Կոկորդիլոսի արցունք մի՛ թափիր

04/02/2008

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն, առանց անուն նշելու` անդրադարձավ թեկնածուներից մեկի հայտարարությանը, թե մեր երկրի վիճակը գնալով վատանում է, թոշակները շատ չնչին են բարձրացել, հաշմանդամներն ընդհանրապես անտարբերության են մատնված, իսկ վարկերն էլ, որոնք տրվում են Հայաստանին` իշխանությունները թալանում են` մեծ բեռ կուտակելով հետագա սերունդների վրա:

Ակնարկը, սակայն, հասկանալի է` ուղղված էր ՕԵԿ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին: «Թեկնածուներից մեկը` շրջելով հանրապետությունով մեկ, կոկորդիլոսի արցունքներ է թափում ու նման բաներ է ասում: Սակայն պետք է նշեմ, որ մեր արտաքին պարտքն այսօր կազմում է մեր ՀՆԱ-ի ընդամենը 14, 8 տոկոսը: Այսինքն` գրեթե 1 միլիարդ 360 միլիոն դոլար: Սա, իրոք, մեծ թիվ է, բայց մեր հարեւան Թուրքիայի պարտքը կազմում է իր ՀՆԱ-ի 20.7 տոկոսը` 44 միլիարդ դոլար: Իսպանիայինը` 283 միլիարդ դոլար, Իտալիայինը` 945 միլիարդ դոլար: Ուր է, թե՝ կարողանայինք այնպես անել, որ կարողանայինք ապրել Իտալիայի նման երկրում, բայց, իհարկե, հասնելու ենք»,- ասաց Ս. Սարգսյանն ու թվարկեց նախորդ տարիների ՀՀ արտաքին պարտքը: «1997թ. ՀՀ արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 41.8 տոկոսը, 1998թ.` 41.6 տոկոս, 1999թ.` 46.2 տոկոս, 2000թ.` 46.1 տոկոս, 2001թ.` 42.7 տոկոս, 2002թ.` 43.2 տոկոս, եւ այսպես շարունակ»,- հիշեցրեց նա`ներկաներին հորդորելով համեմատել այդ թվերն ու ասել` «արդյոք աճպարարություն անող մարդն իրավունք ունի՞ ՀՀ նախագահ դառնալու հավակնություն ունենալ»: