«Մի արատավորեք նվիրյալներին»

06/02/2008

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը շաբաթ օրը տարածել է «Հատուկ գնդի» վետերանների միության հայտարարությունը, որտեղ վերջիններս մասնավորապես Արտաշես Գեղամյանին կոչ են անում՝ «վեր չբարձրանալ» ազգային արժեքներ ոտնահարելով եւ մյուսների հասցեին «ցեխ շպրտելով»:

«Հարատեւման ճանապարհին հայ ժողովուրդը միշտ եղել է իրատես, ճիշտ կողմնորոշվող… հազարամյակներ ի վեր մեր ազգը գոյատեւել է իր ամրակուռ հոգեւոր արժեքների շնորհիվ: Մենք ուժեղ ենք մեր ճկուն բանականությամբ, մարտունակ մտածողությամբ, ինչպես նաեւ ազգային, հոգեւոր արժեքները գնահատելու կարողությամբ: Մինչդեռ այսօր աղավաղվում, ոմանց կեղծ ազգասիրության քողի տակ ոտնահարվում են ազգային հարատեւ արժեքները… Բնական է, նախագահական ընտրությունների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր ունեն հակադիր, երբեմն չափազանց ծայրահեղ մոտեցումներ, ծրագրեր, ինչով եւ փորձում են պղտորել հասարակական մթնոլորտը` չգիտակցելով, որ այդպիսով ապակողմնորոշում են ժողովրդին: Սա խիստ անընդունելի է. պայքարը պետք է ունենա տրամաբանական ընթացք եւ ավարտ, լինի քաղաքակիրթ, արժանապատիվ` նույնիսկ դիմադրության դեպքում: Երբեւէ չպետք է թույլ տալ, որ ոմանք «հեղինակություն» ստեղծեն կամ «հարգանքի» արժանանան ստեղծված արժեքների նսեմացմամբ: Վերջին օրերի միտինգային ելույթներում ամբոխավարությամբ եւ ազգախաբությամբ զբաղվող որոշ մարդկանց հնչեցրած անհարկի արտահայտություններ լուրջ մտահոգություն եւ վրդովմունք են առաջացրել ազատամարտիկների, մասնավորապես՝ «Հատուկ գնդի» վետերանների շարքերում. մարդիկ, ովքեր իրենց ներդրումն ունեն պետականության կայացման գործում: Տեղի-անտեղի շահարկվում է նաեւ Վազգեն Սարգսյանի անունը, նրա եւ նրա ընտանիքի հասցեին հնչում են անհարգի արտահայտություններ: Խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածու, պարո՛ն Արտաշես Գեղամյան, Ձե՛զ. դո՛ւք, որ ունակ եք եւ ձգտում եք վեր բարձրանալ ազգային արժեքներ ոտնահարելով, մյուսների հասցեին ցեխ շպրտելով: Հարկ է հիշեցնել, որ հաղթող երկրի ու բանակի Սպարապետը` այդ նույն Վազգեն Սարգսյանը, որի անմար հիշատակը ցանկանում եք նսեմացնել եւ որի անգնահատելի ջանքերի շնորհիվ է, որ ազգն այսօր մտածում է ոչ թե պատերազմելու, ազատագրվելու, այլ զարգացման, բարեկեցության մասին, ունի մարտական փառավոր անցյալ: Ի վերջո, ազգային, հոգեւոր արժեքները կասկածի տակ առնելը կամ ոտնահարելը Աստվածահաճո գործ չէ… Այդ կերպ ե՞ք պատկերացնում առաջնորդել, համախմբել ժողովրդին: Այդպես կարելի է միայն պառակտել: Թող հակադրվեն գաղափարներն ու սկզբունքները, սակայն ազգայինն ու ժողովրդականը պետք է մնան անձեռնմխելի` որպես մասունք: Ժողովուրդն է գնահատական տվողը: Իսկ ժողովուրդն արդեն տվել է իր գնահատականը` Վազգեն Սարգսյանին կոչելով Սպարապետ: «Հատուկ գնդի» վետերանները դիմում են բոլոր քաղաքական ուժերին եւ անհատներին` եղեք խոհեմ ու ազնիվ, ձեր քաղաքական ելույթներում մի փորձեք արատավորել ժողովրդի նվիրյալների արժանապատվությունը, մանավանդ, երբ անուրանալի է նրանց սուրբ գործը»: