Ապրիլի 12-15-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանն ընթանալիք
երիտասարդ գրողների համահայկական երրորդ խորհրդաժողովի ընթացքում
նախատեսված էր նաեւ հանդիպում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, բայց
քանի որ պրն Բաղդասարյանը նախատեսված օրը պաշտոնական հերթական այցի
շրջանակներում բացակայելու էր հանրապետությունից, հանդիպումը կայացավ մինչ
խորհրդաժողովը՝ ապրիլի 11-ին: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան մեկ
տասնյակ երիտասարդ գրողներ, որոնց առաջնորդում էին ՀՀ նախագահ Լեւոն
Անանյանն ու ՀԳՄ «Սերունդ» էլեկտրոնային երիտասարդական գրական հանդեսի
խմբագիր, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում մի քանի նախադասությամբ «ջերմ ողջույնի» եւ «շնորհավորանքի» խոսքեր փոխանակվեցին:
«Շատ հաճելի է, որ երիտասարդ գրողների սերունդ է աճում, որովհետեւ, ցավոք
սրտի, Հայաստանում արագ տեմպով զարգանում են այլ տիպի վարք ու բարքեր, եւ
շատ ավելի քիչ է պատահում, երբ երիտասարդ մարդիկ ձգտում են դեպի
մշակույթը, արվեստը: Այդ կապակցությամբ կրկնակի անգամ ուրախ եմ, եւ
բոլորիդ ջերմորեն ողջունում եմ: Նաեւ ջերմորեն ողջունում եմ վաղը
Ծաղկաձորում ձեր 3-րդ հավաքը եւ կարեւոր եմ համարում ընդհանրապես
երիտասարդ գրողների ներդրումը գրականության մեջ»,- ասաց ԱԺ նախագահը:
ՀԳՄ պատվիրակությունն էլ իր շնորհակալությունը հայտնեց Արթուր
Բաղդասարյանին «Մուտք» մատենաշարի՝ երիտասարդ հեղինակների առաջին գրքերի
տպագրությանը նյութապես աջակից լինելու համար: «Պատրաստ եմ այս մատենաշարի
ֆինանսական աջակցությունը շարունակել»,- իր հերթին խոստացավ ԱԺ նախագահը:
Հանդիպումը ԱԺ նախագահից խլեց ոչ ավել, քան 15-20 րոպե: Իսկ ԱԺ շենք մտնելը՝ մետաղորսիչ սարքերով ստուգելով հանդերձ՝ 1 ժամ: