Մաֆիան կարող է եւ… վրիպել

04/02/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Սովորաբար նմանատիպ բոլոր սյուժեներում` իրավիճակը գնալով թեժանում է, իսկ ինտրիգները` զարգանում են: «Մաֆիա» խաղն ունի դեդեկտիվ սյուժե, հետեւաբար, բնական է, որ այդ խաղի սյուժեի հանգուցալուծումը միշտ վերջին պահին է լինում: Հիշեցնեմ, որ խաղը լքել էին չորս խաղացողներ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Տիգրան Կարապետյանը, Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը: Վերջին շրջանում նմանատիպ բոլոր նախագծերում ընդունված է խաղը լքածներից մեկին SMS քվեարկություններով հետ բերել: Մեր խաղն այս առումով բացառություն չէ: Պետրոս Ղազարյանի հետ հանդիպումից հետո, որպես ժողովրդական թեկնածու, մեր ընթերցողները SMS- ներով հետ բերեցին Տիգրան Կարապետյանին: Եվ նա կրկին «Մաֆիայում» կզբաղեցնի 3-րդ համարի աթոռը: Հիշեցնենք, որ խաղը վարում է Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյան – Գիշեր: Մաֆիան դուրս է գալիս որսի եւ անցնում Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի, Տիգրան Կարապետյանի, Վահան Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արտաշես Գեղամյանի, Սերժ Սարգսյանի կողքով եւ հեռանում: Աչքերը բացում է «Դոնը» եւ փնտրում «Շերիֆին»: Փակում է աչքերը «Դոնը»: Աչքերը բացում է «Շերիֆը» եւ փնտրում «սեւերին»: Փակում է աչքերը «Շերիֆը»: Բարի լույս: Առավոտը կրկին բարի է, քանի որ մաֆիան վրիպել է: Այսպիսով, օր չորրորդ, խոսքը տրվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին:

N6 Լ.Տ.-Պ. – Ընդհանրապես ես այսօր եւ մոտակա մեկ շաբաթը զբաղված եմ, դրա համար կլռեմ: Համարեք սա իմ առաջին ոչ պաշտոնական հրամանագիրը:

Ռ.Ք. – Իհարկե, եթե մեկի հետ «քիրվայություն» անես, մյուսին էլ փոքր ախպեր դառնաս, խոսքն էլ ինչի՞դ է պետք:

N6 Լ.Տ.-Պ. – Ես դիմելու եմ Սահմանադրական դատարան, որպեսզի անօրինական ճանաչեն մեր խաղավարին` Ռոբերտ Քոչարյանին:

Ռ.Ք. – Դուք ստանում եք առաջին նախազգուշացումը, պարոն Տեր-Պետրոսյան: Խոսքը տրվում է Արտաշես Գեղամյանին:

N7 Ա.Գ. – Նրան ոչ թե պետք է նախազգուշացում տալ, այլ հեռացնել: Ընդունեք Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Նա սադրանքներ է պատրաստում: Ես միակ կարմիրն եմ, որ համ կարմիրներն են ուզում հանեն խաղից, համ սեւերը:

N3 Տ.Կ. – Որովհետեւ դու ոչ սեւ ես, ոչ կարմիր: Հես ա որ հերթը հասնի պարոն Սարգսյանին, ինքը կասի, թե դու ո՞վ ես:

Ռ.Ք. – Պարոն Կարապետյան, հես ա քեզ SMS-ներով նորից կհանենք խաղից:

N7 Ա.Գ. – Տիգրան Կարապետիչ, ես որ Կայարանում մենակով տանկեր էի կանգնացնում, Դու Կայարանում մենակ պասաժիրներին էիր ճանաչում: Համ էլ հաջորդը դու ես գնալու խաղից: Բայց հիմա Լեւոնն ա գնալու:

Ռ.Ք. – Պարոն Գեղամյան, ինչպես միշտ, Ձեր ժամանակը սպառվել ա: Խոսքը տրվում է Սերժ Սարգսյանին:

N8 Ս.Ս. – Որոշ խաղացողներ առաջարկում են կարմիրների քանակը կրճատել: Ես այդ գաղափարը սին եւ տհաս եմ համարում, որովհետեւ, եթե կարմիրները պակասեն, ո՞ւմ օգնությամբ ենք սեւերին հանելու: Ես քվեարկելու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին հանելու օգտին: Ճիշտ է, ես դեռ տասը տարի առաջ եմ դրա համար քվեարկել, բայց չեմ ալարի, այս անգամ էլ կքվեարկեմ:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է N1-ին` Վազգեն Մանուկյանին:

