Կարեւորը ֆրագմենտի մեջ չես տեսնի

13/05/2005 Զրուցեց Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

– Ինտելեկտուալ պաշարն ու համաշխարհային փորձը միաձուլված են: Մեզ մոտ
ամեն մեկը ճանաչում է կյանքը ֆրագմենտի մեջ, որը կարող է շատ դիպուկ ու
ճշգրիտ լինել, բայց դա միայն ֆրագմենտ է: Ինձ համար հայ ժողովուրդը մի
սիստեմ է, որն ունի իր կամքը, բնավորությունը, ունի սնապարծություն, բայց
չունի արժանապատվություն: Տերյանն ասել է. «Դու հպարտ չես, իմ հայրենիք»,
մենք նույնիսկ կարող ենք վիրավորվել այդ բառերից, բայց դա այդպես է:
Արժանապատվությունը փոխարինվել է գոռոզությամբ ու մի տեսակ արհամարհանքով:

– Իսկ լավ հասարակության մասին պատկերացում ունեցող մարդիկ կարո՞ղ են ինչ-որ բան փոխել։

– Անկասկած, եթե լսող լինի։ Իշխանությունները, երբ գալիս են հեղափոխության
ալիքի վրա, բերում են շատ վսեմ գաղափարներ։ Այդ վսեմ գաղափարները
արտահայտվում են լոզունգի ձեւով։ Ոչ հեղափոխականները, ոչ
պսեւդոհեղափոխականները, որոնք փաստորեն ցինիկներ են, չպիտի ղեկավարեն
երկիրը։ Հասարակությունը հակասություններից կազմված միավոր է, որտեղ կան
եւ՛ մաքրագույն անձնավորություններ, եւ՛ հանճարներ, եւ՛ հիմարներ։
Հասարակությունը կարող են ղեկավարել ճիշտ ղեկավարման մեխանիզմ
ունեցողները։ Մեզ մոտ մեխանիզմ չկա, ջարդված է։ Սովետական համակարգի
մեխանիզմը, այսպես թե այնպես, ուզում են ուղղել։ Եվրոպան ուզում է, որ
մենք համբերատար բլոկներով փորձենք ուղղել։ Վրաստանը, Ուկրաինան, օրինակ,
տեսան, որ չեն կարող ուղղել, գտան, որ ամենաճիշտը հեղափոխությունը
արհեստական ձեւով անելն է, որպեսզի վերեւ բարձրացնեն այն հավասարակշռված
մարդկանց, որոնք կարող են բոլոր խավերի համար ծառայել։

– Եվ կծառայե՞ն։

– Անկասկած, որովհետեւ նրանք վերցրել են պարտավորություններ, որոնք
հիմնված չեն խաբելու վրա։ Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, որ կարող է
խաբվել։ Մեր ժողովուրդը վատը չէ, նա հիմա վիրավորված է, կոնֆլիկտի մեջ է։
Եվ այդ կոնֆլիկտն անընդհատ խաղարկվում է։ Համբերությունն անսպառ չէ։ Չի
կարելի խաղարկել պատերազմի գաղափարը, ասելով՝ այնտեղ պատերազմի հարց կա։
Դա ահաբեկել է ժողովրդին։ Բայց նա հասկանում է, որ 2 մլն մարդ, ավելի
ճիշտ՝ հանրապետության կեսը արդեն դրսում է։ Այդ ո՞ր հանրապետության կեսն է
դուրս եկել իր երկրից։ Ոչ մի։ Այն մարդիկ, որոնք 1988-ին հրապարակում
կանգնած Ղարաբաղն էին ուզում ու սիրում էին այս երկիրը, հիմա չկան։
Հայրենասիրությունը ես մի դեպքում եմ ընդունում՝ կռվի դաշտում։ Մյուս
իրավիճակներում հայրենասիրությունը դառնում է ինդիկատոր ու ցույց է տալիս,
որ գործերը երկրում վատ են։ Ստացվում է այնպես, որ ես՝ բժիշկս՝
հայրենասիրության զգացմունքից ելնելով, գնում եմ ուսուցչի մոտ ու նրան բան
եմ սովորեցնում, հետո մենք երկուսով գնում ենք ու սկսում ենք բան
սովորեցնել դարբնին՝ նորից հայրենասիրության զգացմունքից ելնելով։ Մենք
պրոֆեսիոնալ մարդկանց վերեւում չենք սիրում։ Պրոֆեսիոնալը պետք է լինի
սպասարկող, իսկ որոշում ընդունողի ուղեղում պիտի շիլափլավ լինի։ Մեր
առաջին փուլը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությունը, լուծում էր միայն
մեկ խնդիր՝ սովետական իշխանության վերջնական փլուզումը, ես կասեի, մինչեւ
անգամ չէր լուծում Ղարաբաղի պատերազմի խնդիրը, քանի որ դա անղեկավարելի էր
իրենց կողմից։ Այդ հարցը ճշգրիտ չլուծեցին մինչեւ վերջ՝ մեր
Սահմանադրությունը մեզ համար խոչընդոտ եղավ։ Մենք այն ժամանակ մեր երկիրը
ըստ սահմանադրության պիտի դարձնեինք ֆեդերատիվ, եւ Ղարաբաղը, որպես
առանձին միավոր, կմիանար ու կդառնար Հայաստանի մի մասը։ Ղարաբաղի հարցը
լուծելու համար իրավական դաշտ չկար։ Պետք էր շեշտել, որ մենք հայեր ենք,
Ղարաբաղում էլ են ապրում հայեր, տարածքն էլ մեր պատմական տարածքն է, ու
պետք է միանայինք։ Այդ կարեւորագույն խնդիրը լուծելու համար մենք
անհեռատես եղանք, ամեն ինչ հապճեպ արեցինք։ Ռոբերտ Քոչարյանի առաջին էտապը
ես ողջունեցի։ Ղարաբաղի իրավական խնդրի դաշտը պետք էր ձեւավորել ու
ներկայացնել միջազգային ասպարեզ՝ նոր երանգներով։ Սա սկզբունքների խնդիր
չէր, այլեւ երանգների։ Իսկ հետո մենք հսկայական կորուստներ ունեցանք։
Քաղաքականությունն ամենաէկլեկտիկ բանն է՝ հասարակության տեսանկյունից։
Տեսեք՝ ինչ մասնագիտության տեր մարդիկ են գտնվում խորհրդարանում եւ
քաղաքականություն են վարում։ Ես հետեւում եմ այդ մարդկանց, ուզում եմ
հասկանալ, թե ինչպե՞ս են նրանք զարգանում եւ ունե՞ն արդյոք զարգացման
տենդենց, իրենց վրա աշխատո՞ւմ են, թե՞ ոչ։ Մենք դեռ չենք կարող սպասել, որ
ամեն ինչ ներդաշնակ կլինի ու ճանապարհ կբացվի։ Հիմա պայքար է գնում ու
նրբությունների մասին խոսք չկա։ Այսօր վտանգված է մեր ազգի ֆիզիկական
գոյությունը։ Մարդիկ գնում են ուրիշ տեղեր եւ ապրում են՝ ցանկանալով
էթնիկապես հայ մնալ։ Ուրեմն ի՞նչը նրանց այստեղ չի բավարարում։ Չեն
բավարարում հասարակության ամբողջական հարաբերությունները, որոնք օրենքի
միջոցով պետք է կարգավորի պետությունը։ Հիմա մեզ մոտ օրենքները ստեղծվում
են հատուկ մարդկանց կամ մարդկանց շերտիկների համար։ Խորհրդարանը չի
արտացոլում ամբողջական մեր կամքը, չնայած պետք է ընտրված լինի ժողովրդի
կողմից։ Բայց այդպես չէ։

– Ներքեւները վերեւների վրա ազդել չե՞ն կարող։

– Դեմոկրատիան հենց ներքեւից վերեւ է բարձրանում. սա է ամբողջ
դժբախտությունը։ Դեմոկրատիան պետք է լինի այսպես. լավ ուսումնասիրվում է
ժողովրդի բնավորությունը եւ մարդկանց հարաբերությունները, հետո այդ
հարաբերությունների ու բնավորության հիման վրա ստեղծվում են օրենքներ,
որոնց մեջ մարդը հարմար ու նորմալ է սկսում ապրել։ Եթե իմ կոշիկի համարը
41-ն է, ինձ պետք է հենց այդ համարի կոշիկ, այլ ոչ թե՝ 39, բայց ավելի լավ
որակի, ոչ էլ՝ 46 համարի, որը նույնպես լավն է։

– Իսկ մշակույթն ինչպե՞ս պիտի զարգանա:

– Մշակույթն արտացոլում է այն, ինչ կա։ Ու եթե հասարակության մեջ տիրում է
տգիտությունը, ապա մշակույթն այդ տգիտությունն է արտացոլում, լավագույն
դեպքում՝ բարձր որակի տգիտությունը։ Սոցռեալիզմի մասին չէ խոսքը, այլ լայն
փիլիսոփայական կատեգորիաների։ Երեխան դաստիարակվում է որոշակի սոցիումի
մեջ, նրան սովորեցնում են, որ զուգարան գնալուց հետո ձեռքերը պետք է
լվանալ, պետք է ուտել դանակով ու պատառաքաղով, աղբը գետնին չի կարելի
գցել։ Երեւանցիների 90 տոկոսը չի սիրում իր քաղաքը։ Տեսե՞լ եք՝ որքան մարդ
է սիգարետը գցում գետնին ու նստում երթուղային։ Սա արդեն ռեգրես է մեզ
մոտ։ Անգլիայի թագավորական ընտանիքը բոլոր անգլիացիների համար օրինակ է
ծառայում։ Դա ամբողջական մշակույթ է։ Այդտեղից, այդ դաստիարակությունից է
ճշտվում՝ ինչպիսին պիտի լինեն գրողը, նկարիչը, որոնք պետք է ստեղծեն
հասարակության համար քաղաք, միջավայր։ Մեզ համար պատահականություն է, որ
Թամանյանի, Բունիաթյանի պես մարդիկ ունեցանք։ Նրանք կուլտուրա բերեցին,
այստեղ այդ կուլտուրան չկար: 20-ական թվականներին մարդիկ գալիս էին այստեղ
ու իրենց հետ բերում չափանիշներ: Տարբեր մշակութային հոսանքների
գործիչները մեր ազգի համար մշակեցին մշակութային չափանիշներ: Փափազյանը
դեկադանսի թատրոնի ներկայացուցիչ էր, Աբելյանը՝ ռուսական կրիտիկական
ռեալիզմի, Թամանյանը՝ պսեւովդոկլասիցիստ էր, իսկ Սարյանը՝ ռուսական
ֆովիզմի ներկայացուցիչ: Եթե իրենք Փարիզում ապրեին, էսթետիկական թշնամիներ
կլինեին, բայց Երեւանում համերաշխ ստեղծեցին ընդհանուր գաղափարներ:
Հայկական չափանիշները ծնվեցին միայն 60-ական թվականներին, ու Երեւանը
դարձավ հայ ժողովրդի մշակութային մայրաքաղաք: Քաղաքը միայն անվանումով չի
դառնում քաղաք: Քաղաքը պահանջում է, որ մարդ, քաղաքացի մշակվի:

– Ի՞նչ դեր պիտի ունենա պետությունը:

– Հայաստանի պես պետությունը պետք է ունենա Մշակութային ժառանգության
պահպանման նախարարություն, այլ ոչ թե՝ Մշակույթի նախարարություն: Մենք
դարեր շարունակ ստեղծել ենք ու, պետություն չունենալով, չենք կարողացել
այդ ժառանգությունը սիստեմավորել ու ներկայացնել: Լավագույնը, ինչ արվել է
դարերի ընթացքում, դա Սովետական Միության ժամանակ էր, երբ Սովետը
սիստեմավորված արվեստի ինստիտուտներ էր բացում, մեծաքանակ միություններ
ստեղծում, ալբոմներ թողարկում: Միջազգային ասպարեզ հայ արվեստը Սովետը
հանեց, մինչ այդ մենք անգամ թանգարան չենք ունեցել: Ռուսաստանի հետ լինելն
օգնում էր, օրինակ, պեղումներ անել, ուսումնասիրել: Կային Մառը, Օրբելին:
Նաեւ ասեմ, որ կան երկրներ, որոնք չունեն Մշակույթի նախարարություն:
Ունենալով հսկայական մշակույթ, այդպիսի նախարարություն չունի Հոլանդիան,
մի մոռացեք, որ այնտեղ Ռեմբրանդտ կա: Կամ, ասենք, Շվեյցարիան,
Պորտուգալիան, որոնք ժամանակին մեծ մշակույթ ունեցող կայսրություն են
եղել, թալանել են ուրիշներին, բայց նման նախարարություն չունեն: Մշակույթը
համակարգված ազգի արտացոլումն է: Ազգը կարող է մշակութային որեւէ
ասպարեզում թույլ լինել, մյուս ասպարեզում՝ ուժեղ: Բոլոր ազգերի մոտ է
այդպես: Առաջին գծում գտնվող մշակույթները եւ՛ ազգային են, եւ՛,
միաժամանակ, համաշխարհային, ամեն մեկն ունի իր դոմինանտը: Ասենք,
Գերմանիան երաժշտության ոլորտում բոլորից տարբերվում է, զուսպ է,
համակարգված, այդ պատճառով սիմֆոնիան ստեղծեցին գերմանացիները, իսկ
իտալացիները ստեղծեցին օպերան՝ երգն ու թատրոնն իրար խառնեցին: Այսօր
տեսեք, թե ինչով է համաշխարհային մշակույթին ներկայացված Ֆրանսիան՝
նախեւառաջ բարձր մոդայով, իսկ Ամերիկան, առաջին հերթին՝
ճարտարապետությամբ: Իսկ 40-50-ականներին Ֆրանսիան էր թատրոնում իշխում:
Իրար հետ են մրցում անգլիական ու ռուսական գրականությունը: Պետությունը
միշտ պիտի հետեւի, որ ազգային մշակույթի տոնուսը բարձր լինի, այլ ոչ թե
առանձին նախագծերի կամ կոնկրետ մարդկանց գումարներ տա: Եզրը պետք է բարձր
լինի, որի մեջ ապրելով, մեծանալով, երեխան պիտի դառնա ստեղծագործող: Եթե
չկա այդ միջավայրը, որտեղ նա պետք է փոքրուց հղկվի, նա ոչինչ ստեղծել չի
կարող:

– Ինչպե՞ս պետք է այդ մթնոլորտը ստեղծվի:

– Ավելի ճիշտ է ասել՝ ինչպե՞ս կազմակերպել ժամանակակից մշակույթը: Նախ
պետք է մշակույթին առավելություն տալ: Մշակույթը ոտքից գլուխ բիզնես է եւ
մե՛ծ բիզնես: 100 մլն դոլար դնում են ու ֆիլմ են նկարահանում, հետո էլ
ստանում 300 մլն դոլար եկամուտ: Ոչ մի ուրիշ առեւտրական գործողություն
անելով, 300 տոկոս եկամուտ չես ստանա: Վերցնենք հսկայական եկամուտներ
բերող շոու-բիզնեսը, սկսած՝ ձայներիզներից, ավարտած՝ համերգներով, որոնք
տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքում: Շոուի մասնակիցները դառնում են
իրենց երկրի ազգային դեմքը եւ հետո, եթե հնարավորություն ունեն, դառնում
են միջազգային դեմքեր: Այդ հսկայական եկամուտը պատահական չէ: Երգիչները,
դերասանները, միլիոններ են ստանում, ու զվարճացնում են իրենց երկիրը, նաեւ
կարծես ասում են՝ տեսեք, դուք էլ ունեք նման հնարավորություն, գնացեք ու
արեք: Այդտեղ տվյալ սոցիումի ճշմարտությունն է խոսում:

– Մեզ մոտ էլ կան լավ դերասաններ, երգիչներ:

– Մենք արդար չենք, մենք անտաղանդին կարող ենք տաղանդավոր համարել,
տեսնելով, որ տվյալ վայրկյանին անտաղանդը գրավում է որոշակի դիրքեր: Մենք
սխալ ընտրություն ենք կատարում, մենք չգիտեք, ո՞վ պետք է լինի առաջին
դեմքը, երկրորդը, տասներորդը: Մենք չգիտենք՝ ո՞վ է տաղանդավոր, իսկ եթե
նույնիսկ գիտենք, բացահայտ չենք ասում: Դա դարերի ընթացքում պետություն
չունենալու նշան է, մենք սիտուացիոն անալիզի մեջ ենք: Տվյալ վայրկյանին
ասում ենք այն, ինչ պետք է, հետո շրջվում ենք ու ասում լրիվ ուրիշ բան:

– Այսօր մշակույթով փող աշխատել կարելի՞ է:

– Բայց ո՞վ պիտի փող տա: Փող տվողը պետք է լինի բարձր որակի մարդ,
անպայման չէ, որ լինի բարձր կուլտուրայի տեր մարդ, բայց անպայման՝ բարձր
որակի: Այսօր բիզնեսի հիմքում դրված է ոչ թե խելքը, այլ՝ լկտիությունը:
Ասենք, Մանթաշովն իր բիզնեսը խելքով է արել: Նա ուզեցել է նավթի մշակման
պրոցեսն էժանացնել ու Սանկտ Պետերբուրգում գտել է մի երիտասարդ քիմիկոսի,
ով կարողացել է իր պատվերով նավթի կրեկինգը էժան դարձնել: Այդ քիմիկոսը
Մենդելեեւն էր: Խելքով արված ընտրությունն է բիզնեսի հիմքում, մենք դա
պիտի հասկանանք: Մշակույթը տեղից շարժելու համար գումար է պետք: Կա երկու
ճանապարհ: Կարելի է սպասել, որ պետությունը հովանավորի, դա նույնպես
ճանապարհ է՝ բոլոր տոտալիտար ռեժիմներն իրենք են ֆինանսավորում մշակույթը
եւ իրենք էլ հետեւում են, որ գաղափարախոսությանը համապատասխան լինի, կամ
իրենց թագավորի կերպարը կարեւորագույնը լինի: Բայց ես գտնում եմ, որ
մշակույթը պետության կողմից մինչեւ վերջ չպիտի հովանավորվի: Երկրորդ
ճանապարհը սա է. օրենքները պետք է մշակվեն այնպես, որ բիզնեսը մտնի
արվեստ: Ոչ թե որպես բարեգործ, այլ՝ որպես պարտնյոր: Երբ Սպիլբերգին ֆիլմ
նկարահանելու գումար են տալիս, հասկանում են, որ այդ ֆիլմն ավելի մեծ
գումար կբերի: Կերպարվեստն ամենախոշոր բիզնեսներից մեկն է: Իր ժամանակի
ամենահարուստ մարդկանցից մեկը Պիկասոն էր, ամեն թղթի կտորի վրա ստորագրում
էր, ու 10.000 դոլարով վաճառում: Ո՞ր գործարանը այդպես կարող է փող
աշխատել: Հասնելու այդ մակարդակի, «բրենդ» դառնալու, ըմբռնելու է պետք
ձգտել, այլ ոչ թե՝ գոմում նստած՝ սեփական գոմը գովել: Արժեքները պետք է
հանել, համեմատել, տեսնել, սկսել խաղ խաղալ: Պետությունը համաշխարհային
մշակութային ասպարեզում որպես խոշոր խաղացող պիտի խաղա: Տեսեք, խոշոր
կապիտալը չգիտի, թե ով է տաղանդավոր, որպեսզի ներդրում անի: Հիմա
անտաղանդներն են շատ լավ լեզու գտնում միջակների հետ, գիրք են տպագրում,
որ ոչ մեկին պետք չէ:

– Ինչպե՞ս իմանանք՝ ով է իր տեղում:

– Պետությունը, որպես համակարգված հարաբերությունների կառույց, ամեն ինչ
պիտի իր տեղը դնի: Պետությունը ինքնակառավարվող, ինքնաղեկավարվող մարմին
է: Մեր ունեցած պետությունն էլ է պետություն, բայց այս ուժով, այս
դեֆորմացված արդարությամբ մենք ոչնչի չենք հասնելու: Էլի են այստեղից
մարդիկ գնալու: Իսկ արվեստին պետք է առավելություններ տալ, ճիշտ մարդկանց
դնել ճիշտ տեղերում: Հայկական արվեստը որպես լոկալ արվեստ ուրիշ
արվեստների վրա վերջին հազար տարվա ընթացքում չի ազդել, մշակույթի տարբեր
գործիչներ են ազդել, դրանք տարբեր բաներ են: Պետք է լավագույններով դուրս
գալ համաշխարհային ասպարեզ, այդ դեպքում նրանք կվաճառվեն: