Ոչ թե ազգի կոմպոզիտոր կամ երգիչ դառնալու համար

04/02/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հինգերորդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում էր փոփ-երաժշտության ժանրում աշխատող երաժիշտների ու կատարողների համար, այս տարի դարձել է պետական մրցույթ եւ, բացի «Հ1» հեռուստաալիքի որոշումներից, հաշվի կառնվի նաեւ ՀՀ Մշակույթի նախարարության կարծիքը։ Լավագույն երգերն ու երգիչներին ընտրելու է 35 մասնագետներից բաղկացած ժյուրին, որոնց թվում կլինեն նաեւ նախարարության ներկայացուցիչները։

Մրցանակաբաշխության հիմնադիր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը պատմեց, որ առաջին տարում իրենք ունեցել են դասական, ջազային եւ ժողովրդական երաժշտության ժանրերում լավագույններին խրախուսող մրցանակ, սակայն հետագայում մրցույթը միայն փոփ ոլորտի կատարողների համար է դարձել։ Եվ այս տարի այդ անվանակարգերը վերականգնվել են։

– Դա նախարարության առաջարկն էր, եւ այն ընդունելի էր, քանի որ եթե երաժշտական մրցանակաբաշխություն է, ապա այն պետք է ընդգրկի բոլոր ժանրերը։ Կարծում եմ, այս տարվանից սկսած պետք է փոխվի վերաբերմունքը դեպի մրցանակաբաշխությունը։ Զրուցելով ջազային ու ժողովրդական կատարողների հետ, հասկացանք, որ շատերի մոտ տարվա ընթացքում նոր աշխատանքներ են եղել եւ, բնականաբար, նրանք ցանկանում են դրանք ներկայացնել հանդիսատեսին։ Շատերը ոգեւորությամբ են մասնակցում։

– Անցյալ տարիների փորձը ցույց տվեց, որ շատ փոփ-երգիչներ չէին ուզում մասնակցել մրցույթին, քանի որ վստահ էին, որ հաղթելու շանսեր չունեն, որ հաղթողներն արդեն որոշված են, եւ իրենց մասնակցությունն անիմաստ է։

– Այս տարի հայտեր ներկայացնող, հետո «հանող» չի եղել, եղել են միայն հայտեր ավելացնողները։ Բնական է, որ նոմինանտները հոգու խորքում նեղվում են, եթե հաղթող չեն ճանաչվում։ Ասեմ, որ անձամբ ես, որպես տեսահոլովակի ռեժիսոր, մեկ անգամ եմ հաղթող ճանաչվել, թեեւ, օրինակ, անցյալ տարի սպասում էի, որ իմ աշխատանքը կգնահատվի։ Այս տարի էլ եմ սպասում։ Բայց ուզում եմ, որ բոլորն ընդունեն՝ ով կստանա հաղթողի արձանիկը՝ երկրորդական խնդիր է, ավելի կարեւոր է մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը, լավագույնների շարքում ընդգրկվելը։ Բայց մեր կյանքում շատ պայմանականություններ կան, որոնք խանգարում են երգիչներին ու երաժիշտներին՝ ներկայացնել իրենց անունները նոմինանտների շարքերում։ Այդ պայմանականություններն ամենուրեք կան. թատրոնների ռեժիսորներն, օրինակ, չեն ընդունում հեռուստատեսային կամ կինոռեժիսորներին, հեռուստալրագրողները չեն ընդունում թերթերի լրագրողներին։ Եվ երբ երգարվեստում վերանան պայմանականությունները, մարդիկ կհասկանան, որ մրցանակաբաշխությանը մասնակցում են ոչ թե ազգի կոմպոզիտոր կամ երգիչ համարվելու, այլ՝ սեփական գործը ներկայացնելու համար։

– Իսկ ժյուրին կարո՞ղ է լավագույնին որոշել այն մարդկանց շարքից, ովքեր թեեւ աշխատում են երաժշտական դաշտում, սակայն իրենց թեկնածությունները մրցանակաբաշխությանը չեն առաջադրում։

– Կազմակերպիչը երգ կամ երգիչ առաջադրելու իրավունքը չունի: Ի վերջո, մարդն ինքը պետք է մասնակցելու ցանկություն ունենա։ Ես կարող եմ համոզել երգչին, ասել՝ դու լավն ես, ինչո՞ւ չես առաջադրվում, բայց ես չեմ կարող մարդու կամքին բռնանալ։

– Ծանոթանալով գլխավոր անվանակարգերում ներկայացված անուններին, կարելի է հավանականության մեծ տոկոսով ասել, որ լավագույններ են ճանաչվելու Սիրուշոն ու Արամեն։ Այդպե՞ս է։

– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ասեմ, որ բոլոր ներկայացվածներն էլ արժանի են հաղթանակի։

– Իսկ Ազգային մրցանակաբաշխության հաղթող դառնալն ու «Եվրատեսիլի» մեկնելը մեկը մյուսից բխո՞ղ երեւույթներ են։ Սիրուշոն պետք է լավագույն երգչուհի ճանաչվի՝ հանգիստ սրտով «Եվրատեսիլին» մասնակցելու համար։

– Կարծում եմ, որ ոչ միայն հաղթանակը, այլեւ՝ պարզապես անվանակարգում հայտնվելն արդեն իսկ որոշակի տրամպլին է երգչի համար։ Մենք ցույց են տալիս, թե ովքեր են այն մարդիկ, որոնք վաղը կամ վաղը չէ մյուս օրը մեր երկիրն են ներկայացնելու։ Հանրային հեռուստատեսության հանգստության համար է պետք, որ մրցանակաբաշխության մասնակիցը գնա «Եվրատեսիլ»։ Ինչո՞ւ՝ ոչ։

– Իսկ ինչո՞ւ հետաձգվեց մրցանակաբաշխության անցկացման օրը։

– Մենք մտադրություն ունեինք այն անցկացնել Մարզահամերգային համալիրում, որը նաեւ համալիրի վերաբացումը կլիներ։ Բայց համալիրը պատրաստ չէր։ Եվ հետո էլ սովորաբար երգիչների ու երաժիշտների մեծ մասն իրենց ձայներիզները թողարկում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ու չէին հասցնում մասնակցել մրցանակաբաշխությանը։ Մենք չէինք ուզում, որ նրանք դուրս մնային ցուցակից։ Հիմա մենք կարող ենք ընդգրկել ամբողջ երաժշտական տարին։

– Լուրեր էին շրջանառվում, որ այս տարվա երաժշտական ամփոփման անցկացումը կարող է վստահվել «Շարմ» ընկերությանը։ Որպես մրցանակաբաշխության հիմնադիր՝ դու դա ցավո՞տ կընդունեիր։

– Այդ խոսակցության մասին ես տեղյակ չեմ, բայց, ամեն դեպքում, եթե ուրիշ որեւէ մեկը զբաղվեր կազմակերպչական աշխատանքով, ես բավականին խանդոտ կվերաբերվեի դրան։ Իհարկե, չեմ կարող ասել, որ հազար տարի շարունակ ես եմ զբաղվելու մրցանակաբաշխությամբ, բայց անկեղծորեն ուզում եմ, որ այն ամեն տարի տեղի ունենա, եւ ես էլ դրա մասնակիցը լինեմ։

– Մեր փոփ երաժշտության դաշտը փոխվե՞լ է, թե՞ նույնն է մնացել։

– Փոփ երաժշտության ասպարեզում շատ հետաքրքիր հեղափոխություններ են կատարվել։ Ես աշխատել եմ շատ չեզոք լինել իմ կարծիքների մեջ, քանի որ անցյալ տարվա ընթացքում ավելի քիչ եմ շոու-բիզնեսով զբաղվել, քան նախորդ տարիներին։ Նկատում եմ, որ փոփ երաժշտության մեջ սերնդափոխություն է տեղի ունեցել։ Եվ դա շատ գեղեցիկ է արվել։

– Ընդամենը` 25 տարեկան երգիչներին փոխարինել են 16 տարեկանները։

– Ճիշտ կլինի ասել, որ հայտնվել են նոր 16 տարեկաններ, որոնք ուրիշ տեսակի են, ավելի հաստատուն են, պրոգրեսիվ ու համարձակ։ Լավ մարդիկ են հայտնվել, որոնք այսօրվա կերպարներ են։ Մեկ տարի առաջ մենք նրանց որոշակի սկեպսիսով ու վախով էինք ընդունում, բայց այսօր նրանք հաստատուն ասելիք եւ մտածողություն ունեն։ «Տարվա հայտնություն» անվանակարգում, օրինակ, աշխատել ենք ընդգրկել այնպիսի կատարողների ու խմբերի, որոնք տարվա ընթացքում որոշակի ֆուրոր են արել ու թարմություն մտցրել։ Թարմ հայացք է հայտնվել, խմբեր են հայտնվել, որոնք կարողացել են «պոպսա» ասածի ընկալման տեսակը փոխել։ Ինձ համար, օրինակ, շատ հաճելի կլիներ, եթե մրցանակաբաշխությանն ավելի ակտիվ մասնակցեին ռոք խմբերը, բայց նրանցից շատերը պասիվ գտնվեցին։ Կարծում եմ, որ հաջորդ տարի լայն ներկայացված կլինի նաեւ ռոքը։

– Գուցե հասունացել է մրցանակաբաշխությունը «մաքրելու» ժամանակը, մենք հիմա շատ նեղ շրջանակներում միանման պտույտներ ենք անում։

– Ես համաձայն եմ, բայց պետք է հաշվի առնել, որ նեղ շրջանակները ոչ թե չեն լայնանում երգիչների, հանդիսատեսի ու մրցույթի կազմակերպիչների մեղքով, այլ՝ դա ընդհանուր շոու-բիզնեսի մոտեցումն է։ Լիովին համաձայն եմ, որ երգերն ու երգիչները միանման են։ Նույնիսկ այնպիսի երգեր կան, որոնք կարող եք կողք-կողքի դնել, համեմատել նոտաներն ու տեսնել, որքան նման են իրար։

– Եթե որեւէ մեկն ուզում է շոու-բիզնես մտնել, ապա պետք է ընդունի այն ստանդարտները, որոնք գծված են։ Իսկ այդ ստանդարտները գծողներից մեկն էլ տեսահոլովակների ռեժիսոր ու պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն է։

– Մի քիչ կասկածում եմ, որ իմ շնորհիվ են այդ սահմանները գծվել։ Ամեն դեպքում ես ճաշակով արվածի կողմնակիցն եմ։ Եվ որքան կարողանում եմ՝ պայքարում եմ անճաշակության դեմ։ Դա շատ հարաբերական իրավիճակ է, քանի որ երբեք հարյուր տոկոսով չես կարող վստահ լինել, որ միակ ճիշտը դու ես։ Դաստիարակելու, կրթելու առաքելություն ինձ վրա չեմ վերցնում։

– Արդյոք մրցանակաբաշխությանը հարկավոր չե՞ն «Վատագույն երգ» կամ «Վատագույն երգիչ» անվանակարգերը։ Դրանք ամեն դեպքում կարող են ինքնահեգնանքի տարրեր մտցնել իրենց արածին շատ լուրջ վերաբերվող «աստղերի» կերպարներին։

– Մրցանակաբաշխությունն առաջին հերթին տոն է, ինքդ քո արածը գնահատելու հնարավորություն է։ «Սերեբրյաննայա կալոշա» մրցույթին մենք դեռ չենք հասել, հնարավոր է, որ դրա ժամանակն էլ շուտով կգա։ Պայմանականություններն են շատ։

– Կարմիր գորգ լինելո՞ւ է։

– Ցրտից խուսափելու համար որոշել ենք կարմիր գորգ չփռել։ Բայց մրցանակաբաշխության ֆորման նույնը կլինի։

– Բոլորս էլ, առաջին հերթին, ունկնդիր ենք։ Եվ մենք դիտում ու լսում ենք նույն երգերն ու նույն երգիչներին։ Դա լա՞վ է։

– Բայց եւ՛ ռուսական, եւ՛ ամերիկյան էստրադայում էլ նույնն է։

– Սակայն մեկ շնչին բաժին հասնող հայ երգիչները գերազանցում են։

– Համաձայն եմ, գուցե մենք շատ երգիչներ, շատ հեռուստատեսություններ, շատ ռադիոկայաններ ու շատ թերթեր ունենք, քան պետք է։ Բայց, ի՞նչ արած, մենք այդպիսին ենք՝ սիրում ենք, որ ամեն ինչը շատ լինի։ Բայց ժամանակի ընթացքում այդ ամենը կմաղվի։ Եթե երգը չի ընկալվում հասարակության կողմից, այն կորչում է այնպես, ինչպես վատ կարված կոշիկն է դուրս մղվում շուկայից։ Ես ափսոսում եմ, որ մեր շոու-բիզնեսը ճիշտ կառուցված չէ, խախտված է շոու-բիզնեսի աստիճանների հերթանականությունը։ Այսօր երգչի հիմնական աշխատատեղն ակումբներն են։ Աշխարհում ընդունված է, որ երգիչն իր կարիերան սկսում է ակումբից, հետո մեծ բեմեր է բարձրանում, սկսում է իր ձայներիզները վաճառել։ Իսկ մեզ մոտ հակառակն է. երգիչը բեմ է դուրս գալիս, հասնում է որոշակի ճանաչման, որպեսզի հետո ակումբում կարողանա բարձր աշխատավարձով աշխատել։ Դա շատ ցավալի փաստ է։ Հայերի մենթալիտետը տարիների ընթացքում խեղաթյուրվել է, հիմա շատերը կարող են հինգ հազար դրամ վճարելով՝ մի բաժակ վիսկի խմել ու երգչին լսել, էլ ինչո՞ւ է նրանց պետք համերգասրահ գնալ ու նույն այդ երգչին լսել մեծ բեմում։ Բայց դրա հետ մեկտեղ՝ մի շատ ուրախալի փաստ էլ կա։ Հիշիր, թե 10 տարի առաջ ինչպե՞ս էին բոլորը գնում ռուսական որեւէ մի ցածրորակ աստղի լսելու, իսկ հիմա այդպես չէ։ Հիմա հայ հանդիսատեսը գնում է իր աստղերին լսելու։ Ամսվա ընթացքում էստրադային շատ համերգներ են կազմակերպվում, եւ դա ուրախալի է, դա տեղաշարժ է։ Հայ երգիչներն ամսվա ընթացքում չորս-հինգ համերգ են ունենում, եւ մարդիկ էլ գնում են այդ համերգները լսելու։

ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1.Նորո
2.Վարդան Բադալյան
3.R. P.
4.Դավիթ Մինասյան
5.Lilu
6.«Արմատ»

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ

1. «Արմենոիդս»
2. «Թիվ 5»
3. VO.X
4. Apricota
5. «Հայ տղեք»

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԲՈՄ

1. Աիդա Սարգսյան «Վերադարձ»
2. Համլետ Գեւորգյան «Մեր երգի հետքերով»
3. Գեւորգ Դաբաղյան «Կորած երգեր դրախտից»
4. Աննա Մայիլյան « Ethno Vocal»

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ

1. Արսեն Գրիգորյան (Ասո)
2. Համլետ Գեւորգյան
3. Արսեն Գրիգորյան (Մրրո)
4. Սամվել Գալստյան

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՓ ԱԼԲՈՄ

1. Սոֆի Մխեյան «Կյանքը քո»
2. Սիրուշո «Հիմա»
3. Միշո «Եկա, տեսա…»
4. Հայկո «Մի խոսքով»
5. Անի-Քրիստի «Three dots»
6. Արամե «UN-Ձայն»
7. Մարինե Ալես « Քո կողքին եւ …»

ՏԱՐՎԱ ՀԻԹ

1. Միշո «Քո համար»
2. Սիրուշո «Հեռանում եմ»
3. Սոֆի Մխեյան «Օրը եւ ներկան»
4. Արսեն Գրիգորյան «Ափսոս»
5. Արսեն «Տես»
6. Արամե «Արցունքիս մեջ»

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՋԱԶ ՆԱԽԱԳԻԾ

1. Հայաստանի պետական ջազ-բենդի 10-ամյակին նվիրված համերգ
2. «Կատուներ» «Ջազը եւ դրամը» համերգ
3. «Time report» համերգ

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

1. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ «Պայացներ»
2. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ եւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն «Ռիգոլետտո»
3. Երեւանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը Բեռլինում
4. Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը Ստեփանակերտում

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳԻՉ

1.Արման Հովհաննիսյան
2.Ռազմիկ Ամյան
3.Արամե
4. Անդրե

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳՉՈՒՀԻ

1. Անի-Քրիստի
2. Սոֆի Մխեյան
3. Շպռօտ
4. Սիրուշո

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

1. Արամե «Արցունքիս մեջ» ռեժ. Ս. Կոդաբաշյան
2. Էմմի, Սուպեր Սաքո «Եթե դու գնաս» ռեժ. Հ. Քեշիշյան
3. Serjo, Հայկո «Քեզ» ռեժ. Գ. Խաչատրյան
4. Միշո «Քո համար» ռեժ. Ս. Թադեւոսյան
5. Արման Հովհաննիսյան «Հայաստան» ռեժ. Ա. Վարդանյան
6. Արսեն «Հինգ րոպե», ռեժ. Արսեն
7. Սիրուշո «Մեզ ոչինչ չի բաժանի» ռեժ. Հ. Քեշիշյան
8. Կամո Սեյրանյան «Օտար, ամայի ճամփեքի վրա» ռեժ. Ա. Գեւորգյան

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳՉՈՒՀԻ

1. Աիդա Սարգսյան
2. Աննա Մայիլյան
3. Գոհար Շահբազյան
4. Գոհար Հովհաննիսյան

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ

1. «Շողակն»
2. «Ակունք»
3. «Մարաթուկ»
4. «Տկզար»
5. «Կարին»