«Չկաշառվեք, հետո քթներիցդ բերելու են»

04/02/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում էր:

Երեկ այս մարզում Ա. Բաղդասարյանի առաջին եւ վերջին կանգառն էր: Չարենցավանցիների հետ հանդիպումը տեւեց մոտ 40 րոպե եւ կայացավ Չարենցավանի՝ Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Ի դեպ, դպրոցի պատերին թե՛ ներսից, թե՛ դրսից փակցված էին նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի քարոզչական պաստառները: Իսկ նշված դահլիճը երեկ լեփ-լեցուն էր. նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը ներկա էին մոտ 400 չարենցավանցիներ, որոնց մեջ զգալի թիվ էին կազմում Ա. Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության անդամները: Դահլիճում կային նաեւ երիտասարդներ, ովքեր կրում էին կարմիր վերնաշապիկներ, որոնց վրա գրված էր. «Իմ ձայնը՝ Արթուր Բաղդասարյանին»: Վերնաշապիկների վրա այլ մտքեր էլ կային գրված: Հանդիպման մասնակիցների ձեռքերին կարելի էր տեսնել Ա. Բաղդասարյանի նկարով պաստառներ, նախընտրական ծրագրեր եւ այլն: Ներկաներն Ա. Բաղդասարյանին դիմավորեցին ծափերով ու թեկնածուի անունը վանկարկելով: Մի մասն անգամ ոտքի կանգնեց: Հանդիպման ընթացքում նախագահի թեկնածուին հարց ուղղելու հնարավորություն չտրվեց, փոխարենը հնչեց ընդամենը երկու ելույթ: Առաջինը ելույթ ունեցավ Ա. Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Նա փաստեց, որ գործող իշխանությունները ժողովրդին ընտրակաշառքների տեսքով «չնչին կոպեկներ են տալիս, իսկ իրենք կիտում, դիզում» եւ «կլանի միջոցով» թալանում ու ավերում երկիրը: «Պետք է «ոչ» ասենք այս ոհմակին»,- նշեց նա: Այնուհետեւ տիկին Բիշարյանը փորձեց մի քիչ ավելի կոնկրետացնել իր ասածը: Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հովանավորյալները երկիրը թալանում են: Հ. Բիշարյանը նշեց, թե երկրի հարստության կեսն ընդամենը 30-35 ընտանիքի ձեռքին է: Նա վստահեցրեց, որ իրենք առաջարկում են «բարեկեցիկ ապագա»: «Մեզ պետք է այնպիսի նախագահ, ով ծնվել եւ մեծացել է Հայաստանում»,- հայտարարեց Հ. Բիշարյանը: Նրանից հետո ելույթ ունեցավ Ա. Բաղդասարյանը: Վերջինս իր խոսքը սկսեց հարցով. «Չարենցավանում արդեն սկսե՞լ են անձնագրեր հավաքել»: Պատասխանները հակասական էին: Ընդհանրապես, երեկվա հանդիպման ժամանակ շատ խոսվեց այն մասին, որ չի կարելի ձայնը վաճառել: Ա. Բաղդասարյանը նշեց, թե վերջին ամիսներին ալյուրը թանկացել է, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները թանկացել են: Ապա, թե` ապօրինությունները շատ են, իսկ մեզ նորմալ երկիր է պետք, նոր Հայաստան: ՕԵԿ նախագահը հավաքվածներին զգուշացրեց, որ «փողով քվեարկողների քթներից են բերելու», իսկ հետո էլ իշխանություններն այդ անձանց «կաշին քերթելով` դա հետ են բերելու»: ՕԵԿ նախագահը նաեւ դժգոհեց հեռուստաեթերից՝ նշելով, որ այն ավելի շատ լուսաբանում է ԱՄՆ նախագահի ընտրությունները, քան ՀՀ նախագահի ընտրությունները: «Պետք է ազգովի «ոչ» ասել այս իշխանություններին»,- առաջարկեց նախագահի թեկնածուն: Կրկին խոսվեց անարդարություններից, եւ այն մասին, որ երկրում ոչ մի բնագավառի զարգացման հստակ ծրագիր չկա, որ Հայաստանում արդարադատություն չկա, որ «մարդիկ կան, որ ելել են այս երկրի եւ օրենքների շալակը»: Նա եւս մեկ անգամ կոչ արեց ընտրակաշառք չվերցնել: Իսկ նրանք, ովքեր, ըստ նրա, «որոշել են կամ ստիպված են» ընտրակաշառք վերցնել, թող վերցնեն, բայց չքվեարկեն այն թեկնածուի համար, ում համար այդ ընտրակաշառքը բաժանվել է: «Բա որ բռնվե՞նք»,- տարակուսեց ներկաներից մեկը: Ա. Բաղդասարյանը վստահեցրեց, որ չեն բռնվի, քվեարկությունը փակ, գաղտնի է: Ներկաներից մեկն էլ իրազեկեց, որ իրենք իրենց ձայնի արժեքը թանկացրել են, ու իր քվեի դիմաց արդեն 200 դոլար է ուզում: «Ես 300 կուզեի»,- կատակով արձագանքեց ՕԵԿ նախագահը: Վերջինս նկատեց, որ երբ ինքն առաջարկում է՝ մերժել ընտրակաշառքը, ծափերն այնքան էլ բուռն չեն լինում, սակայն երբ ասում է՝ «վերցրեք, բայց մի քվեարկեք», հնչում են բուռն ծափահարություններ: Այս դիտարկմանը եւս հետեւեցին բուռն ծափահարություններ: Վերջում ՕԵԿ նախագահը ներկաներին հրավիրեց վաղը Երեւանի Ազատության հրապարակում իրենց հրավիրած հանրահավաքին, որի ընթացքում, ըստ նրա, իրենց առաջիկա ծրագրերի մասին հայտարարություններ կարվեն: Այսքանով Ա. Բաղդասարյանի հանդիպումը Չարենցավանում ավարտվեց: Ի դեպ, Չարենցավանի մուտքի մոտ հսկայական ցուցանակն ազդարարում էր. «Մեր զենքը` մեր քաղաքն է»: