Ու գտնում է. «Հես ա` «Իմ ծոցում ծվարած իմ գառնուկ» (թե ինչպես էր
ամուսինը գիշերվա կեսին քշում, որ սիգարետ ճարի.- Վ.Ի.) «Իմ գող ձեռքը»
(իր արած մի քանի գողությունների մասին.- Վ.Ի.), «Արաբական
խոստովանություն» (մարդասպան կնոջ հետ լուսացրած մի գիշերվա պատմություն-.
Վ.Ի.), «Ամանորյա կաթված» (թե ինչպես է նախկին ամուսինը խաբում, թե փող
կտա, ու հետը լինում.- Վ.Ի.), «Մագնիսե խաղաթղթեր» (մի գիշեր, երբ իրար
հետեւից երկու տղամարդու հետ եղավ.- Վ.Ի.), բռնաբարության պատմվածքը չեմ
գտնում, հետո կգտնեմ կտամ»։ Հետո գտնում է «Ինձ սպանել չի կարելի»
պատմվածքը, որտեղ նկարագրում է, թե ինչպես մեկը մկրատը դրեց կոկորդին ու
ստիպեց բավարարել։ Պատմվածքները ձեռագրով են՝ աշակերտական տետրերի մեջ ու
տարբեր թղթերի վրա։ Իրար խառնված պատմվածքները ճզմված կողովի մեջ՝ իր
կյանքի նման ճզմված ու չդասավորված։
39-ամյա Գոհար Նիկողոսյանը ծնվել է Երեւանում, ավարտել է Համալսարանի
բանասիրական ֆակուլտետը։ Մանկությունից գրել է։ Առաջին գիրքը՝ «Հրաշք
պահեր», հրատարակել է 2002 թվին։ Այն մանկության հիշողությունների ու
երազների խառնուրդ է։ Իր առաջին շրջանի գործերը, որ դասական հայ
գրականություն է անվանում, նա արդեն չի հավանում. «100-ի չափ երազներից
քամված պատմություններ են։ Հետո տեսա, որ ճահճանում եմ, կյանքը ավելին ա,
քան երազը։ Երազի հույսին մնաս՝ ավելի լավ ա չապրես»։ Իսկ ապրածը, որ նրա
պատմվածքների անսպառ աղբյուրն է, նախկին երազներով գրվածների ենթատեքստերի
բանալիներն են ու թեմաներ, որոնք երբեք մուտք չեն գործել հայ
գրականություն։ Ձեռագրերից հոտ է գալիս, խոնավության հոտ, որ կպել ու չի
անցնում։ Խոնավության մեջ են Գոհարի շորերը, անկողինը։ Սարի թաղում նրա
բնակարանը ավելի շատ բնի է նման, փողոցից աստիճաններով իջնող փոսի մեջ, որ
ոչ զուգարան ունի, ոչ՝ ջուր։ «Ով գալիս ա հյուր, շռցնում ուղարկում եմ,-
ծիծաղելով ասում է Գոհարը։- Ես քեզ մի գարշոկ կտամ, կանես կթողնես, ես
դուրս կգամ, հետո կգամ, կտանեմ կթափեմ։ Մենակ շուտ կանես, որ դուրսը
չսառեմ»։ Տունը չի տաքացվում, փոքրիկ, մանկական կուբիկի չափ էլեկտրական
պլիտան չի կարող չորացնել ձմեռային խոնավությունը, որ հողե պատերի մեջ
մտնում ու դուրս չի գալիս։
97 թվից նա այստեղ է ապրում, երբ բաժանվեց ամուսնուց ու նրանից ստացավ այս
բնակարանը։ Երկու զավակները մնացին ամուսնու մոտ։ Սկզբում Էրեբունու
թաղապետարանը (Սարի թաղը, որտեղ ամուսնու ընտանիքն է, այդ թաղամասում է)
որդուն թողնում է հոր մոտ՝ պատճառաբանելով, թե Գոհարը չունի բավարար
բնակարանային ու տնտեսական պայմաններ երկու երեխաներին պահելու համար։
Որդուն ստանալու համար նա դիմում է դատարան, սակայն դատարանը նրա հայցը
անհիմն է համարում։ Գոհարը մնում է դստեր հետ, սակայն մի տարի անց,
չկարողանալով նրան պահել, հանձնում է հորը։
Գոհարի ամուսնությունը լինում է սովորական հայկական սցենարով, կույս պահած
աղջկան ծնողները տալիս են կնության. «Մերոնք էլ էին ահավոր պահպանողական,
նրա ծնողներն էլ, որ մինչեւ ամուսնությունը լինեինք, ինձ չէին ընդունի,-
պատմում է Գոհարը,- ամուսնության հաջորդ օրը կարմիր խնձորը տեղը տեղին
ուղարկեցին մերոնց։ Մի շաբաթ բարեկամներին ու հարեւաններին ցույց էին
տալիս սավանը՝ կուսության հետքերով։ Հյուր որ գալիս էր, սավանը փռում,
ցույց էին տալիս, հետո գարդիրոբի մեջ փակում ու գնում հաց ուտում։ Ես չէի
տեսնում, կողքի սենյակում էի, պռոշ արած՝ լաց էի լինում։ Ես նրա երկրորդ
կինն էի, բայց տասներորդն էլ լիներ, պիտի կույս ուզեր։ Բայց եթե կույս էր
ուզում, ինչի՞ էր իմ հետ տենց վարվում»։
Ամուսնության տարիները նույնպես չեն տարբերվում որոշ ընտանիքներից, որտեղ
կինը միայն երեխա բերելու գործարան է ու ամուսնու քմահաճությունների
գերին։ Միայն այս դեպքում կինը, պարզվում է, գրող էր լինելու ու գրելու էր
ամուսնու դաժանությունների մասին՝ բոլոր այն հայ կանանց փոխարեն, որոնք
լուռ տարել էին ընտանեկան նվաստացումները։ «Իմ ծոցում ծնված իմ գառնուկ»
պատմվածքում նկարագրում է, թե ինչպես էր ամուսինը իրեն ստրկացնում. «Գնա
իմ համար սիգարետ ճարի,- հրամայեց։ Երեխեքը փեշիցս կպան։ Հենց չափալախեց,
գլուխս զնգաց, լացեցի։ Երեխեքը սուր ձեն կապեցին։ Ինձ գցեցի սկեսուրենցս
տուն՝ փոքր տեգորիցս մի հատիկ սիգարետ խնդրեմ։ Տվեք ինչ կլինի։ Սկեսուրս
բացեց իր անեծքների կապոցը, թե ինչ կնիկ եմ, որ մարդուս սիգարետ չեմ
ստեղծում, վազեց մեր տուն, որ ամուսնուս բարկության վրա յուղ լցնի, իսկ
տեգրս խնդաց՝ չունեմ»։ Հետո լսում է սկեսրոջ ձայնը, որ երեխաներին ասում
է. «Գյուղից թազա, խելոք մամա բերենք, սրան սիքտիր անենք»։ Իսկ ամուսինը
դուրս է անում՝ պահանջելով. «Մինչեւ սիգարետ չճարես, չշշկռվես-տուն գաս»։
Կինը գիշերվա երկուսին Սարի թաղի խուլ փողոցներն է ընկնում սիգարետ
ճարելու, իսկ երբ երկու ժամ անց ձեռնունայն վերադառնում է, զարմանում է,
որ ամուսինը չի ծեծում։ Իսկ հետո որդին խնդրում է. «Մամ ջան, դու փախի,
գնա կորի, որ քեզ չծեծի, ես ու Լիլոն խնդրեցինք, որ քեզ չծեծի։ Մյուս տարի
դպրոց կեթամ, կմեծանամ, կգամ քեզ կգտնեմ։ Հեքիաթների ազդեցությունն էր։
Այնքան շատ եմ պատմել, որ խեղճ երեխան հավատում է՝ եթե կորեմ, հեշտ
կգտնվեմ»։ Ամուսնալուծվելուց հետո Գոհարը չի կորչում: Պատմում է, որ հիմա
հաճախ գնում է դպրոցի դիմաց կանգնում է, որ երեխաներին բարեւի, որդին չի
բարեւում ու անտարբեր մոր կողքով անցնում է, իսկ դուստրը բարեւում ու մի
քանի բառ փոխանակում է։ Մինչ ամուսնալուծությունը Գոհարն ինքնուրույն
կյանք չէր ունեցել, եղել էր սկզբում՝ ծնողների, հետո՝ ամուսնու
հսկողության տակ։ Ընտանեկան բանտից նա ընկնում է մի աշխարհ, որի
օրենքներին անտեղյակ էր։ Պիտի ինքնուրույն կարողանար փող աշխատել ու իր
գոյությունը պահել։ Ծնողները եղբոր անհաջող բիզնեսի պատճառով քաղաքի տունը
ծախել էին ու գյուղ տեղափոխվել, ամուսնացած քույրերը հազիվ իրենց էին
պահում։ Որոշ ժամանակ աշխատում է մատուցողուհի, բայց գործատուներին ջահել
աղջիկներ էին պետք, իսկ ինքը արդեն մեծ էր, ու գործը կորցնում է, աշխատում
է հավաքարար, աման լվացող, հայերենի մասնավոր դասեր է տալիս երեխաներին
(մի դասը՝ 200 դրամ)։ Մի քանի տարի խանութներից 15 դրամանոց հնացած հաց էր
գնում։ Մի տեղ գրում է. «Չորացած հաց եմ կրծում, բայց երբ բոլոր ատամներս
միանգամից գժվում են, հարեւանից պարտքով օղի եմ բերում, սոված փորիս
ողողում ատամներս …ու հարբում» («Պարապ վարսահարդարի ու Էլթոն Ջոնի
շնորհիվ ծնված մի սիրո մասին»)։ Նույն պատմվածքում նկարագրում է
հիվանդությունները. «Լնդախտս, գանգրենաս (երկու տարի ոտքերի եղունգները
վերքերի մեջ էին.- Վ.Ի.), հոգեկան խանգարումներս, անտեր, քուչի շան պես,
ինքս բժշկեցի, երբ պատռում էի ոտքիս մսերը եւ մեջը յոդի ամաններ
դատարկում, երբ մի քիչ էլ յոդից խմում էի, որ զոբս լավանա, երբ քաշում էի
ցավացող ատամներս, բժշկի փող չունենալուց, երբ պատառոտված, մինչեւ վերջ
կախված սեռական օրգանս լվանում ու դասավորում էի որովայնիս մեջ, երբ
տեսիլքները հեռացնում էի ինձնից, երբ 1000 անգամ ինքս ինձ ասում էի. «ես
շատ առողջ եմ, ես շատ երջանիկ եմ»։
Ինչ չէր գտել ամուսնական հարկի տակ, հիմա է փնտրում՝ սեր, մի սիրելի
տղամարդ, որ իրեն տեր կկանգնի ու կպաշտպանի, ինչպես ինքն է գրում՝
«իմպռտնի զգացմունք՝ փոխադարձ սեր»։ «Աշխարհի իմ փայ Առնոլդ Շվարցնեգերը»
պատմվածքում նկարագրում է հետամուսնական իր առաջին սիրո պատմությունը՝
իրենից 10 տարով երիտասարդ մի տղայի հետ. «Ուժեղ գարնանային անձրեւի տակ
ինձ մոտեցավ, ծանոթացավ, տուն ուղեկցեց, ապա վազեց խանութ, բերեց թվիքս՝
դվե պալոչկի։ Մեկը ես կերա, ու մյուսն՝ էլի ես։ Դա է եղել նրա ծախսը իմ
վրա։ Մի անգամ էլ… արդեն մի տարվա ընկեր էինք, ինձանից երկու քյաբաբի
փող ուզեց, ժլատ ձեռքս դողդողալեն տվեց, բերեց, կերանք։ Դա է եղել մեր
աղեստամոքսային փոխհարաբերությունը, մեկ էլ՝ ամեն գալուն պես մի բաժակ
սուրճ նա միշտ նախընտրում էր ինձանից առաջ»։ Հերոսը՝ Կարենը, նրա
գործերում նկարագրված միակ տղամարդն է, որ իրեն լավ է վերաբերվել, իրեն
փաղաքշաբար «Ճըլտուզ» ասել, ու որից իր փայ, շատ քիչ պաշտպանությունն է
ստացել իր անպաշտպան կյանքում։ Այդ «փայը» եղել է Կարենի կռիվը ընկերոջ
հետ, որն ասել է. «Մի տարիքով կնգա հետ է կապված, մի փչացածի հետ»։
Այսուհանդերձ, իր «փայ Շվարցնեգերի» համար էլ նա միայն սեքսուալ
ցանկությունների օբյեկտ մնաց, որ ամեն անգամ անկողին մտնելուց հետո
«Ավանդական ձեւով ինչ որ պետք էր՝ արեց։ Ես ծառի նման անշարժ, ինքը մարդու
պես շարժուն, ինչ որ պետք էր արեց ու գնաց»։
Սարի թաղում միայնակ կինը չի կարող անձնական կյանք ունենալ՝ մանավանդ, եթե
չունի ազգականներ։ Տներն իրար վրա դարսված են ու, ինչպես սեփական ափի մեջ,
հարեւանները տեսնում են, թե ում տուն ով մտավ։ Երկրորդ կամ երրորդ
տղամարդու հետ հանդիպող կինն այլասերվածի անուն է հանում, ինչպես ինքն է
գրում. «Խայտառակ եմ եղել իմ ու իմ միջավայրում, ուր «անբարոյականներին
վաղ թե ուշ քարկոծում են» («Իմ փայ Շվարցնեգեր»)։ Այդպիսի կնոջը տղամարդիկ
արդեն կարիք չեն ունենում հարցնել, թե նա ցանկանո՞ւմ է, արդյոք, իրենց հետ
լինել։ «Ես շատ էի ուզում ընկեր ունենայի, որովհետեւ ահավոր վախկոտ,
մթությունից սարսափում եմ, ամեն օրը ոնց որ վերջին։ Պառկում էի, չգիտեի
առավոտը կտեսնեմ, թե չէ»։
Սակայն Գոհարը պաշտպան գտնելու փոխարեն ստանում է տղամարդկանց անվերջանալի
հարձակումներ։ Սկսվում են հալածանքները, գիշերները այցելում են անկոչ
հյուրեր, մեկը ամուսնության խոստում է տալիս, հետը քնում է ու խոստանում,
որ էլի կգա, բայց ուրիշին բերում ուղարկում, ինչպես նկարագրում է
«Վարսահարդարի…» մեջ. «Իրենք երկուսով բոզի էին եկել՝ իրենց հավի խելքով,
թե իրենք հավն էին, ես վաբշե ոչ մեկը չէի, ոչնչություն էի… Նրանց իմ
մարմինն է պետք, գազազում եմ, վերցրեք օգտագործեք»։ Այն, ինչ չի սպանում,
ուժեղացնում է (Նիցշե)։ Գոհարը սերտում է հանցագործ աշխարհի օրենքները,
մտնում է «բազարների» մեջ՝ տղաներին ճիշտ ու սխալ հանում. «Դարձել էի տղա
գողական, ճշտով-մշտով էի խոսում»։ Թաղի հարգված տղաները նրան իրենց
պաշտպանության տակ են առնում։ Սակայն ամենամեծ ձեռքբերումը գրականության
մեջ ազատությունն է դառնում։
Նա կոտրում է գրականության մեջ քարացած տաբուներ։ Հայ օջախի սրբության
գաղափարը, որ ընտանեկան վեճերը պիտի չհրապարակվեն, մանավանդ, երբ կինը
բռնությունների թիրախ է դառնում, Գոհարը սրբազերծում է։ Բռնաբարությունը,
որ համարվում է կնոջ համար վարկաբեկիչ, ու պետք է գաղտնի պահվի, Գոհարը
բացահայտ նկարագրում է։ Նրա համար այլեւս չկան փակ թեմաներ, նկարագրում է
սեռական ցանկությունները, սեքսուալ հարաբերությունները։
Իր բոլոր պատմվածքների հերոսն ինքն է, որ չի թաքնվում հորինված
պերսոնաժների ետեւում, նա արդեն հասարակությունից թաքցնելու բան չունի, իր
կյանքը նրանց ափի մեջ է եղել։ Ի՞նչը առիթ դարձավ, որ Գոհարը կարողանա
ազատագրվել կապանքներից ու ազատորեն գրել։ Մեղքի ու ցանկության
զգացողությունների անվերջանալի պայքարը, որեւէ մխիթարություն ու
պաշտպանություն գտնելու ձգտումը նրա մեջ խորացնում են աստծո հավատը
(«Վարսահարդարի…» պատմվածքում գրում է. «Պակաս ինքնասպանն էլ ես չեմ…
մարդիկ կամրջից են ընկնում, ես՝ իմ աչքից», «Բայց մահը ինձ չի էլ նկատում,
վրայիցս կյանքի գարշահոտ ու կիրք ա փչում»)։ Գոհարը սկսում է հաճախել
Եհովայի վկաների ու Հիսունականների հավաքներին։ Տղամարդկանց
հարձակումներից երկու տարի պաշտպանություն է գտնում մի հիսունական
ընտանիքում։ Այցելում է Հայ Առաքելական եկեղեցու քարոզներին, սակայն չի
գտնում մխիթարություն. «Որոշեցի՝ գնամ քահանայի մոտ խոստովանվեմ, բայց
զգացի, որ չեմ կարա։ Բայց զգացի որ չեմ կարող պատմել, մարդու կերպարում
չկարողացա տեսնել խոստովանահայր, նրան ի՞նչ պատմես քո գողությունը, քո
պոռնկությունը (ասում է, որ 1 անգամ մարմինը վաճառել է 10 հազար դրամով),
չնչին բան է մարդը։ Էկա տուն ու որոշեցի գրավոր խոստովանեմ։ Հասկացա՝ կամ
խոստովանահայրը Աստված ա, կամ ամբողջ աշխարհը»։
Սարի թաղը նրան միայն թշնամիներով չի շրջապատել, բազմաթիվ ընտանիքներ նրան
պաշտպանել են վտանգներից ու վտանգների ժամանակ կացարան տվել։ Ինչպես ինքն
է ասում, Սարի թաղի հալալ կեսը իր բարեկամն է։ «Ես Գոհարին տեսա որդուս
ցայտաղբյուրի մոտ,- պատմում է հարեւան Գրետա Գալստյանը, որ պատերազմում
զոհված որդու հիշատակին ցայտաղբյուր է կանգնացրել, եւ որից Գոհարը հաճախ
ջուր է կրում։- Հարցրի՝ ինչի՞ համար ես ջուր կրում, այ աղջիկ ջան, էս ախր
ո՞ր դարն է։ Իմացա, որ փոքրիկ աղջկա հետ է ապրում՝ առանց կոմունալ
հարմարությունների։ Ասի՝ համեցեք ներս, երկու աղջիկ ունեմ, երրորդն էլ թող
լինի։ Շատ լավ աղջիկ ա, անօգնական, որ միշտ պրոբլեմների մեջ է ընկնում»։
Նա հաճախ Գոհարին կերակրում է, նաեւ Գոհարը հայերեն է պարապում նրա թոռան
հետ։ Տիկին Գրետան ճանաչում է ամուսնու ընտանիքին. «Ամուսինը լավ
արվեստագետ ա (քանդակագործ), բայց ընտանիքը մութ անտառ ա, չես իմանա՝ ինչ
ա եղել։ Ամեն դեպքում էնքան ճարպիկ էին իրենք, որ Գոհարին տնից հանեցին,
ստեղ գցեցին։ Ինքն էլ չպայքարեց՝ ոչինչ, թող էրեխեքիս պահեն, ես յոլա
կգնամ։ Էդ աղջկան ո՞նց կպահեր էդ պայմաններում»։ Գրետայի երկու աղջիկները
բաժանված են ու թոռների հետ ապրում են փոքրիկ սենյակում։ Մեկի ամուսինը
Ռուսաստան է մեկնել ու էլ չի գալիս։ Մյուսի ամուսինն էլ հարբեցող է, որ
կնոջը հաճախ ծեծում էր։