Նոր կանխատեսումներ

04/02/2008

«Ազատության» փոխանցմամբ` «Ռոսիյսկայա գազետա» թերթը երեկ ներկայացրել է ռուսաստանցի քաղաքագետների կարծիքները, ըստ որոնց՝ Հայաստանում նախագահ է ընտրվելու Սերժ Սարգսյանը: «Քաղաքականություն» հիմնադրամի ղեկավար Վյաչեսլավ Նիկոնովը կանխատեսում է. «Հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը պետք է հաղթի առաջին փուլում: Ըստ սոցիոլոգների տվյալների, ձայների 60 տոկոսը գործող իշխանության օգտին՝ միանգամայն իրական է»: Գնահատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները, Նիկոնովը նշում է. «Առայժմ չեմ տեսնում, թե ինչպես նա կարող է արդարացնել սպասումները: Նրա ներուժն առայժմ մեծ չէ: Մինչդեռ բացասական վարկանիշով նա առաջատարն է»: «Փորձարարական ստեղծագործական կենտրոն» կորպորացիայի նախագահ, քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը կարծիք է հայտնել, թե` «Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հիշեցնում են երկու ասպետի, որոնք դարպասից դուրս են եկել, բարձրացրել են թրերը, եւ այդ պահից սկսվում է ճակատամարտը, սկսվում է կռիվը: Ինձ թվում է, որ նրանք մտադիր են հաղթել այդ ճակատամարտում, նրանց նույնիսկ մի փոքր խթանում է Տեր-Պետրոսյանի ներկայությունը՝ դա իրական պայքարի, այլ ոչ թե մանեկենների դեմ կռվի հնարավորություն է: Նրանք ցանկանում են հաղթել եւ կհաղթեն, երեւի, հենց առաջին փուլում՝ դրան շատ բան է նպաստում»: