալիստական հայացքներ ունեմ, բայց ես ինքս մերժում եմ նման առաջարկները: Արդեն մերժել եմ մի քանի առաջարկներ` խաղալ սերիալներում, ընդ որում` գլխավոր դերերում, խոստանում էին փառք, փող եւ այլն: Մերժել եմ, որովհետեւ հասկացել եմ, որ այդ ամեն ինչն անցողիկ է: Նրանց չեմ մեղադրում. մարդիկ գումար են վաստակում, շատ դժվար է, բայց, իմ կարծիքով, զինվորները նրանք են, ովքեր գնում են մինչեւ վերջ:
– Հոգեբանները հատուկ ուսումնասիրության են ենթարկել դիմակի, դիմակահանդեսների դերը, նշանակությունը: Ըստ այդմ, դիմակահանդեսները, դիմակ կրելը մարդկանց լիցքաթափում է: Մարդիկ դիմակներով իրենց ավելի անկաշկանդ են զգում, ասում են այն, ինչ կդժվարանային ասել առանց դիմակի, անում են այն, ինչ առանց դիմակի երբեւէ չէին անի: Ի՞նչ եք կարծում, մարիոնետների միջոցով ավելի հե՞շտ է ասել ճշմարտությունը:
– Ես ինքս տիկնիկ չեմ խաղացնում, բայց բեմադրում եմ ներկայացումներ, տիկնիկի խոսքերով ավելի հեշտ է ասել ճշմարտությունը, եւ, ընդհանրապես, դերասանը երեւի այն դիմակն է, այն միմոսն է, որը կարողանում է ասել ճշմարտությունը:
– Լսո՞ւմ եք հայկական էստրադա, եւ ովքե՞ր են ձեր սիրելի երգիչները:
– Ես ինքս ռոքի, ջազի սիրահար եմ: Բայց մեր էստրադայից հավանում եմ Անդրեին, Սիրուշոյին:
– Լիլի՛, ձեզ որքանո՞վ են հետաքրքիր ժամանակակից երիտասարդները: Ո՛չ նրանք, որոնց դուք եք ընտրում` շփվելու, բարեկամություն անելու նպատակով, այլ նրանք, ում տեսնում եք փողոցներում:
– Չեմ կարող ասել, որովհետեւ նրանք շատ տարբեր են: Կան խելացի էրեխեք, կան, մեր լեզվով ասած` «քյարթուներ», որոնց լավ չեմ վերաբերվում, քանի որ նրանք առաջնորդվում են գայլային օրենքներով: Ես ինքս խուսափում եմ այդպիսի մարդկանցից: Ճիշտն ասած, մարդու մեջ ինձ համար ամենակարեւորը նրա ընդունած արժեքներն են եւ սիրտը: Գուցե արտաքինից այդպես են, սակայն ներսից ավելի՞ փափուկ են: Գուցե դա նրանց ինքնապաշտպանական դիմա՞կն է: Չգիտեմ: Ես խուսափում եմ այդպիսի մարդկանցից: Եթե կարողանամ, կօգնեմ, բայց նրանց հետ շփվել չեմ ձգտում:
– Դուք նշեցիք, որ սիրում եք ռոք երաժշտություն: Ռոքն ինքը պայքար է, ընդվզում: Սակայն այսօր մեր երիտասարդները մի պասիվ, անզոր զանգված են հիշեցնում, որոնք չունեն պատվեր իշխանություններին, որոնք ի վիճակի չեն իրենց իրավունքները, շահերը պաշտպանելու նպատակով փողոց դուրս գալ, ցույցեր անել եւ այլն:
– Երիտասարդությունը չունի իդեալներ, սկզբունքներ: Ցո՜ւյց… Գուցե ես ինքս էլ համարձակություն չունենայի ցույց անել, որովհետեւ այսօր համատարած անտարբերությունը քեզ չի թողնում համարձակ քայլ անել: Ես կարող եմ ցույց անել իմ թատրոնում, բայց փողոց չեմ կարող դուրս գալ: Ախր, երիտասարդությունը չգիտի՝ ինչ է ինքն ուզում: Բոլորն ինչ-որ բաներ են խոսում, բայց ոչ ոք չունի միասնական գաղափար, դրա համար ես չեմ կողմնորոշվում նախագահի ընտրության հարցում, որովհետեւ չկա մեկը, որին կարողանաս հետեւել: Այսօր ժողովրդին ի՞նչ է պետք, որ նրանք ինչ-որ բանի հավատան: Բայց մեր ժողովրդի մեջ այնքան է կոտրված հավատը, բոլորն այնքան հուսահատված են, քանի որ ղեկավարները խոստանում են եւ իրենց խոստումը չեն կատարում:
– Շատերն իրենց ապագան արտասահմանի հետ են կապում:
– Ես մտածում եմ, ավելի լավ է՝ իմ երկրում սեւ հաց ուտեմ, քան գնամ արտասահման եւ լավ ապրեմ: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Ես գտել եմ այն ուղին, որով կարող եմ ապրել այստեղ: Եվ լավ չեմ նայում այն մարդկանց, որոնք փախչում են իրենց երկրից: Ինքդ քեզնից ոչ մի տեղ չես փախչի:
– Դուք նշեցիք, որ երիտասարդները կոմպյուտերային կախվածության մեջ են: Դուք չունե՞ք կոմպյուտեր եւ ինտերնետում ժամերով չե՞ք կորչում:
– Ես ունեի կոմպյուտեր, բայց այն ուղարկեցի թատրոն, որովհետեւ հասկացա` եթե մտնեմ այդ աշխարհ, դա ինձ հեռու կտանի: Ինձ դա գրավում էր, եւ ես երեկոյան մտնում էր չատ. դա այնպիսի տեղ է, որտեղից ոչ մի կերպ չես ցանկանում դուրս գալ: Այնպիսի տպավորություն է, որ տանը կա ինչ-որ մեկը, որից դու անընդհատ կախման մեջ ես: Ես ազատության կողմնակից եմ, եւ երբ ինձ կոմպյուտեր է պետք լինում, գալիս եմ թատրոն:
– Դուք զրույցի ընթացքում մի քանի անգամ նշեցիք «ճշմարտություն» բառը: Իսկ, ըստ ձեզ, ի՞նչ է ճշմարտությունը:
– Ճշմարտությունը միանշանակ Աստված է: Ինձ համար ամենակարեւոր սկզբունքը սա է՝ սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ: Այս պատվիրանի մեջ կան բոլոր պատվիրանները: Ես չեմ կարող ասել, թե գնահատելով այս պատվիրանը՝ ես այն կատարում եմ: Բայց ես ձգտում եմ այն կատարել: Սերը շատ հարցեր է լուծում: Եթե դու սկսում ես սիրել թշնամուդ, լուծում է լինում: Գուցե բարձր է հնչում, չէ՞, բայց, հավատացե՛ք, այդպես է…