«Թո՞ւյն», թե՞ շահույթ

13/05/2005 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Կանադական մի ընկերություն ցանկանում է ոսկու գործարան կառուցել
Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի մոտ: Գործարանը ուզում են
կառուցել Սեւանա լճի հարեւանությամբ, եւ այն կարող է մեծ վտանգ
ներկայացնել շրջակա միջավայրի համար։

Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը (ԱՈԱՁ), որը կանադական
«Սթերլայթ գոլդ լիմիթեդ» ընկերության մասնաճյուղն է, ապրիլի 5-ին
հասարակական քննարկման ներկայացրեց իր նախագիծը։ Ընկերությունը 1997
թվականից շահագործում է Հայաստանի ոսկու երկու հանքերը (Սոթքի եւ
Մեղրաձորի):

Ըստ Հայաստանի Բնապահպանական օրենսդրության` արգելվում է Սեւանա լճի
շրջակայքում 50 կմ շառավղով լեռնամետալուրգիական գործարան կառուցել։ Իսկ
գործարանը նախատեսվում է կառուցել Սեւանա լճից 30 կմ հեռավորության վրա:

Քննարկումը չսկսված` Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ
Սանասարյանը հայտարարեց, որ քննարկումը հակասահմանադրական է, ուստի պետք է
չլինի։ Սակայն առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ
Վարդանյանի միջնորդությամբ քննարկումը սկսվեց։

Ըստ ԱՈԱՁ-ի` Սոթքի ոսկու բարձր տոկոս ունեցող հանքաքարը երկու տարուց
կսպառվի։ Ավելի ցածր տոկոսով հանքաքարն Արարատ տեղափոխելը շահավետ չէ, իսկ
եթե Սոթքում կառուցվի գործարան, ապա հանքը կշահագործվի 10 եւ գուցե ավելի
տարիներ, եւ նախնական հաշվարկով՝ 9 տարում կարդյունահանվի 40 տոննա ոսկի։

Սոթքի հանքավայրը հայտնաբերվել է 60-ականներին. քննարկվել է հարստացման
գործարան կառուցելու երկու տարբերակ. մեկը` տեղում, մյուսը` Արարատում։ Ի
վերջո, բնապահպանական նկատառումներով տեղում կառուցելու տարբերակը մերժվել
է։

Քննարկումն ավելի նման էր քարոզչության, քանի որ զեկուցողները միայն
գործարան կառուցելու կողմնակիցներն էին, եւ միայն վերջում ընդդիմադիրներից
մի քանիսին ձայն տվեցին։

Գործարանը կառուցելու կողմնակիցները հայտարարում էին, թե գործարանի
շնորհիվ կբացվի 1000 աշխատատեղ, տարեկան բյուջե կմտնի 100 միլիոն դոլար։
Ձեռնարկության տնօրեններից Ֆրանց Շլոսսերը խոստացավ վերանորոգել Վարդենիսի
(Սոթքն այս շրջանում է) դպրոցները եւ զարգացնել տեղի ֆուտբոլի թիմը։

Ձեռնարկության կողմից հրավիրված բնապահպանական փորձագետները վստահեցնում
էին, որ գործարանը վտանգ չի ներկայացնում։ Հիմնական վտանգներն են ոսկու
վերամշակման մեջ օգտագործվող ցիանիդը եւ պոչամբարները (թափոնների
ամբարներ), որտեղ տարեկան մեկ միլիոն տոննա թափոն կկուտակվի։ Բրիտանական
«ԷսՔեյԷմ» ընկերության փորձագետ Լարեյն Ուայլդը վստահեցնում էր, որ երկու
դեպքում էլ շրջակա միջավայրին վնաս չի հասցվի։ Ըստ նրա, պոչամբարների
պարունակությունը չնչին չափով կթափանցի ստորգետնյա ջրեր եւ վնաս չի տա,
քանի որ այն պատված կլինի կավե հատակով։

Ուայլդի մասնագիտական կարողությունները կասկածի տակ դրեց երկրաքիմիկոս
ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը. «Ինը տարի հետո նրանք պոչամբարում կթողնեն
9 միլիոն տոննա թույն, որը դարերով կմնա այնտեղ եւ ամեն ժամ կթունավորի
Սեւանա լիճը,- ասաց նա: -Ծանրության տակ կավը տարիների ընթացքում կճաքճքի
ու ֆիլտրացիան կլինի 40 տոկոս: Այդ ամբողջ թույնը կլցվի Սեւան։ Իսկ եթե
անգամ փոքր երկրաշարժ լինի` 3-4 բալանոց, ապա կավը կփլվի»։

Գրիգորյանը եւ բնապահպաններն ասում են, որ նույնկերպ թունավորել են Արարատի գործարանի շրջակա ստորգետնյա ջրերը։

Ակադեմիայի Սեւանի փորձագիտական հանձնաժողովը խիստ բացասական եզրակացություն է տվել ծրագրին։

«Սեւանը հայերի գոյության հիմքն է, եւ նրա նշանակությունը ոչնչով չես գնի:
Պետք է մերժել ցանկացած ձեռնարկում, որ թեկուզ 1 տոկոս վտանգ է
պարունակում,- իր ելույթում ասաց Համահայկական էկոլոգիական ընկերության
նախագահ Բորիս Մեհրաբյանը: -Ամբողջ էկոլոգիական հասարակայնությունը դեմ
կլինի այս ծրագրին»։

Նա ասաց, որ Հայաստանի տնտեսությունը ռեսուրսների վրա կառուցելը սխալ է,
մանավանդ որ, վտանգվում է բնակչության առողջությունը. «Ծրագիրը տնտեսական
հարց չի լուծի, իսկ աղետները ոչնչով չես փոխհատուցի»։

Այսուհանդերձ, մասնագետները մտահոգված են, որ իշխանությունները կարող են
թույլ տալ կառուցել գործարանը` չդիմանալով մեծ շահույթների
գայթակղությանը։ «Ամեն ինչ կառավարությունից է գալիս։ Չինովնիկների
աջակցությամբ նրանք սկսել են զանգվածային հոգեբանական գրոհ բոլորի վրա»,-
ասում է Սերգեյ Գրիգորյանը։