Կմիավորվե՞ն

04/02/2008

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Տավուշի եւ Լոռվա մարզերում: Առաջին կանգառը եղել է Կոթի գյուղում, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանին դիմավորել են աննախադեպ ջերմությամբ: Նրա հետ հանդիպմանը մասնակցել է գրեթե ողջ գյուղը: Հիշեցնենք, որ Կոթին Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է: Առաջին նախագահը երեկ այցելել է նաեւ Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներ: Եղանակային վատ պայմանների պատճառով Լ. Տեր-Պետրոսյանը Վանաձոր է հասել մոտ 2 ժամ ուշացումով: Վանաձորում նա հայտարարել է. «Մարդիկ, ովքեր մտահոգվում են այս երկրի մասին, միանալու են այս շարժմանը: Չի լինելու որեւէ գիտակից մարդ, որ դա չանի: Ես մի քիչ կարող է առաջ ընկնեմ. ես լուրջ հիմքեր ունեմ ասելու, որ մեզ միանալու են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Սա ազգային-ազատագրական պայքար է»: Ի դեպ, Ա. Բաղդասարյանը երեկ Չարենցավանում բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե նրանց հրավիրում է վաղը Երեւանի Ազատության հրապարակում իր հրավիրած հանրահավաքին, որտեղ իրենց առաջիկա քայլերի մասին քաղաքական կարեւոր հայտարարություններ կարվեն: Ի դեպ, երեկ «Շանթ» հ/ը եթերում Արտաշես Գեղամյանը հայտարարել է, որ առաջիկայում Լ. Տեր-Պետրոսյանը հանելու է իր թեկնածությունը: