Ոստիկաններն օրենքը չգիտե՞ն

04/02/2008

Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը, նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը Թալինում փորձել են հանդիպել օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալվածների հետ, սակայն դա նրանց չի հաջողվել: Ձերբակալվածներից 2-ի առողջական վիճակը վատ է. Մկրտիչ Սափեյանը տառապում է շաքարախտով, իսկ Տիգրան Բաղդասարյանը՝ սիրտ-անոթային հիվանդությամբ: Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ Ժորա Սափեյանը, Մկրտիչ Սափեյանը, Հայկ Գեւորգյանը եւ Տիգրան Բաղդասարյանը ձերբակալվել են, քանի որ հունվարի 27-ին Թալինի հրապարակում կազմակերպված ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ Սարգիս Կարապետյանին: Ինչպես «Ա1+»-ին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, պատգամավորները Թալին են մեկնել ահազանգով, որ ձերբակալվածներին բժշկական օգնություն չի տրամադրվում: Ըստ նրա, երբ պատգամավորները դիմել են Ոստիկանության բաժանմունքի ղեկավարին՝ թույլ տալու հանդիպել ձերբակալվածներին, նրանց արգելվել է: Սա օրենքի խախտում է, քանզի պատգամավորներն իրավունք ունեն անարգել մուտք գործել այնտեղ: Այս խախտման մասին Ս. Սաֆարյանն արդեն տեղեկացրել է Ոստիկանության Օպերատիվ ծառայության փոխգնդապետ Վահրամ Բեգոյանին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Վերջինս խոսել է Ոստիկանապետի հետ՝ տեղեկացրել, որ պատգամավորներն իրավունք ունեն անարգել մտնել ձերբակալվածների պահման վայրեր: Սաֆարյանը հայտնել է, որ իրենց ահազանգի արդյունքով վերջապես շտապ օգնություն են կանչել: