Ընտրակաշառք՝ պետական մակարդակո՞վ

04/02/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Պետական ռեսուրս է օգտագործվում այնպիսի արտառոց ձեւով, որ որեւէ նորմալ երկրում այս ընտրությունները ֆարս կլինեին: Երեկ հրավիրած ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ պետական ապարատը, Ոստիկանությունը, իրավապահ բոլոր մարմինները, Հարկայինը, Մաքսայինը զբաղված են գործող ռեժիմի վերարտադրությունն ապահովելու գործով: Ասվածի փաստերն, ըստ նրա, տասնյակ հազարավոր են, սակայն նա երեկ խոսեց դրանցից ամենաարտառոցների մասին եւ խոսեց փաստերով: «Ինչպես գիտեք, նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 6-ը նախատեսված էր թեկնածուների առաջադրման համար: Մինչ մյուս 8 թեկնածուները զբաղված էին իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելով, թեկնածուներից մեկը՝ գործող վարչապետը, ընդունում է որոշում՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին»,- տեղեկացրեց Ա. Արզումանյանը՝ ներկաներին ցույց տալով այդ որոշման պատճենը: Այսպես, համաձայն ՀՀ վարչապետի՝ 2007 թվականի դեկտեմբերի 4-ի N 855-Ա որոշման, ՀՀ կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերը բազմակողմանի ուսումնասիրելու, ներկայացված դիմում-բողոքները համակողմանի ու լիարժեք քննարկելու, այդ ոլորտում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու եւ ՀՀ վարչապետին ամփոփ վերլուծական նյութեր տրամադրելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են 13 անձինք՝ բոլորն էլ պետական պաշտոնյաներ: Խմբի ղեկավարն է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Ա. Բադալյանը: Աշխատանքային խումբը տեղակայված է Խորենացի 7 հասցեում, ունի թեժ գծի եւ քաղաքային երկուական հեռախոսահամարներ, համակարգիչներ, որոնք միացված են ՀՀ կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնի համակարգչային ցանցին: Աշխատանքային խումբն ամբողջ օրն անցկացնում է երեք տեսախցիկների հսկողության ներքո, խումբը փաստացի ղեկավարում է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Մարգարիտա Ազարյանը, խմբի աշխատանքների կոորդինացումն էլ իրականացնում է ՀՀ վարչապետի ռեֆերենտ Արմեն Աբելյանի կողմից ղեկավարվող «խորհուրդը»: Ուրեմն՝ ի՞նչ է անում այս խումբը: Ինչպես հայտնի է, ՄԻԱԿ անունով կուսակցության կողմից դռնեդուռ ծրագիր է իրականացվում՝ դեռեւս պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ: ՄԻԱԿ-ականները հորդորում են ընտրել Սերժ Սարգսյանին ու քաղաքացիներին տալիս են դիմումի ձեւ, որում տվյալ քաղաքացին կարող է իրեն հուզող հարցերով, օգնության խնդրանքով դիմել «ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետին» (դիմումի վերեւի մասում այդպես է նշված): Եվ ահա, վարչապետի վերոնշյալ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հիմնական աշխատանքը, ըստ Ա. Արզումանյանի, ՄԻԱԿ-ի բերած վերոնշյալ դիմումների մշակումն է: Հունվարի 29-ի դրությամբ՝ ՄԻԱԿ-ն աշխատանքային խմբին է փոխանցել մոտ 10 հազար դիմում: Դիմումներում մեծ թիվ են կազմում ֆինանսական օգնության, աշխատանքի տեղավորման, ուսման վարձը փոխհատուցելու, վերելակների եւ տանիքների նորոգման, գազիֆիկացման եւ գազատաքացուցիչների տեղադրման եւ այլնի հետ կապված հարցերը: Նույնիսկ եղել են դիմումներ, որոնցով Ս. Սարգսյանին հորդորվում է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Դիմումները խմբավորվելուց եւ ՀՀ կառավարության աշխատակազմ մուտքագրելուց հետո զեկուցվում են «խորհրդին», որտեղ որոշվում է, թե ով պետք է կատարի այս կամ այն խումբ դիմումների հետ կապված ծախսերը: Աշխատանքային խմբի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ՄԻԱԿ անդամների վրա դիմումներ բերելու «պլան է դրված»: Զգալի քանակով դիմումներ գրված են նույն ձեռագրով ու ստորագրությամբ կամ 3-րդ դեմքով: Գազի հետ կապված խնդրանքները լուծելու է «ՀայՌուսգազարդը», վիրահատության հարցերը լուծվելու են ՀՀ Առողջապահության նախարարության միջոցներով, հաշմանդամներին անհրաժեշտ սայլակներ ու այլ սարքեր տրամադրվում են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Խստիվ հանձնարարված է որեւէ դիմումի բացասական պատասխան չտալ: Ա. Արզումանյանի ձեռքի տակ երեկ կային նմանօրինակ բազմաթիվ լրացված դիմումներ: Ա. Արզումանյանը տեղեկացրեց, որ ասուլիսից առաջ ինքը զանգահարել է նշված հանձնաժողով (500313, 500314 հեռախոսահամարներով), ներկայացել որպես 2-րդ կարգի հաշմանդամ ու օգնություն խնդրել: Ճշտելով, որ նրան ՀՀԿ շտաբից են «խորհուրդ տվել» զանգահարել, Ա. Արզումանյանին առաջարկել են ձեւաթուղթ լրացնել: Սակայն սա դեռ ամենը չէ: Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը երեկ ներկայացրեց ձեւաթուղթ, որն, ըստ նրա, մշակվել է Ս. Սարգսյանի նախընտրական շտաբում: Նա ներկայացրեց լրացված մի քանի ձեւաթղթեր: Դրանց վրա նշված է հերթական համարը, քաղաքացու անուն-ազգանուն-հայրանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը, հասցեն, անձնագրի համարը, տեղամասը, տան եւ բջջային հեռախոսահամարները: Ամեն մի թղթի վրա գրված է պատասխանատուի անունը: Իրավախախտումների վերոնշյալ փաստերը Տեր-Պետրոսյանի շտաբը մտադիր է ներկայացնել ԵԽ ԽՎ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություններին: «Ավազակապետությունն այս իրավակարգի փաղաքշական անվանումն է»,- նկատեց բանախոսը: Այսքանից հետո, ըստ նրա, ազատ, արդար ընտրության մասին խոսք լինել չի կարող: Սակայն նա վստահեցրեց, որ իրենք կեղծիքներ թույլ չեն տալու, ձայներին տեր են լինելու եւ հաղթելու են հենց առաջին փուլով: