Պաշտոնական Թբիլիսին հնարավոր բոլոր ճանապարհներով ձգտում է դեպի Եվրոպա, այնտեղ, ուր ՆԱՏՕ-ն է, ռազմական ալյանսը, որը կպաշտպանի նրա շահերը, եւ որտեղ լավ կյանքն է, ինչին Վրաստանը սովոր է դեռ Ստալինի ժամանակներից:
Դա շատ գովելի է, քանի որ Եվրոպայում կարգուկանոն կա եւ բարեկեցիկ կյանք, այն ամենն, ինչ չկա եւ մոտակա տասնամյակներում չի լինի Վրաստանում: Եվ այն թատրոնը, որ նրանք խաղում էին ռուսների հետ, հույս ունենք` չի անցնի ո՛չ ամերիկացիների, ո՛չ եվրոպացիների, ո՛չ էլ Ռուսաստանի ներկայիս ղեկավարության հետ: Այժմ նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանը իբրեւ տարածք. բոլշեւիկները Ստալինի գլխավորությամբ այնտեղ ստեղծել էին Խորհրդային Կայսրության փոքրիկ մոդելի պես մի բան, ընդ որում` հանրապետությունը դաշնային չկոչելով: Ի դեպ, ուշադրություն դարձրեք ներկայիս Վրաստանի պետական խորհրդանիշին` հինգաստղանի պետական դրոշին, որը ներմուծել է տարածաշրջանի առաջին ժողովրդավար Սահակաշվիլին: Ի՞նչ է նշանակում խորհրդանիշ-դրոշը: Դա խոսում է այն մասին, որ այստեղ քրիստոնյա ազգեր են կամ տարածքներ` միավորված քրիստոնյա ժողովրդի կողմից: Սակայն մենք գիտենք նաեւ, որ աջարները, որոնց համառորեն ձուլել են դեռ խորհրդային տարիներին, եւ հիմա էլ նույնը շարունակում է պաշտոնական Թբիլիսին (ուր ասես, որ նրանց չեն տեղահանել Վրաստանի տարածքում, որպեսզի կտրեն արմատներից), մահմեդական են: Իսկ Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածքներում աջարները միակ մահմեդականները չեն:
Բնականաբար, հարց է ծագում` ի՞նչ ասել է՝ վրաց ժողովուրդ: Ովքե՞ր են վրացիները: Օրինակ` մեգրելները վրացի՞ են: Կամ աբխազնե՞րը: Կամ էլ հայերը վրացի՞ են: Իսկ օսե՞րը: Իսկ ադրբեջանցիներն ու քրդե՞րը: Ի՞նչ մանիպուլյացիաների ասես, չեն դիմում հնարամիտ վրացական իշխանությունները` պահպանելու համար իրենց փոքրիկ կայսրությունը, մնալու համար իրենց կողմից շահագործվող ժողովուրդների վզին, գործընթաց, որ սկսվել էր դեռ խորհրդային տարիներին, երբ «ժողովուրդների բարեկամության» դեմագոգիան թույլ էր տալիս թաքնվել կոմունիստական կարգախոսների ներքո: Այսօրվա Վրաստանի իշխանություններն ուզում են շարունակել իրենց պորտաբույծ ապրելակերպը: Այսօրվա Վրաստանի պատմական ժառանգությունը բավականին տխուր է, եւ դժվար թե այդ ազգերից որեւէ մեկը հավատա պարոն Սահակաշվիլու քաղցր-մեղցր ելույթներին: Այժմ բուն հարցազրույցի մասին: Երբ երկիրը չունի իրական արժանիքներ, երբ պետք է մնալ իշխանության գլուխ, երկրի ղեկավարը հարմար ու պատկերավոր քայլ է անում` խոսելով այն մասին, թե ինչքան լավն են իրենք եւ առաջադեմ` տարածաշրջանի մյուս «հետամնաց» երկրների համեմատությամբ: Այսպես դրսեւորեց իրեն նախագահ Մ. Սահակաշվիլին «Եվրոնյուզին» տված վերջին հարցազրույցի ժամանակ` դրանով արժեզրկելով ժողովրդավարության ըմբռնումը, քանզի դա կարող է ընկալվել որպես ոչ բարեկամական ժեստ (արդեն ո՛րերորդ անգամ արված) տարածաշրջանի մյուս բոլոր երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաեւ՝ չճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հանրապետությունների կողմից: Այնինչ, այդ երկրներից յուրաքանչյուրն իր խնդիրներն ու ձեռքբերումներն ունի, իսկ Սահակաշվիլին անտակտորեն խցկվում է դրանց մեջ: Օրինակ, Թուրքիան արդեն բազում տարիներ ձգտում է հասնել իր ռազմավարական գլխավոր նպատակին` դառնալ Եվրամիության անդամ: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սահակաշվիլին ուզում է կրկին «բարեկամություն անել» Ռուսաստանի հետ, իր ավանդական ապրանքները հանել ռուսաստանյան շուկա, որ արդեն գերհագեցած է գինիով, այն էլ` միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան որակի: Ի դեպ, վրացական գինու մասին «առասպելը» նույնպես ընկեր Ստալինի հորինածն էր: Եթե «ժողովուրդների հայրը» խմում է, ուրեմն այն լավագույնն է աշխարհում: Ահա այդ պատմության եւս մի պարադոքս եւ ավատիզմ: