Վրացյան 71 եւ 71ա բնակելի շենքերն ընդամենը 3 տարի առաջ են շահագործման
հանձնվել: ՀՀ նախագահն ինքն անձամբ է կտրել այս շենքերի կարմիր ժապավենը:
«Էնքան սիրուն էր մեր շենքի բակն այդ ժամանակ,- հիշում են շենքի
բնակիչները,- ամբողջովին կանաչ խոտ էր ու դեղին ծաղիկներ: Երեխաներն
ամբողջ օրը խաղում էին այդ բակում»: Սակայն կանաչ-դեղին երջանկությունը
շատ երկար չի տեւել: Շենքի բացումից մոտավորապես մեկ տարի անց շենքերի
դիմաց նոր շինարարություն է սկսվում, ինչի արդյունքում կանաչ խոտի ու
դեղին ծաղիկների հետքն էլ չի մնում: Փոխարենն այնտեղ հիմա սովորական
աղբանոց է: Բացի այդ, շինարարության հեղինակները հարկ են համարել
բանվորների համար զուգարան կառուցել հենց այդ բակում: Բնակիչները հիշում
են, որ զուգարանի տեղում ծառ է եղել, բայց մի օր արթնացել ու տեսել են
ծառի փոխարեն՝ զուգարան: Ընդ որում, զուգարանը շենքերից այնքան
հեռավորության վրա է, որ բնակիչներն աշխատում են պատուհանները փակ պահել,
որպեսզի այդ «բուրմունքը» ներս չթափանցի: «Զուգարանից միայն շինարարության
բանվորները չէ, որ օգտվում են,- պատմում են բնակիչները,- մեկ էլ կտեսնես՝
փողոցից մեկը վազեվազ եկավ, հետո՝ շալվարը կոճկելով հետ ա գնում: Մեկ-մեկ
ալարում են նույնիսկ զուգարանի դուռը կարգին ծածկեն»: Շենքերի մոտ իր
երթուղին է ավարտում նաեւ 96 համարի երթուղային տաքսին, որի վարորդների
համար էլ է այս զուգարանը «փրկության ափ»: Բնակիչները մի քանի անգամ
բողոքել են շինարարության եւ զուգարանի հետ կապված, մամուլում այդ մասին
հրապարակումներ էլ են եղել, սակայն անարդյունք: «Քաղաքապետարան էլ ենք
դիմել,- պատմում էր մի բնակչուհի,- մի անգամ մեզ նույնիսկ ասացին՝
շինարարությունը ձեր շենքի բնակիչ է իրականացնում, իրան բողոքեք»: «Շենքի
բնակիչը» քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանն է: «Էդ
շինությունը, ճիշտ է, իր անունով չի, իր քեռու՝ Վիգեն Խաչատրյանի անունով
է, բայց հաստատ Սուրիկինն ա, «սուպերմարքետ» ա սարքում»,- պատմում էր մեկ
այլ բնակիչ: Թեեւ բնակիչները ոչ այնքան շինարարության դեմ են բողոքում,
որը «եթե մի հարկ էլ բարձրանա՝ մեր տների լույսն ա փակելու», որքան
զուգարանից ու նրա շուրջ ստեղծված անմխիթար վիճակից:
Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանը, ով իսկապես Վրացյան
71 հասցեում է բնակվում, հերքեց շինարարության հետ իր առնչությունը: Իսկ
զուգարանի մասին լսելով՝ պարզապես զարմացավ: Ինչ վերաբերում է բնակիչների
բողոքներին, կրկին զարմացավ, թե ինչու իրեն չեն դիմել: Եվ խոստացավ
անպայման զբաղվել զուգարանի հարցով:
Հ.Գ. Ի դեպ մեր հրապարակումն արդեն պատրաստ էր տպագրության, երբ
զանգեցին բնակիչները եւ շնորհակալություն հայտնեցին. զուգարանը
ապամոնտաժել են: