Շտաբը կգործի վրանի մեջ

04/02/2008

Օրերս դադարեցվել էր ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Կապանի շտաբի գործունեությունը: Ոստիկանները շտաբի աշխատակիցներին վտարել էին զբաղեցրած տարածքից: Ըստ Սյունիքի նախկին մարզպետ, Լ. Տեր-Պետրոսյանի Կապանի շտաբի պետ Ռոման Նավասարդյանի` իրենք բանավոր համաձայնությամբ էին այդ տարածքը զբաղեցրել` դեկտեմբերի վերջին նախապես վճարելով 2 ամսվա վարձավճարը: Սակայն օրերս Ոստիկանության աշխատակիցները տարածքի սեփականատերերի հետ այցելել էին շտաբ` պնդելով, որ վարձակալության համաձայնությունը եղել է ամուսնու` Լյովա Անտոնյանի հետ, սակայն նրա կինը` Մանուշակ Անտոնյանը, որը համասեփականատեր է` համաձայն չէ: Նրա խոսքով` տարածքը վարձակալության տալիս իրենք չեն իմացել, որ այդտեղ նախընտրական շտաբ է լինելու: Սեփականատերերը պատրաստակամություն են հայտնել վերադարձնել ստացած գումարը: Չնայած այն բանին, որ սեփականատերերը համաձայն էին 2 օր ժամանակ տալ շտաբին, ոստիկանները 2 ժամ տեւած բանավեճից հետո վտարել են շտաբի աշխատակիցներին: Շտաբն իր աշխատանքները Կապանում կշարունակի վրանի մեջ: Ի դեպ, հունվարի 29-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, թե «հունվարի 25-ին Սյունիքի մարզպետի ուղեկցող գրությամբ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է քաղաքացի Ա.-ի դիմումն այն մասին, որ մի խումբ անձինք խաբեությամբ զբաղեցրել են Կապանի Շահումյան փողոցի 2-րդ շենքի 38 հասցեում գտնվող իր բնակարանն ու այնտեղ հիմնել նախընտրական շտաբ: Քաղաքացի Ա.-ն խնդրել է Ոստիկանության միջնորդությունը` վերականգնելու իր սեփականության իրավունքն ու հետ վերադարձնելու բնակարանը: Հունվարի 28-ին, քաղաքացի Ա.-ի եւ բնակարանը զբաղեցրած մի խումբ անձանց միջեւ նշված բնակարանում տեղի է ունեցել վիճաբանություն` տարածքն ազատելու վերաբերյալ: Այն կանխելու նպատակով դեպքի վայր են մեկնել Ոստիկանության ծառայողները, որտեղ Ա.-ի պահանջով շտաբում գտնվողները դուրս են հրավիրվել»: