Անցած գիշեր ոտնձգության են ենթարկվել ՀՀ նախագահի երկու թեկնածուների շտաբները: Ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ էր ստացել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Սերյոժա Ալեքսանյանից, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 12 հասցեում գտնվող նախընտրական շտաբի ուղղությամբ: Ավելի ուշ Ս. Ալեքսանյանից դարձյալ ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են եղել նաեւ Երեւանի Միկոյան փողոցի 14 շենքի նկուղային հարկում գտնվող նախընտրական շտաբի վերեւում տեղակայված վարսավիրանոցի պատուհանի ուղղությամբ: ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, առաջին ահազանգի հետքերով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ կրակոցներն արձակվել են նախորդ գիշերը, ժամը 02:03-ի սահմաններում, ինչի հետեւանքով կոտրվել են պատուհանների ապակիները: Շտաբի մուտքի դռան դիմաց՝ մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են հրացանի պարկուճի մեջ գնդակներ ամրացնող պոլիէթիլենային երկու ամրիչներ, որոնք առգրավվել են: Երկրորդ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբն էլ պարզել է, որ կրակոցն արձակվել է գիշերը, նույն ժամին: Վարսավիրանոցի մուտքի դռան դիմաց՝ 3մ հեռավորության վրա հայտնաբերվել եւ առգրավվել է հրացանի պարկուճի մեջ գնդակ ամրացնող պոլիէթիլենային մեկ ամրիչ: Դեպքերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր` «խուլիգանություն` զենքի գործադրմամբ» հատկանիշներով:
Անցած գիշեր անհայտ անձինք հրկիզել են նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական գրասենյակի դուռը: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ` թեկնածուի` Լոռու մարզի նախընտրական շտաբի պետի տեղակալ Ռուբիկ Ոսկանյանը՝ գրասենյակի հերթապահը, սկզբում նկատել է մի «Ժիգուլի» ավտոմեքենա, այնուհետեւ պայթյուն է լսել: «Աստիճանների վրա բենզինով երկու շիշ են տեղադրել: Շշերը վառել են, մուտքի դուռը սկսել է այրվել: Հերթապահն է դուրս եկել եւ ջրով հանգցրել կրակը»,- պատմել է Ոսկանյանը` վստահեցնելով, որ հերթապահը որեւէ վնասվածք չի ստացել: Դեպքի վայր են եկել Վանաձորի ոստիկանները, տեղազննություն են կատարել: