Օրենքով ոտնահարված իրավունք

06/02/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Ո՞վ կպաշտպանի քո իրավունքը

Վերջերս ամբողջ Ֆրանսիան կաթվածահար եղավ գործադուլային ալիքից: Պատճառը նոր օրենքն էր՝ որոշ կենսաթոշակային արտոնություններ վերացնելու մասին: Գործադուլավորները պնդում էին, թե էականորեն խախտվել են իրենց իրավունքները, քանզի տարիներ առաջ իրենք աշխատել են տվյալ ոլորտներում՝ միմիայն հետագա կենսաթոշակային արտոնություններից օգտվելու ակնկալիքով: Ի վերջո, իշխանությունները ստիպված եղան համաձայնության գալ գործադուլավորների հետ ու վերականգնել նրանց խախտված իրավունքները:

Մեր երկրում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Օրենքներն այստեղ եւս փոփոխվում են: Եվ ոչ միշտ՝ հօգուտ աշխատավորների: Օրենսդրական փոփոխությունների մասին հակիրճ տեղեկատվություն տրվում է, անշուշտ: Սակայն դա արվում է այնքան մշուշոտ, այնքան ընդհանրական, իսկ բուն օրենքները ձեւակերպվում են շատերի համար այնքան անմատչելի, խրթին լեզվով, որ երբեմն իրենց վիճակը վատթարացրած օրենքի մասին մարդիկ իրական պատկերացում են կազմում, երբ այդ վատթարացումը զգում են սեփական մաշկի վրա:

Արհմիություն ասվածները, այդ թվում՝ դրանց ճյուղային կառույցները, մեր երկրում սաղմնային վիճակում են, դրանց գոյությունը, ակտիվությունը հասարակական կյանքում բոլորովին չի զգացվում: Այնպես որ՝ աշխատողների իրավունքների պաշտպանության այս օղակը համարյա չի աշխատում: Մարդիկ էլ առանձնապես վստահություն չունեն արհմիությունների հնարավորությունների նկատմամբ: Երեւի պատճառը նաեւ խորհրդային տարիներից մեզ հայտնի արհմիությունների մասին հիշողություններն են, ինչպես եւ՝ իրական արհմիութենական գործունեության վերաբերյալ միանգամայն թերի պատկերացումները:

Ինչեւէ, ներկա պահին մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության համար դիմում են ոչ թե արհմիութենական ինչ-ինչ կառույցների, այլ փորձում են ինքնուրույն ելքեր գտնել, արդարության հասնել իրենց իմացածով, մասնավորապես՝ դատական կարգով: Դա էլ միշտ չէ, որ հաջողվում է, որովհետեւ այդ ճանապարհով սեփական իրավունքները պաշտպանելու համար մարդուն բավական համբերություն, առողջություն, նյութական միջոցներ, իսկ որ առավել կարեւոր է՝ որոշակի իրավագիտակցություն է պետք, ինչը, մեղմ ասած, դեռ նույնպես հիմնականում սաղմնային վիճակում է: Չնայած՝ իրավագիտության գծով հիմա մասնագիտացնում են բազում ու բազմատեսակ ուսումնական հաստատություններ, բազում ու բազմատեսակ դիպլոմներ տալիս՝ իրավաբանի, իրավագետի որակավորման վերաբերյալ, սակայն դա դեռ չի նշանակում, թե դիպլոմավորը, իրոք, տիրապետում է իրավաբանի կամ իրավագետի համար անհրաժեշտ տարրական գիտելիքներին եւ ի զորու է գոնե ի՛ր իրավունքները պաշտպանելու:

Մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում, վերոհիշյալ պայմանները նկատի առնելով, կարեւորվում է ներկա պահին առավել հեղինակավոր այնպիսի օղակի գործունեությունը, ինչպիսին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է: Իսկ եթե մարդկանց ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում իր ծանրակշիռ խոսքն է ասում նաեւ այնպիսի բարձր ատյան, ինչպիսին ՀՀ Սահմանադրական դատարանն է, ուրեմն այդ փաստը պետք է հանրամատչելի կերպով պարզաբանվի եւ նպաստի հասարակության իրավական պաշտպանվածության նկատմամբ հավատի աճին:

Դեռ անցած տարվա վերջից իշխանությունները ժողովրդին ուրախացրին այն տեղեկությամբ, թե կենսաթոշակները հունվարից բարձրանալու են միջին հաշվով՝ 60 տոկոսով: Անշուշտ, դա ուրախալի է խորհրդանշական կենսաթոշակ ստացողների համար: Գների աճի պայմաններում, միգուցե, այդ 60 տոկոսը եւս առանձնապես չբարելավի թոշակառուի վիճակը, բայց բարձրացման փաստն ինքնին որոշակի ոգեւորիչ, հուսադրող նշանակություն միշտ էլ ունենում է:

Իսկ այս տարեսկզբին, ավելի կոնկրետ՝ հունվարի 15-ին, Սահմանադրական դատարանը կայացրեց կենսաթոշակային խնդրին վերաբերող մի որոշում, որը կարեւոր ու սկզբունքային նշանակություն կարող է ունենալ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից:

Դիմում՝ Սահմանադրական դատարան

Խնդիրը վեր էր հանել, այսինքն՝ տվյալ հարցով Սահմանադրական դատարան էր դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա վիճարկում էր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանը դռնբաց դատական նիստում, բանավոր ընթացակարգով քննեց այս գործը՝ որպես պատասխանող ներգրավելով ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցչին:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից՝ 2002 թվականի նոյեմբերի 19-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2003 թվականի մարտի 31-ին եւ ուժի մեջ մտել 2003 թ. ապրիլի 10-ից: Այսինքն՝ մոտ չորս ու կես տարի օրենքն ուժի մեջ էր, բայց այն խավը, ում իրավունքները դրանով ոտնահարվել էին, բողոքի ձայն կամ գոնե համեստ ահազանգ չէր հնչեցնում:

Սահմանադրությանը հակասող օրենք

Բարեբախտաբար, խնդիրն, ի վերջո, բարձրացվեց, ու նոր միայն նկատվեց, որ լուրջ հակասություն է առաջացել տվյալ օրենքի ու ՀՀ Սահմանադրության միջեւ:

Օրենքի 73 հոդվածը, որը շարադրված է «Անցումային դրույթների» 14-րդ գլխում, սահմանում է. «Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան՝ հաշվի առնելով… հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը եւ կենսաթոշակառուի անձնական գործակիցը: Լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով եւ համարվում նոր նշանակում: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով»:

Վերջին նախադասությունն առաջին հայացքից կարող է ուրախացնել՝ թոշակառուի նկատմամբ դրսեւորված կարծեցյալ հոգատարությամբ, թոշակի վերահաշվարկի արդյունքում նրա վիճակը չվատթարացնելու ձգտումով: Սակայն փոքր-ինչ վերլուծելու դեպքում ակնհայտ է դառնում, որ նախատեսվող վերահաշվարկով, ըստ երեւույթին, որոշակի խավերի կենսաթոշակի չափը նվազում էր, այսինքն, վատթարանում էր նրանց վիճակը, ինչը իբր թե շտկելու նպատակով էլ նախատեսվում էր պահպանել կենսաթոշակի նախկին չափը: Սակայն սա խնդրի լղոզում կարելի է համարել, քանի որ օրենքի տվյալ դրույթը, եթե վատթարացնում է քաղաքացիների իրավական վիճակը, կիրառվում հետադարձ ուժով, ուրեմն հակասում է ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարանին ուղղված իր դիմումում փաստում էր, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 1 օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել 1 տարուց ավելի ապահովագրական ստաժ, բացառությամբ՝ նույն օրենքի 48 հոդվածով սահմանված կարգի: Սակայն այդ հոդվածը առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատանքը չի դիտում որպես ստաժի հաշվարկման առանձնահատկություն: Մինչդեռ նախկինում գործող՝ «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի համաձայն՝ առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատելու մեկ տարին աշխատանքային ստաժում հաշվարկվում էր՝ որպես մեկ ու կես տարի: Նոր օրենքի ընդունումից հետո ստեղծվել էր մի իրավիճակ, երբ առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած ու կենսաթոշակի նշանակումից հետո աշխատանքային գործունեությունը շարունակած անձանց կենսաթոշակային իրավունքները գնահատելիս կա՛մ բացառվում էր նշված հիմքով աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկումը, կա՛մ թույլ չէր տալիս ապահովագրական ստաժում հաշվարկել կենսաթոշակի նշանակումից հետո իրականացրած աշխատանքային գործունեության այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել են սոցիալական ապահովագրության վճարները: Սրանով իսկ նոր օրենքը վատթարացնում էր քաղաքացիների վիճակը եւ վերացնում նրանց՝ նախկինում գործող օրենսդրությամբ ձեռք բերած իրավունքները:

ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասն ամրագրում է անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի մերժման սկզբունքը: Դա պետական իշխանության նկատմամբ վստահության եւ իրավական պետության սկզբունքների կարեւոր բաղադրիչներից է: Տվյալ սկզբունքից է բխում արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն Հայաստանը ստանձնել է նաեւ մի շարք միջազգային պայմանագրերով:

Հարգանք՝ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ

Մինչեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած, սեփական առողջությունն ու կյանքը վտանգած, հիմա էլ կենսաթոշակի նշանակում ստացած անձինք ակնկալիք են ունեցել, որ իրենց կենսաթոշակը կհաշվարկվի արտոնյալ կարգով: Սակայն վերոհիշյալ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասի ուժով այդ արտոնյալ կարգը վերացվել է՝ անտեսելով նշված պայմաններում աշխատած մարդկանց ակնկալիքը: Անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը՝ իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը: Այո, լեգիտիմ լինում են ոչ միայն նախագահները, այլ նաեւ՝ շարքային քաղաքացիների ակնկալիքները: Եվ այդ լեգիտիմ, այսինքն՝ օրինական ակնկալիքները հենց օրենքով էլ պիտի հարգված լինեն, ինչ փոփոխություն էլ կատարվի օրենսդրական դաշտում:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, որպես կարեւոր սկզբունք, ամրագրում է նաեւ սոցիալական համերաշխության եւ սոցիալական արդարության ապահովումը: Իսկ սոցիալական արդարության սկզբունքը պահանջում է, որ տրամադրվեն որոշակի արտոնություններ եւ առավելություններ վնասակար եւ ծանր պայմաններում աշխատող անձանց:

Նոր օրենքով սահմանված կարգը կարող էր առաջացնել նաեւ օրենքի առջեւ հավասարության սկզբունքի ապահովման խախտում: 73 հոդվածի 2-րդ մասի կիրառման արդյունքում հնարավոր էր մի իրավիճակ, երբ նույն ժամանակահատվածում եւ նույն պայմաններում աշխատած անձանց համար սահմանվեին կենսաթոշակի տարբեր չափեր: Իսկ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վերաբերմունքի տարբերությունը խտրականություն է, եթե առկա չէ օբյեկտիվ ու պատճառաբանված արդարացում: Տվյալ դեպքում որոշակի խավի իրավական վիճակի վատթարացման, նրանց նկատմամբ տարբերակված մոտեցման օբյեկտիվ, ողջամիտ արդարացումներ չկային:

Փոփոխեք, բայց մի՛ վատթարացրեք

Սահմանադրական դատարանն ամրագրեց, որ օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման նոր համակարգ: Սակայն իրավասու չէ վերացնելու այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվողները, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա: Պետությունը պարտավոր է երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի եւ իրավական որոշակիության սկզբունքների իրականացումը: Մինչդեռ օրենքի վերոհիշյալ նորմն ակնհայտորեն ոտնահարել է բազմաթիվ մարդկանց իրավունքները: ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ պայմաններով կենսաթոշակների վերահաշվարկման արդյունքում ապահովագրական ստաժը պակասել է 14 հազար 826 տարով, իսկ կենսաթոշակային գումարը՝ ամսական 3,4 միլիոն դրամով:

Ճանաչվեց անվավեր

Սահմանադրական դատարանում գործի քննության ժամանակ պատասխանող կողմը՝ ԱԺ ներկայացուցիչը, ակնհայտ համարեց, որ նոր օրենքի վիճարկվող դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասում է, սակայն նշեց նաեւ, որ այդ դրույթն անվավեր ճանաչելու դեպքում առանձնապես վնասակար եւ առանձնապես ծանր պայմաններում աշխատած անձանց համար ապահովագրական ստաժի հաշվարկման խնդիրը դեռեւս չի լուծվում: Անհրաժեշտություն է առաջանալու խնդիրը լրացուցիչ կարգավորել օրենսդրական մակարդակում:

Եվ այդ անհրաժեշտությունն անխուսափելիորեն առաջացավ, որովհետեւ Սահմանադրական դատարանը որոշեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասին հակասող եւ անվավեր: Որոշումը տարածվում է նաեւ դրա՝ ուժի մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:

Սա մեր օրենսդրության մեջ առկա միակ հակասությունը չէ, որը տարեսկզբին վերացվեց Սահմանադրական դատարանի որոշմամբ: Արդեն իսկ կայացված մեկ այլ որոշում կլուսաբանվի առաջիկայում: