ՌԴ-ում՝ Մեդվեդեւը, ՀՀ-ում՝ Սարգսյանը

04/02/2008

«Հաջորդ նախագահի տոնը կարող են փչացնել». այսպես է վերնագրել իր հոդվածը «Վրեմյա նովոստեյ» թերթի լրագրող Իվան Սուխովը` օրերս անդրադառնալով

ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին նվիրված Մոսկվայում տեղի ունեցած կլոր սեղանի քննարկմանը, որին մասնակցել են ազգությամբ ռուս եւ հայ փորձագետներ եւ քաղաքագետներ:

Ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ ՀՀ-ում ընտրություններից երեք շաբաթ առաջ իրավիճակը «ինտրիգներով ու գործող անձանցով հիշեցնում է ՌԴ նախագահական ընտրությունները»: «Միասնություն հանուն Ռուսաստանի» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը համեմատել է երկու երկրների նախընտրական կամպանիաները:

Ըստ Նիկոնովի` գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտվում է սահմանադրությամբ նշանակված ժամկետում, եւ, ինչպես Վլադիմիր Պուտինը, նա եւս հույս ունի, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո հուսալի հետնորդ կունենա եւ աշխատանքի արժանավայել տեղ: «Դմիտրի Մեդվեդեւի» դերում ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանն է, որը մինչեւ անցած տարվա գարուն կառավարությունում բացառապես ուժային պաշտոններ է զբաղեցրել: Ս. Սարգսյանը իշխող` Հանրապետական կուսակցության առաջնորդն է, որը 2007թ. խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը:

Քաղաքագետի համոզմամբ՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հեռանկարները կարելի է հիանալի համարել: «Նա երիտասարդ է, եռանդուն, բավականին ժողովրդականություն ունի»,- ասել է Վ. Նիկոնովը, որի ներկայացրած տվյալների համաձայն` անցյալ շաբաթ Ս. Սարգսյանին պատրաստ էին ձայն տալ քվեարկողների 47,5%-ը: Նիկոնովի համոզմամբ` Ս. Սարգսյանին աջակցում է նաեւ հայկական սփյուռքը: Քաղաքագետը սփյուռքի տրամադրությունները ներկայացրել է՝ որպես «հայամետ» եւ «հակաթուրքական»:

«Կլոր սեղանի» մասնակիցները նշել են, որ թեկնածուների մեջ կա մի հզոր հակառակորդ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սպառնում է իր շուրջ համախմբել ընդդիմության մեծ մասին: «Մատենադարանում 10 տարի նստելուց հետո Տեր-Պետրոսյանը խոսում է Բերեզովսկու նման»,- նկատել է կլոր սեղանի մասնակից, ՌԴ գրողների եւ լրագրողների միության անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը: Ռուս փորձագետները Տեր-Պետրոսյանի մասնակցությունը նախընտրական քարոզարշավին համեմատել են ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի փորձի հետ, երբ վերջինս 1996թ. փորձում էր նորից իշխանության գալ` Ելցինի հետ մրցակցելով: Ըստ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի` ՀՀ ժողովուրդն արդեն հոգնել է ներկա իշխանություններից եւ վախենում է, որ երբ նախագահն ու վարչապետն իրենց տեղերը փոխեն, այս իշխանությունը հարատեւ կլինի: Ս. Կուրղինյանը կասկածանք է հայտնել, թե Տեր-Պետրոսյանն ի վիճակի կլինի դառնալ «նարնջագույն հեղափոխության» առաջնորդ, քանի որ նա, ըստ փորձագետի, ավելի նման է Լեոնիդ Կուչմային, քան Վիկտոր Յանուկովիչին:

Միեւնույն ժամանակ, Ս. Կուրղինյանը Ռուսաստանին նախազգուշացրել է միանգամայն վստահ չլինել, թե «Հայաստանն իրենց գրպանում է». Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան, բայցեւ հակաարեւմտյան տրամադրություններ էլ չկան:

Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Սեյրան Բաղդասարյանը չի բացառում երկրորդ փուլի հնարավորությունը: Նրա համոզմամբ` երկրորդ փուլում Ս. Սարգսյանը կհաղթի Տեր-Պետրոսյանին, սակայն վերջինս կկարողանա փչացնել հաղթողների տոնը ՀՀՇ-ի իր հին գործընկերների օգնությամբ, որոնք հիանալի տիրապետում են միտինգային քաղաքականությանը: Վ. Նիկոնովը, սակայն, չի հավատում ոչ հեղափոխական սցենարին, ոչ Տեր-Պետրոսյանի հաղթանակին: Սակայն նա վստահ է, որ Ռուսաստանը կաջակցի ներկայիս նախագահի «հետնորդին», թեեւ զգուշանում է, որ նման բացահայտ աջակցությունը կարող է եւ բացասական դեր խաղալ: Քաղաքագետները նաեւ նկատել են, որ երկու երկրների հարաբերություններն այնքան էլ «անամպ» չեն. ՌԴ-ն թանկացրել է գազի գինը, պարտքի դիմաց վերցրել մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններ, Ադրբեջանի հետ չեզոք հարաբերություններ է պահպանում: Բացի այդ, ՀՀ-ում խիստ ցավոտ են արձագանքում ՌԴ-ում նացիստների կողմից հայ երիտասարդների նկատմամբ բազմաթիվ հարձակումներին: Գրող Կրիվոպուսկովը փորձել է հանգստացնել քննարկմանը ներկա հայ գործընկերներին` հայտարարելով, որ տուժած հայերին ծեծում եւ սպանում էին ոչ այն պատճառով, որ նրանք հայ են, եւ, որ նացիստների կողմից տուժածների մեջ հայերը մեծամասնություն չեն կազմում: Սակայն հենց այդ ժամանակ քաղաքային հիվանդանոցում մահացել է հայ երիտասարդ ուսանող Վլադիմիր Կարամաջյանը, որին նախորդ օրն առավոտյան դանակահարել էին: Այս ֆոնին Ռուսաստանի աջակցությունը իշխանական թեկնածուին կարող է նաեւ վատ ծառայություն լինել:

Վ. Նիկոնովի տվյալներով` Հայաստանն արձանագրում է տարեկան 13% տնտեսական աճ: Սակայն ՌԴ Գիտությունների ակադեմիայի աշխատակից Ա. Արեշեւը նկատել է, որ աճ է արձանագրվում միայն այն ոլորտներում, որոնք աճում են գրեթե բոլոր երկրներում` շինարարության եւ հեռուստակոմունիկացիայի: Տնտեսության ոլորտում աճը չի գերազանցում 2%-ը: Մոսկվայի Պետհամալսարանից Ալեքսանդր Կարավաեւը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ՀՀ-ը գտնվում է փաստացի տրանսպորտային շրջափակման մեջ, եւ Ղարաբաղյան հակամարտության պատճառով կտրված է Ադրբեջանից եւ Թուրքիայից, իսկ ռուս-վրացական սահմանին խնդիրների պատճառով կարող է օգտագործել միայն Իրանի հետ սահմանը: Քաղաքագետներն այս առիթով հիշել են նաեւ ռուս երկաթուղայինների ծրագրերի մասին, ըստ որի՝ երեք ամսվա ընթացքում ՀՀ-ի համար տրանսպորտային ուղի կբացվի Վրաստանի միջով, որը Նիկոնովն անվանել է «կյանքի ճանապարհ»: Սակայն բանն այն է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանին կապում է միակ երկաթգիծը, եւ այն էլ անցնում է Բաքվով: Երկրորդ գիծը դեպի Հայաստան էր տանում Վրաստանի եւ Աբխազիայի միջով, սակայն Աբխազիայում այն կիսով չափ ավերված է: Դրա վերականգնումը դժվար թե հնարավոր լինի մինչեւ վրաց-աբխազական հակամարտության կարգավորումը, իսկ դա անշուշտ երեք ամսից երկար կտեւի:

Պատրաստեց Ա. ՔԱՄԱԼՅԱՆԸ