N1 Վ.Մ. – Պարոն Սարգսյան, եթե Դուք 10 տարի առաջ եք կողմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանին խաղից հանելուն, ապա ես հըլը 12 տարի առաջ եմ կողմ եղել:

N7 Ա.Գ. – Սեկա, Վազգեն ջան: Ես էլ էի 12 տարի առաջ ասում, որ ՀՀՇ-ն պետք է հեռանա:

Ռ.Ք. – Պարոն Գեղամյան, բա չասացի՞, որ Ձեր ժամանակը լրացել է, խանգարում եք:

N1 Վ.Մ. – Բայց հիմա ես քվեարկելու եմ Արթուր Բաղդասարյանին խաղից հանելու օգտին: Երեկ` մեկ, էսօր` երկու, իրեն կարմիրի տեղ է դրել: Ինքը միշտ կարմիրներին «վեն ա» մտնում, բայց երբեք էլ կարմիր չի խաղում: Այսօր քննադատում է նրանց, ումով կուսակցություն է ստեղծել: Էդ ո՞նց եղավ, որ այսօր Ձեր նշած մարդիկ մոնոպոլիստ են, իսկ 1998-99թթ. մոնոպոլիստ չէին: Թե՞ այն ժամանակ իրենց փողերով էին խաղի մեջ մտնում, դրա համար ոչինչ չէիր նկատում:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է Արթուր Բաղդասարյանին:

N2 Ա.Բ. – Այո, պարոն Մանուկյան, ես այն ժամանակ փոքր էի եւ չէի հասկանում՝ ի՞նչ բան է մոնոպոլիան:

N8 Ս.Ս. – Դու հիմա էլ ես փոքր: Ինձ` մի հատ նախազգուշացում, պարոն խաղավար:

N2 Ա.Բ. – Սերժ Ազատիչ, մենք կողմ ենք նոր կարմիրներին, նոր սեւերին, նոր վարողին:

Ռ.Ք. – Պարոն Բաղդասարյան, հիշիր, որ դու քո «ժոլտին» երկու տարի առաջ ես ստացել: Հիմա կարող եմ քեզ միանգամից խաղից հեռացնել:

N2 Ա.Բ. – Պարոն Քոչարյան, Գերմանիայում տպած իմ հոդվածը սխալ էին թարգմանել: Ես առայժմ թեկնածություն չունեմ: Բայց երկրորդ փուլում ում ասեք` նրան էլ կմիանամ:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է N3-ին` Տիգրան Կարապետյանին:

N2 Տ.Կ. – Ես դնում եմ սատանաների թեկնածությունը: Նրանք գալիս են Ամերիկայից, ու տանում իմ ընտրազանգվածին: Ձի-ձի փայտե ձի, ո՞վ կարա իմ հետ մրցի, ով ունի այսպես ձի` թող գա դառնա կայարանցի:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է N4-ին` Վահան Հովհաննիսյանին:

N4 Վ.Հ. – Մեր հին ընկերը «Շերիֆն» ա»: Եվ եթե մինչեւ հիմա «Շերիֆը» չի բացվել», ուրեմն նա գիտի, որ մենք առնվազն մի սեւ հանել ենք խաղից: Բայց էս Տիգրան Կարապետիչը շատ «չուժոյ պախմել ա»: Եկեք իրան հանենք: Եթե սեւ ա` շատ լավ: Իսկ եթե կարմիր ա, մեկ ա` երգող-պարող ժողովուրդը իրան SMS-ներով հետ ա բերելու: Ոչինչ չենք կորցնի, եթե Կարապետիչին նորից հանենք խաղից:

Ռ.Ք. – Այսպիսով, ունենք երեք թեկնածություն` Լեւոն Տեր-Պետրոսյան, Արթուր Բաղդասարյան եւ Տիգրան Կարապետյան: Ո՞վ է կողմ, որ խաղը լքի Լեւոն Տեր-Պետրոսյանը: 2 ձայն: Ո՞վ է կողմ, որ խաղը լքի Տիգրան Կարապետյանը: 4 ձայն: Ո՞վ է կողմ, որ խաղը լքի Արթուր Բաղդասարյանը: 1 ձայն: Ձայների մեծամասնությամբ խաղը լքում է Տիգրան Կարապետյանը: Պարոն Կարապետյան, Ձեր վերջին խոսքը:

N3 Տ.Կ. – Ես հըլը հետ կգամ: Չգիտե՞ք, որ ինձանից պրծում չկա:

Ռ.Ք. – Իսկ մեզ մոտ գիշեր է: Եվ մաֆիան դուրս է գալիս որսի:

Շարունակելի