Ռոբերտ Վալզեր

06/02/2008 Վարդան ֆերեշեթյան

Վերջերս, այսինքն, մեզ համար բոլորովին վերջերս` 2004-2005 թթ. ռուսերեն Ռոբերտ Վալզերից երկու գիրք հրատարակվեց: Առաջին եւ միակ գիրքը լույս էր տեսել 1987թ., իսկ առաջին եւ միակ պատմվածքը հայերեն՝ 60-ականներին` Ռ.Բենի թարգմանությամբ, «Նոր էջ» իրանահայ հանդեսում: Դա «Գյուղական պատմություն» հիասքանչ ու թափանցիկ պատկերն էր, որից հետո ստիպված եղանք սպասելու 1987թ. ռուսերեն հրատարակությանը, իսկ հիմա` 2004 եւ 2005 թթ. հրապարակումներին, որոնք, ցավոք, մեր գրախանութներում չեն հայտնվում`նույնիսկ պատվիրելու դեպքում:

Քանի որ սա գրողներին եւ գրքերին նվիրված երկար ու նեղ մի սյունյակ է, ուրեմն վերնագրենք` «Ուղեցույց ճամփորդի համար» եւ անցնենք առաջ:

Հ. Հեսսեն գրում էր, որ աշխարհն ավելի լավը կդառնար, եթե Ռոբերտ Վալզերը հարյուր հազար ընթերցող ունենար: Դա, բնականաբար, իրականություն չդարձավ, բայց ասենք, որ Ռ. Վալզերի երկրպագուներից էին` Ֆրանց Կաֆկան, Էլիաս Կանետին, Վալտեր Բենիամինը, իսկ ժամանակակից գրողներից` Էնրիկե Վիլա Մատասը, ով արդի ամենաուշագրավ ստեղծագործողներից մեկն է, որ շուտով տեղ կգտնի մեր սյունակում: Չնայած, որ Շվեյցարիայում այժմ լավագույն մրցանակը Ռ. Վալզերի անունն է կրում, բայց հարյուր հազարից երեք զրոները միշտ էլ պակասում են, եւ գուցե այդպես էլ պետք է լինի:

2004 թվականին «Տեքստ» հրատարակությունը լույս ընծայեց «Բացարձակապես ոչինչ» կարճ պատմվածքների եւ մանրապատումների ժողովածուն, թեպետ նրանց համար, անշուշտ, պետք է առանձին ժանր հորինել: Ինքը՝ Վալզերը դրանք կոչում էր` «Մինչեւ ուժասպառվելը թռչկոտացող պարուհիներ»:

Ֆ. Կաֆկայի առաջին պատմվածքների մասին Ռ. Մուզիլը գրում էր` «Հայտնվել է մի երիտասարդ հեղինակ, որ գրում է Ռոբերտ Վալզերի ոճով»: Իրոք որ, Կաֆկայի որոշ տեքստեր Վալզեր են հիշեցնում նույնիսկ ռիթմով: Սակայն, ամենից առաջ, դրանք նման են (աննմանությամբ հանդերձ) իրենց կոմիզմի ու մելամաղձոտության, բանաստեղծականի եւ ծաղրանքի միաձուլմամբ: Հավաքածուում տեղ են գտել Ռ. Վալզերի մանրապատումները տարբեր գրքերից: Դրանցից ամենահայտնին «Վարդն» է` 1921 թ. Բեռնում գրած շարքը (շուտով նա իրեն կմեկուսացնի «արդիականության տաճարում»՝ Վալդաուի հոգեբուժարանում, ուր նա անցկացրեց կյանքի մեծագույն մասը): «Վարդի» տեքստերն առանձնանում են ոչ միայն հարաճուն անհանգստությամբ: Եթե առաջ շատ բաներ հաղթահարվում էին ընտրելու կոմպոզիցիոն շրջանակի բացակայությամբ (կենցաղային սյուժեի փոխարեն` տրամադրության սյուժե), ապա «Վարդի» «թերթերը»՝ ռացիոնալ պատահականության պոեմներ են, սյուրռեալիզմի մոտավոր սաղմերը, որոնք տեսանելի են արձակում՝ Ռայմոն Ռուսսելից մինչեւ Ժորժ Պերեկ եւ Վիլա Մատաս: Հայտնվում է փոքր-ինչ այլ Վալզեր, ում մասին Վալտեր Բենիամինը գրում էր` «Ամեն ինչ նրան թվում է հանկարծ կորուսյալ, բառահոսքը դուրս է ժայթքում, ամեն մի նոր նախադասություն լոկ մի խնդիր է հետապնդում` ջնջել հուշը նախորդի մասին»: Պերսոնաժները հընթացս ձեռք են բերում եւ փոխում անունները… Ձայները սկսում են միմյանց ընդհատել, այն ձայները, որոնք կհետապնդեն Վալզերին Վալդաուից առաջ: Դրանց մեջ ամենից հաճախ հնչում է հեղինակի ձայնը` նա շփվում է իր պերսոնաժների հետ, դիմում է ընթերցողին, բայց ամենեւին չի խառնվում առտնին կյանքին: Ավելի ուշ հենց նույն օտարման տարատեսակությունն ենք գտնում Ֆ. Կաֆկայի երկերում: Իր ամենահայտնի մանրապատումներից մեկում, Աստված խղճալով անարգ աշխարհը՝ մի անգամ ստեղծած երկիրը կրկին թաքցրեց պարկի մեջ: Սակայն ի՞նչ ստացվեց: Ծնվեց Ոչինչը, որի մասին մենք զորու չենք ինչ-որ բան գրել: Այդպես եւ Ռոբերտ Վալզերը փակեց «այժմեականության տաճարի» դուռն ու հեռացավ…

Երկրորդ գիրքը, որ լույս է ընծայել «Միտին ժուրնալ» հրատարակությունը 2005 թվականին, Ռ. Վալզերի 1925 թ. գրած «Ավազակ» վեպն է` անկշռելի սիրային կապերի, պարապ զբոսանքների, սուրճի գդալների, ծնկահամբույրների լաբիրինթոս, իսկ ինքը՝ գլխավոր հերոսը, մեկ անփութորեն զրուցում է քաղաքագետների հետ, մեկ փոխակերպվում կարճ անդրավարտիքով տղայի աղախնի, եւ ավազակի հանդերձանքը` կողքից ցից ատրճանակով, ու բարետես ճերմակ գոգնոցը նույնքան սազում են նրան: Ընդմեջ վեպի ամպե թեթեւության շողարձակում է ոչ թե մթին, այլ լուսավոր մելամաղձությունը: Վալզերը գրառել է այդ ցաքուցրիվ պատումը համարյա թե գաղտնագրությամբ` մանրադիտակային ձեռագրով` կարտոնի կտորների եւ փաթեթավորման թղթերի վրա: Իսկ մի քանի տարի անց դարձավ Վալդաու հոգեբուժարանի խնամառուն: Այդ մանրագրի վերծանման վրա 15 տարի ծախսեցին չորս բանասերներ, եւ վեպը լույս տեսավ միայն 1972 թվականին:

Իսկ մենք, կարծում եմ, կանդրադառնանք նրան, մտաբերելով Սյուզան Զոնտագի խոսքերը` «Ռոբերտ Վալզերն այս հարյուրամյակի գերմանագիր կարեւորագույն գրողներից մեկն է` երեւելի գրող…»: Նա նրան կոչում էր` «Արձակի Պաուլ Կլեե` նույնքան նուրբ, վեհերոտ եւ տանջահար»: