ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ Աշտարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ` հակադարձելով ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը, թե քաղաքական մեծամասնության թեկնածուի ընտրվելը կարող է վտանգել ՀՀ առաջընթացը, քանի որ իշխանությունը կդառնա միահեծան, ասել է. «Ասում են, որ կարող է վնասել Հայաստանի առաջընթացին, որովհետեւ խորհրդարանը, ինչպես իրենք են ասում, պատկանում է մեկ կուսակցության… Բայց բոլորիդ պարզ է, որ խորհրդարանը մեր ժողովրդինն է: Այո, մենք խորհրդարանում մեծամասնություն ենք կազմում: Ասում են` եթե նախագահն էլ լինի Հանրապետական կուսակցության թեկնածուն, ապա երկրում կլինի միահեծան իշխանություն, եւ երկրում որեւէ մեկը չի կարող լինել, որն իր քննադատությամբ նախագահին դրդի ավելի լավ աշխատելու: Բայց բոլորդ գիտեք, որ ես ոչ միայն Հանրապետական կուսակցության թեկնածուն եմ, այլ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ բազմաթիվ այլ կուսակցությունների ու հայրենակցական միությունների»: Սերժ Սարգսյանը երեկ նախընտրական հանդիպումներ է ունեցել նաեւ Ոսկեվազ, Օշական գյուղերի բնակիչների հետ: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, Աշտարակի քաղաքային հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել: Ս. Սարգսյանը բազմամարդ հանրահավաքն անվանել է վստահության խորհրդանիշ: Ըստ Ս. Սարգսյանի` այդ վստահության արդյունք է նաեւ այն, որ նախորդ տարի միայն Աշտարակում ՀՀ կառավարության կողմից 1 միլիարդ 800 միլիոն դրամ է ներդրվել: «Խորհրդարանը ժողովրդինն է, բայց մենք մեծամասնություն ենք կազմում այնտեղ, եւ եթե ընտրություններից հետո մեզ վստահ չզգայինք, չէինք կարող գնալ նման փոփոխությունների: Ուրեմն, կրկին անհրաժեշտ է ձեր վստահությունը, որպեսզի մեր երկրի նախագահն իրեն ուժեղ զգա, կախված չլինի ոչ մեկից»,- նշել է Ս. Սարգսյանը։
ՀՀ նախագահի թեկնածուն այստեղ նաեւ նկատել է, որ մինչեւ քարոզարշավի ավարտն այդ բնակավայրեր կայցելեն նաեւ նախագահի մյուս թեկնածուներն ու կխոստանան կրճատել հարկերը, ավելացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը: «Կխոստանան, որ ապրելու ենք չորս անգամ ավելի լավ, սակայն հրաշքներ չեն լինում: Շատ լավ ցանկություն է, բայց միայն դա բավարար չէ: Պետք է ունենալ թիմ, ծրագիր, անցած ճանապարհ»,- ասել է Ս. Սարգսյանը: «Մենք հայտնաբերված նավթի կամ գազի պաշարներ չունենք, մեր ժողովրդի հարստանալու, բարեկեցության միակ ճանապարհը աշխատանքն է, մարդկային ներուժը, իսկ պետության խնդիրն է՝ աշխատատեղեր ապահովել, ստեղծել բարենպաստ գործարար միջավայր, որպեսզի ձեռներեցը եւ՛ կարողանա աշխատել, եւ՛ դրամ վաստակել, եւ՛ վճարել հարկերը, որոնք պետության եկամտի միակ աղբյուրն են»,- նշել է Ս. Սարգսյանը` ավելացնելով, թե ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետին հանձնարարական է տվել ԶԼՄ-ներում հրապարակել այն հեռախոսահամարները, որոնցով քաղաքացին` խնդիրներ առաջանալու դեպքում, կարող է դիմել նրան: Ըստ Ս. Սարգսյանի` հարկային վարչարարության, ոլորտի աշխատանքների խիստ վերահսկողության արդյունքում է, որ հնարավոր է եղել 50 միլիոնից ավելի գերակատարում արձանագրել հարկահավաքության մեջ եւ ավելացնել կենսաթոշակները, աշխատավարձերն ու տարբեր ոլորտներին ուղղվող ծախսերը: «Մենք կարող ենք հասնել բարեկեցիկ եւ բարգավաճ Հայաստանի միայն ու միայն մեր աշխատանքի շնորհիվ: Պետությունը պետք է հենվի իր քաղաքացիների նախաձեռնության, աշխատանքի վրա: Եթե քաղաքացին չցանկացավ աշխատել, միայն պետությունը ոչինչ անել չի կարող: Պետք է աշխատել հարստանալու համար եւ հարկեր վճարել, որպեսզի կարողանանք դպրոց ու սպորտդպրոց, ճանապարհներ կառուցել»,- նշել է ՀՀ նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը: «Ես չեմ ասում, որ բոլոր խնդիրները լուծված են, ոչ, մենք դեռ խնդիրներ ունենք: Մեր ժողովուրդը վաստակել է լավ ապրելու իրավունքը, սակայն հաջողության կարող է հասնել ժողովուրդը, որը հավատում է իր դրած նպատակին: Մեկ ամիս անց յուրաքանչյուրս մտնելու ենք քվեախցիկ, ընտրելու ենք կոնկրետ մարդու` գնահատելով նրա ծրագիրն ու անցած ճանապարհը, նրա առաջարկած միջավայրն ու անցնելիք ճանապարհը: Ես վստահ եմ, որ դուք ուժեղ պետության ուժեղ, վստահություն վայելող ղեկավարի կողմնակիցն եք: Ես վստահ եմ, որ աշտարակցիներն ամեն ինչ անելու են, որ ապրենք բարեկեցիկ երկրում: Մենք պարտավոր ենք մտածել մեր մատաղ սերնդի մասին: Ուրեմն` առաջ` դեպի բարգավաճ Հայաստան, առաջ` դեպի գիտելիքի Հայաստան»,- եզրափակել է ՀՀ նախագահի թեկնածուն: