Արդեն մոտենում ենք քարոզարշավի հասարակածին, եւ մթնոլորտը բավականին սրվում է. այս կարծիքին է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում, ըստ թեկնածուի, դոլարից էլ ավելի արժեզրկվել է խոսքի արժեքը: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ իրենց մարզային այցելությունները ցույց են տվել, որ ժողովուրդը նույնպես մտահոգված է այս խնդրով: Որոշ ելույթներից հետո վախի մթնոլորտ է ստեղծվել, քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում` տեսնելով քաղաքական ուժերի մեջ առկա առճակատումը: Ըստ թեկնածուի` մարդիկ մտահոգված են, քանի որ հասկանում են, որ այդ բախումից ոչ ոք չի շահելու, կորցնելու ենք բոլորս. «Պետք է վեր կանգնենք նեղ կուսակցական շահերից, հասկանանք` ի վերջո իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ, ո՞վ կգա իշխանության` կարեւոր չէ: Կարեւոր է, թե նա ինչպես է գալիս: Եթե մարդ իշխանության է գալիս` ամեն ինչ իր ճանապարհին ջարդելով, դա բնականաբար վտանգում է պետությունը, պետականությունը: Ինչպես Լենինը ժամանակին սեփական երկրի պարտությունն էր ուզում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որպեսզի հեղափոխությունը հաղթանակի, նույն ձեւով էլ որոշ ուժեր միգուցե կուզենային, որ մենք անհաջողություն ունենայինք Ղարաբաղի հարցում, իրավիճակը սրվեր, միայն թե իշխանությունը վերցնեին»:
Արամ Հարությունյանը մի քանի օրից մտադիր է «Փաստարկ» ակումբ հրավիրել նախագահի բոլոր թեկնածուներին, որպեսզի Ղարաբաղի հարցին վերաբերող փաստաթուղթ ստորագրեն: Նրա խոսքով` այս հարցում պետք է միասնական մոտեցում լինի: Ա. Հարությունյանն իր դժգոհությունը արտահայտեց, որ բանակի օրը եւս քարոզչություն է իրականացվել: Մինչդեռ, ըստ նրա, գոնե այդ օրը մարդիկ պետք է վեր կանգնեին ամեն ինչից, միմյանց չվիրավորեին: Ոչ քարոզ պետք է արվեր, ոչ հակաքարոզ. «Ընդհանրապես, այդ օրը մենք քարոզարշավ չենք արել, ես չեմ ցանկացել` տեսնեն, որ այցելում եմ Եռաբլուր, ծաղիկներ եմ դնում: Եռաբլուր գնացել եմ այն ժամանակ, երբ մարդ չի եղել»,- ասում է թեկնածուն: Մարզային հանդիպումներից թեկնածուի սպասելիքները լիովին արդարացել են: Նրա խոսքով` հանդիպումներին իրենք Երեւանից 50-60 մեքենաներով կամ ավտոբուսներով մարդիկ չեն տարել իրենց հետ: Հանդիպմանը մասնակցել են այն մարդիկ, ովքեր ցանկացել են տեսնել Ա. Հարությունյանին, ու այդ ամենը ինքնաբուխ է եղել. «Նույն Սպիտակում, Թալինում ասում էին, որ թեկնածուներ կային, իրենց ժողովրդին բերեցին, իրենցն ասացին, գնացին: Ամենակարեւորը` քաղաքացիները զանազանում են թեկնածուներին»,- ասում է նա:
Ա. Հարությունյանը կրկին դժգոհեց նախագահի թեկնածուների միջեւ բանավեճերի բացակայությունից, նշելով, որ հենց բանավեճերի արդյունքում պետք է նրանք տարբերվեն, եւ ոչ թե համեմատեն, թե թեկնածուներից ում նկարն է մեծ, ով է սիրուն, ում են շատ սիրում եւ այլն: Ժողովուրդը, բացի ծրագրերից, ընտրում է կոնկրետ մարդու: Մոտ օրերս ՀՀ նախագահի թեկնածուների միավորումներ, ըստ Ա. Հարությունյանի` հնարավոր չեն, քանի որ միավորման համար լուրջ բանակցություններ են պետք. «1996 թվին, քարոզարշավի կեսից սկսած, կուսակցությունները պաշտպանեցին Վազգեն Մանուկյանին, սակայն մինչ այդ լուրջ բանակցություններ էին գնում: Բայց նույնիսկ մինչ միասնական դառնալը ուժեղ կոնֆլիկտ եղավ թեկնածուների մեջ, ու ի պատիվ Պարույր Հայրիկյանի` հենց նա առաջին քայլն արեց` հանելով իր թեկնածությունը: Միավորումների համար մեկը պետք է առաջին քայլն անի, իսկ այսօր այդ նախադրյալները չկան»:
Արտասահմանյան դիտորդների հետ Ա. Հարությունյանը չի հանդիպել եւ գտնում է, որ դիտորդները չպիտի որոշեն, թե Հայաստանի ընտրություններն ինչպիսին կլինեն. «Իրենք մեզ չպիտի դնեն չգիտեմ որերորդ կարգի ազգի տեղ ու ինչ-որ գնահատականներ տան, հետո էլ ասեն` մենք մոտենում ենք իրենց: Մենք տեսել ենք, որ դիտորդների գնահատականը միայն թելադրված է իրենց քաղաքական շահերով: Վրաստանի դեպքերը ցույց տվեցին, որ նույն Ամերիկան մի ընտրությունները համարում է ժողովրդավարական, մյուսը չի համարում` կախված իր շահերից: Ես, կներեք, արհամարհած ունեմ դիտորդների կարծիքը: Մեր ժողովուրդն այդքան մակարդակ ունի հասկանալու համար, թե ինչպես են անցել ընտրությունները, եւ կտա իր գնահատականը»:
Ի դեպ, լրագրողներից մեկի հարցին, թե եթե հանկարծ երկրորդ փուլ անցնեն Տիգրան Կարապետյանն ու Արման Մելիքյանը, թեկնածուն ո՞ւմ կաջակցի, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Բնականաբար, Արման Մելիքյանին»: