Հետաքրքիր ընտրություններ

04/02/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի ղեկավար Ջոն Պրեսկոտը կարծիք է հայտնել, որ ՀՀ նախագահական ընտրությունները հենց այդպիսին են լինելու։ Ըստ էության, նա ճիշտ է. մեր ընտրությունները եւ դրանց կազմակերպիչները միշտ էլ ունակ են հետաքրքրել եւ զարմացնել օտարերկրացիներին՝ ամեն անգամ ցուցադրելով ընտրակեղծարարության ոլորտի հերթական նվաճումները։

Ավելին, պրն Պրեսկոտն արդեն իսկ զարմացած է՝ ասելով, որ մեր ընտրական տեղամասերում այնքան շատ մարդ է լինում, որ դրանք նմանվում են երկաթգծի կայարանների։ Նա նշել է նաեւ անհամաչափ լուսաբանման մասին։

Ընդ որում, անգլիացի Ջ. Պրեսկոտը Հայաստանում շատ կարճ ժամանակ է անցկացրել, իր աչքով չի տեսել այն, ինչ կատարվում է ընտրությունների օրը եւ հաջորդ օրերին։ Նման բաները Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ պրն Պրեսկոտին շատ կզարմացնեն։ Տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպը լավագույն ապացույցն է, թե որքա՜ն մեծ կարող է լինել նրա զարմանքը։ Հանդիպումներից մեկի ժամանակ մի երիտասարդ ձվով հարվածում է Պրեսկոտին։ Վերջինս հարձակվում է երիտասարդի վրա, եւ կռիվ է սկսվում։ Հետաքրքիրն այն է, որ ոստիկանները միանգամից վրա են տալիս ոչ թե երիտասարդին, այլ փոխվարչապետին։ Այս կադրերը բազում անգամներ ցուցադրվել են հեռուստատեսությամբ։ Ովքեր ձեռքի տակ ինտերնետ ունեն, կարող են դիտել այս հասցեով՝ http://www.youtube. com/watchգv=VRQDnGTcc4A։ Ճիշտ է, երիտասարդին հետո ձերբակալել են, բայց շուտ էլ ազատ են արձակել։ Հիմա պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե ինչ-որ մեկը ձվով հարվածեր Պրեսկոտի հայաստանցի կոլեգային։ Եթե պատկերացնեք, ապա մոտավոր պատկերացում կկազմեք նաեւ Հայաստանի եւ Անգլիայի տարբերության՝ հետեւաբար՝ նաեւ Ջ. Պրեսկոտի զարմանքի չափի մասին։ Ընդ որում, արտասահմանցիները շատ բաների վրա են զարմանում, պարզապես չեն արտահայտվում։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է չզարմանալ, եթե 2006-ին «Transparency International»-ի համաձայն՝ բնակչության ճնշող մեծամասնությունը իշխանություններին համարում է կոռումպացված, 2007-ի խորհրդարանական ընտրություններին «ընտրում» է նույն իշխանությանը, իսկ 2008-ին՝ ըստ մերօրյա մարգարե Ահարոն Ադիբեկյանի, պատրաստվում է մեկ փուլով ընտրել իշխանական թեկնածուին։ Մնում է գուշակել՝ ո՞վ է ավելի շատ զարմացնում արտասահմանցիներին՝ Ահարոն Ադիբեկյա՞նը, թե՞ հայաստանյան էլեկտորատը։ Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանի եւ մյուս սոցիոլոգների տեսակետներին (երբ նախապատվությունը միշտ տրվում է իշխանության ուժերին) սովոր հայ ընտրողներն էլ իրենց հերթին կարող են զարմանալ արտասահմանցիների վրա։ Օրինակ, բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ են ընդունում ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Մեզ համար արտասովորն այստեղ թեկնածուների հնարավորություններն են՝ դեմոկրատների (փաստացի ընդդիմության) թեկնածուի հաղթանակը գնահատվում է 1.35 գործակցով, իսկ իշխանության՝ հանրապետական թեկնածուի հաղթանակը՝ 2.70 գործակցով։ Պետք է նշել, որ սա ընդամենը գնահատական չէ՝ բուքմեյքերական ընկերությունները գործ ունեն ռեալ գումարների հետ։ Նրանք գրեթե համոզված են, որ հաղթելու է ընդդիմությունը, այլապես մեծ գումարներ կկորցնեն։

Պատկերացնո՞ւմ եք Հայաստանում նման վիճակ՝ երբ բուքմեյքերական ընկերությունը ընդդիմության շանսերն ավելի բարձր գնահատի։ Դա գրեթե նույնքան անհնարին է, որքան, եթե Ահարոն Ադիբեկյանը հայտարարի, որ ընդդիմության վարկանիշն ավելի բարձր է, կամ՝ մեր փառապանծ շոու-բիզնեսի աստղերից գոնե երկուսը հայտարարեն, որ աջակցում են ընդդիմությանը, կամ, եթե «Հայլուրով» գոնե մի անգամ ընդդիմության հասցեին հեգնանքով չխոսեն։ Նման հրաշքներ Հայաստանում չեն լինում։ Եվս մի հետաքրքիր հարց է առաջանում. ինչո՞ւ հայաստանյան բուքմեյքերները հայ ընտրողներին հնարավորություն տալիս են խաղադրույք կատարել ԱՄՆ ընտրությունների վրա, իսկ ավելի շուտ կայանալիք ՀՀ ընտրությունների վրա խաղադրույքներ չեն ընդունում։ Նշենք, որ խաղադրույքներ ընդունվում էին նաեւ Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ։ Եթե Ահարոն Ադիբեկյանը, «Գելլափը» եւ այլք հայտարարում են, որ իշխանական թեկնածուի շանսերն ավելի բարձր են, միգուցե խաղադրույքնե՞ր սահմանեին՝ իշխանական թեկնածուի հաղթանակը՝ 1.10 գործակից, ցանկացած ուրիշ թեկնածուի հաղթանակը՝ 10 գործակից։

Օրինակ, ֆուտբոլի պարագայում հայկական բուքմեյքերական ընկերությունները սովորաբար խաղադրույք չեն վերցնում, որովհետեւ վստահություն չկա։ Շատ հնարավոր է՝ ֆուտբոլիստներն ամբողջ թիմով խաղադրույք կատարեն հակառակորդի հաղթանակի օգտին եւ դիտավորյալ պարտվեն (առավելեւս, որ պարտվելը նրանցից մեծ ջանքեր չի պահանջում)։ Իսկ ընտրությունների պարագայում դժվար թե նման բան լինի։ Ավելին, «չկողմնորոշված էլեկտորատը», սթափ դատելով, խաղադրույք կկատարի իշխանության թեկնածուի վրա։ Հետո՝ հանուն իր գումարի, կգնա եւ կքվեարկի այդ թեկնածուի օգտին։ Հաղթելու դեպքում՝ կշահի եւ՛ «չկողմնորոշված» խաղադրույք կատարողը՝ գումարի տեսքով, եւ՛ տվյալ թեկնածուն՝ պաշտոնի տեսքով։ Թվում է՝ միակ տուժող կողմը կլինի բուքմեյքերական ընկերությունը, սակայն այստեղ էլ լավ լուծում կարելի է գտնել՝ շահումները կվճարի իշխանության թեկնածուի նախընտրական շտաբը՝ որոշ տոկոս թողնելով բուքմեյքերին։ Այդպես ավելի էժան կլինի, քան ընտրակաշառք բաժանելը։ Դիտորդներն էլ ոչինչ չեն նկատի եւ չեն զարմանա։ Իսկ ընտրությունները կդառնան ավելի հետաքրքիր՝ հաշվի առնելով ազարտը։ Միգուցե անե՞ն, դեռ ահագին ժամանակ կա…