Խլում են ազատամարտիկների հողերը

13/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Շահումյանի շրջանի գործկոմի նախագահ Վահան Զատիկյանն իր համայնքի՝
Արցախյան պատերազմից տուժած 29 ընտանիքներից յուրաքանչյուրին 1994թ. տասը
տարի ժամկետով գյուղատնտեսական նպատակներով 400-ական քմ հողատարածք էր
հատկացրել Արարատյան առաջին զանգվածում, Սեբաստիա-Կուրղինյան փողոցների
հատման եռանկյունում: Վարձակալության պայմանագրով հատկացված այդ անմշակ
տարածքը պատերազմից տուժածների ընտանիքները մշակել եւ դարձրել են արդեն
պտղատու այգիներ:

«Այս պարիսպի ամբողջ քարերը էս տարածքից ենք հավաքել, բա ինչքա՜ն աղբ ենք
հանել թափել,- բացատրում է Անուշ Ղազարյանը, որի 20 տարեկան տղան զոհվել
է: -Մեքենաներով հող ենք բերել լցրել: Այս հողը միանգամից չի դարձել
բերքատու, արյուն-քրտինք ենք թափել այստեղ: Ուրիշ հնարավորություն չենք
ունեցել, էս հողով ենք ապրել»:

Հողը մշակում են հիմնականում կանայք ու երեխաները, որովհետեւ տղամարդիկ
գնացել են կռիվ ու կամ չեն վերադարձել, կամ էլ վերադարձել են, բայց
հաշմանդամ:

 «Վահան Զատիկյանը միշտ ասում էր՝ կոտրվի էն ձեռքը, որ այս հողերը ձեզանից կվերցնի»,- հիշում էր տիկին Անուշը:

2003թ., վարձակալության 10 տարին դեռ չլրացած, պարզվում է, որ այդ հողերն
արդեն վաճառված են հինգ, որոշ տվյալներով՝ նաեւ տասը հոգու: Վարձակալները
հետաքրքրվում եւ բացահայտում են, որ գնորդներից մեկն ԱԺ պատգամավոր Հակոբ
Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբայրն է՝ Սիմոնը: Մյուս գնորդը Մալաթիա-Սեբաստիա
թաղապետարանի Կոմունալ բաժնի պետ Գեւորգ Ասատրյանն է: Նրանք ասում են, որ
այստեղ հող ունի նաեւ գլխավոր ճարտարապետի խորհրդական Արսեն Լալայանը:
Մյուսներին դեռ չեն գտել, բայց համոզված են, որ նրանք էլ պաշտոնյա են կամ
մեծահարուստ:

«Ամեն անգամ, երբ Գյուղշինվարչությունում այս հողի վարձերը մուծում էինք,
հետաքրքրվում էինք, թե ինչ փոփոխություն կա,- ասում է տիկին Անուշը: -Մեզ
միշտ պատասխանում էին, թե՝ բան չկա: Մենք էլ հանգիստ մշակում էինք:
Պարզվում է, գիշերը թաքուն աճուրդ են կազմակերպել ու էդ հողերը վաճառել
են: Թաղապետ Աղվան Գրիգորյանը մեզ ասում է, թե ինքը կապ չունի,
քաղաքապետարանն է վաճառել: Քաղաքապետարանից Կամո Արեանն էլ՝ թե իրենք
տեղյակ չեն եղել, որ այդ հողերն պատերազմից տուժածներն են մշակել, փաթեթը
թաղապետն է ներկայացրել»:

Պարոն Գրիգորյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հերքեց, որ ինքն այդ
հողի ու վաճառքի հետ որեւէ կապ է ունեցել: Նրա ասելով՝ ադ հողերը
պատկանում են քաղաքապետարանին, ու քաղաքապետարանն օգտագործելու է
քաղաքաշինական նպատակներով: Այդ հարցով իր հետ խորհրդակցություն չի եղել:
Քաղաքապետարանի աշխատակիցները եկել, տեղում ուսումնասիրել են, ու հետո
հողերն աճուրդով վաճառել են:

«Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, սիրելի՛ս,- մոտավորապես այսպես պատասխանեց
թաղապետ Աղվան Գրիգորյանը: -Թե հետագայում ի՞նչ է լինելու՝ որոշելու է
կառավարությունը: Ես ո՞վ եմ, որ հողը վաճառեմ կամ որոշեմ, թե հետն ինչ է
լինելու: Վարչապետն էլ, նախագահի Վերահսկողության ծառայությունն էլ տեղյակ
են այդ գործից: Նրանք կուսումնասիրեն ու կորոշեն, թե ինչ են անելու: Իսկ
մեր Կոմունալ բաժնի պետն այդտեղ հող չի գնել»:

Յոթանասունամյա Եսթեր Թոմասյանի միակ որդին զոհվել է պատերազմում,
ամուսինն էլ վերջերս է մահացել: Հարեւանների ասելով՝ հենց նրա ու մեկ
ուրիշի մոտ 800 քմ հողն է վերցրել թաղապետարանի Կոմունալ բաժնի պետը:
Տիկին Եսթերի ապրուստի միակ հնարավորությունն այդ 400 քմ հողն էր: Նրա
տնկած բալի ծառերը տրակտորով տրորել, ջարդել են:

Պատերազմից տուժածների ընտանիքներն այդ մի կտոր հողը չկորցնելու խնդրանքով
դիմել են բոլոր պատկան մարմիններին՝ նախագահին, վարչապետին, պաշտպանության
նախարարին, քաղաքապետին, մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին
ու նույնիսկ Երկրապահների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանին:

«Բարձրացել ենք Եռաբլուր, նամակը Քոչարյանին ու քաղաքապետին ենք տվել,
խնդրել ենք, որ նրանք անձամբ կարդան ու պատասխան տան»,- տեղեկացնում է
տիկին Անուշը:

Այս բոլոր ատյաններին հասցեագրված դիմումներին պատասխանել է հիմնականում քաղաքապետարանը: Պատասխանից, սակայն, դեռ ոչինչ չի փոխվել:

«Քաղաքապետարանում Կամո Արեյանն ու Իվան Մազմանյանը մեզ հանգստացնում, հետ
էին ուղարկում,- պատմում է տիկին Վարդանուշը: -Հետ էինք գալիս, տեսնում
էինք գնորդները թաղապետարանի աշխատողի ու միլիցեքի հետ եկել, տրակտորը
մտցրել են հողի մեջ, որ ծառերը ջարդեն: Կռվում, վիճում էինք, նրանք
թողնում-գնում էին»:

Աղվան Գրիգորյանը հերքեց, որ այդպիսի միջադեպ է տեղի ունեցել.

«Ստում են, այդպիսի բան չի եղել,- փորձեց պաշտպանվել նա: -Եթե գալիս
բողոքում են, թող ինձ մոտ գան խորհրդակցելու, նրանց հետ դուք էլ եկեք,
տեսեք, թե ես ինչ կասեմ: Նրանք բոլորն իմ բարեկամներն են»:

«Նա որ մեր բարեկամը լիներ, մեզ էս վիճակին չէր բերի,- թաղապետին
հակադարձեց վարձակալներից մեկը: Մի քանի ամսից իր ընտրություններն են:
Այդպես քաղցր է խոսում, որ իրեն ընտրենք»:

Տիկին Վարդանուշի որդին զոհվել է պատերազմում, իսկ ամուսինը մի քանի տարի
առաջ մահացել է իր բաժին հողը մշակելիս: Տիկին Անուշի ամուսինը կոնտուզիա
է տարել ու աշխատել չի կարող: Սամվել Մարկոսյանը 2 ոտքից եւ մի ձեռքից
վիրավորվել է, առաջին կարգի հաշմանդամ է, հենակների օգնությամբ է հողը
մշակում: Անցած տարի այդ վեճերի ժամանակ նա միկրոինֆարկտ է տարել ու
հնարավորություն չունենալու պատճառով՝ չի կարողացել բուժվել:

«Կիլոմետրերով հող գրավեցինք, էս 400 մետրը չեն թողնում մշակենք, որ սոված չմնանք»,- դժգոհում է նա:

«Եթե վաճառում էին, թող մեզ նախօրոք տեղյակ պահեին,- դժգոհում էր մեկ
ուրիշը:- Մենք արդեն 10 տարի մշակում ենք: Օրենքով նախապատվությունը մեզ
պետք է տային: Մեզ չեն ասել, որովհետեւ գիտեն, որ մշակողը երբեք
կադաստրային արժեքից ավել չի վճարի: Այստեղ 1 քմ-ն արժե 45 դոլար,
փաստաթղթով վաճառել են ավելի էժան՝ 12 դոլարով, մնացածը գրպանել են: Դրա
համար էլ հիմա չեն կարող հետ կանգնել իրենց արածից»:

«Գնորդներից մեկը մեզ ասաց՝ մի փեշ փող եմ տվել, որ հողը վերցրել եմ, ո՞նց
թողնեմ ձեզ,- պատմում է տիկին Անուշը: -Ես էլ 20 տարեկան տղա եմ տվել:
Ծախողները թող որոշեն՝ ով է թանկ վճարել: Եռաբլուրը մեր դիմացն է, այստեղ
երկրորդ եռաբլուր կսարքենք ու մեր արյուն-քրտինքը ոչ մեկին չենք տա: Մեզ
խորհուրդ են տալիս դատարան դիմել: Գիտեն, որ դատարան դիմեցինք՝ կպարտվենք»:

Գնորդներն ունեն հողի սեփականության օրինական վկայականներ: Իսկ այդ
ընտանիքների վարձակալման պայմանագրերն այլեւս իրավաբանական ուժ չունեն:
Նախկին շրջգործկոմները համարվել են պետական կառավարման գործադիր մարմիններ
եւ իրավասու են եղել հողհատկացումներ կատարել: Պետական սեփականության
հողերի հատկացման լիազորությունները 1996 թվականից սկսած վերապահված է
քաղաքապետարանին: Հիմա Երեւանի թաղային համայնքները ոչ միայն այդ
իրավունքը չունեն, այլեւ նախկին շրջգործկոմների իրավահաջորդները չեն:
Այնպես որ, շրջգործկոմների հետ կնքած վարձակալության պայմանագրերը թաղային
համայնքների կողմից իրավաբանական ուժ չունեն: Վարձակալները փորձում են
հասկացնել, որ սա այն դեպքերից է, երբ երեւույթի բարոյական ուժն ավելի
կարեւոր է, քան իրավաբանական նշանակությունը: Հավանաբար հենց սա նկատի
ուներ փողքաղաքապետ Կամո Արեյանը, երբ ասաց, որ ինքը քաջատեղյակ է ու
մտահոգ է այս խնդրով:

«Պատկերացրեք, այնքան ենք քննարկել այդ հարցը, որ այդ ընտանիքներին տուն
առ տուն ճանաչում եմ,- պատասխանեց պրն Արեյանը: -Հույս ունենանք, որ այդ
հարցը նորմալ կկարգավորվի»:

Վարձակալները մեծ ցանկություն ունեն հավատալու պարոն Արեյանի
հավաստիացումներին: Ավելի շուտ նրանք մտածում են, որ այս լռությունը
վտանգավոր է:

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ խմբագրություն
զանգեց պատերազմից տուժած մի ազատամարտիկի կին եւ տեղեկացրեց, որ իր
հողակտորի անմիջական կողքի կտորի գնորդ Հայկը հայցով դիմել է դատարան:
«Եթե նա հաղթի ու իր տունը սկսի կառուցել, մեխանիկորեն իմ հողն էլ
կվերցնեն,- բացատրեց տիկինը: -Մեզ ուզում են հատ-հատ ջարդել, որ հեշտ
լինի: Այդ հողի կողքին է գտնվում նաեւ հաշմանդամ Սամվել Մարկոսյանի
հողակտորը: Այս լուրը լսելուց հետո նրա առողջությունը կտրուկ վատացել է»: