Կողմնակալ լուսաբանում

04/02/2008

Հայաստանի հեռարձակող ընկերությունները, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությունը, քարոզարշավից առաջ հավասարակշռված չեն լուսաբանել նախագահության թեկնածուներին: Նման եզրակացություն է պարունակվում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի՝ երեկ հրապարակված միջանկյալ զեկույցում: Հունվարի 11-20-ն իրականացված դիտարկումը պարզել է, որ քարոզարշավից առաջ դիտարկված 7 հեռուստակայաններից երեքն իրենց նորություններում 9 թեկնածուներին հատկացված ընդհանուր ժամանակի մեծ մասը նվիրել են Սերժ Սարգսյանին: Մեծամասամբ նա լուսաբանվել է որպես վարչապետ: «Պարոն Սարգսյանին հատկացված ժամանակը, նույնիսկ հաշվի առնելով նրա պաշտոնական վարչապետական պարտականությունները, Հ2, «Կենտրոն», «Շանթ» եւ «Արմենիա» մասնավոր հեռուստակայաններով գերազանցել է այն ժամանակը, որը կարող է դիտվել օբյեկտիվության չափանիշներին համապատասխան»,- ասված է զեկույցում: Նույն զեկույցում նաեւ փաստվում է. «Ի տարբերություն բացառապես դրական եւ չեզոք լուսաբանման, որին արժանացել է Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար ներկայացվել է բացասական լույսի ներքո: Երկու հեռուստակայաններում՝ Հ2-ում եւ ԱԼՄ-ում, Լեւոն Տեր-Պետրոսյանի բացասական լուսաբանման ծավալը գերազանցել է դրական եւ չեզոք լուսաբանումը միասին վերցրած»: Ըստ զեկույցի հեղինակների, մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ Հանրային ռադիոն, ընդհանուր առմամբ, ավելի հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել թեկնածուներին հատկացված ժամանակի հարցում, քան հեռուստակայանները, իսկ «Ազատություն» ռադիոկայանի եթերը պարունակել է ավելի մեծ բազմազանություն՝ թեկնածուներին լուսաբանելիս, ներկայացնելով Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին դրական, բացասական եւ չեզոք երանգներով: