Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի հարցում անկասկած իրավացի է։
ՀՀ նախագահի բոլոր հրապարակային ելույթները դառնում են փորձագետների,
քաղաքական դեմքերի եւ լրագրողների վերլուծության նյութ։ Այ, երեկ-առաջին
օրը, հանրապետության մամուլը տիրաժավորել էր նրա անկեղծ խոստովանությունը,
որ կինը խորհուրդ է տալիս տնտեսական աճից չխոսել։ Ճիշտ խորհուրդ։
Որովհետեւ պարզ չէ, թե ովքեր են կատարում տնտեսական վերլուծություններ
նախագահի համար։ Տնտեսագիտությունն էլ հակառակի նման թվաբանության պես
պարզ ու մաթեմատիկայի պես ստույգ գիտություն չէ։ Ինքներդ կարող եք
համոզվել՝ մամուլի վերջին 10-15 օրվա տնտեսական էջերն ընթերցելով։ Երկրի
ամենահայտնի տնտեսագետները, նույն գործընթացները վերլուծելով, տրամագծորեն
(ու տրամաբանորեն) հակառակ եզրակացությունների են հանգում։
Տնտեսագիտության հայկական տարբերակը գեղարվեստի պես մի բանի է վերածվել։
Այս իրավիճակում, բնականաբար, տնտեսական ցանկացած երեւույթի, հատկապես՝
աճի մասին խոսելը համարձակ քայլ է։
Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների մեջ տրամաբանական հետեւողական
գործընթացներ տեսնելը բավական բարդ գործ է։ Համարյա անհնար գործ։ 2000թ.
հետո երկրի արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշները ավելի շուտ անկանոն
ցատկեր են հիշեցնում։ 2001-ին աճը կազմել է 3%։ 2002-ին՝ 22%։ 2003-ին՝
արդեն 32%։ 2004-ին այն նորից նվազում է՝ 5%։ Արտաքին
ապրանքաշրջանառություն ասածը ներմուծումների եւ արտահանումների գումարն է։
Տնտեսագետներն ուշադրություն դարձնում են ոչ այնքան ընդհանուր աճի վրա,
որքան բուն արտահանմանն ու ներմուծմանը։ Առանձին-առանձին դրանք էլ անկանոն
ցատկոտումներ են։ Արտահանման պատկերը սա է. 2001-ին՝ աճ 14%, 2002-ին՝
47%, 2003-ին՝ 35%, 2004-ին աճի տեմպերի նույն անկումն է՝ 4%։
Ներմուծումների գրաֆիկը եւս սահուն չէ. 2001-ին կրճատվել է 1%, 2002-ին
աճել է 13%, 2003-ին՝ 30%, իսկ 2004-ին աճի տեմպը կրճատվում է՝ 5,5%։
Երկրի տնտեսության վիճակը գնահատելիս տնտեսագետները սովորաբար համեմատում
են, թե ինչ հարաբերության մեջ են արտահանումն ու ներմուծումը։ Եթե
արտահանման աճը տարիներ շարունակ գերազանցում է ներմուծման աճին,
եզրակացությունը մխիթարական չէ։ Դա նշանակում է, որ երկրի տնտեսությունը
ճգնաժամի մեջ է, եւ այն չի հաղթահարվում։ Նման իրավիճակներում
մասնագետները տնտեսական աճի մասին խոսակցությունները լուրջ չեն ընդունում։
2002-04թթ. արտահանումների աճը գերազանցում էր ներմուծումների աճին։ Դա
միանշանակ դրական երեւույթ էր։ ՀՀ նախագահի համար տնտեսական
վերլուծություն կազմողները, սրանից ոգեւորված, հավանաբար, պատշաճ
ուշադրություն չեն դարձրել անցած տարվա ցուցանիշների վրա։ Ուշադրություն
դարձրեք. արտահանումն աճել է 4%, ներմուծումը՝ 5,5։ Բայց հնարավոր է, որ
ուշադրություն դարձրել էին եւ նախագահին խորհուրդ էին տվել՝ հրապարակային
ելույթներում աճի մասին խոսել մեկ այլ՝ տնտեսագետի համար անսպասելի
տեսանկյունից։ Նման մոտեցումը կարող է՝ նորամուծություն է, կարող է՝ ոչ։
Կարեւորն այն է, որ ճիշտ չէ։
ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման
ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես դրական փաստ նշեց.
«Արտահանումների տեմպի աճը ավելի մեծ է, քան ընդհանուր տնտեսական աճը»։
Հայտնի բան է, տնտեսական աճը Հայաստանում վերջին տարիներին արձանագրվում է
բացառապես երկնիշ թվերով։ Փոխարենը՝ արտահանումների աճի տեմպը համեստ է եւ
միանիշ՝ 4%։ Նախագահի խոսքը չի համապատասխանում իրականությանը։ Այլապես
«տնտեսագիտություն» տերմինից հանգիստ կարելի էր ջնջել «գիտություն»
արմատը։ Գիտական կոչվելու հավակնություն ունեցող ոչ մի տեսություն չի
կարող միաժամանակ հակասական աքսիոմներ պարունակել։
2004-ի ողջ ընթացքում դրամն արժեւորվում էր դոլարի նկատմամբ։ Տնտեսական
այս գործընթացը բոլոր տնտեսագետների կարծիքով՝ բացասական է ազդելու եւ
զսպելու է արտահանման աճի տեմպերը։ 2004-ը պաշտոնապես ամփոփվել է եւ
հրապարակման պահից պաշտոնական վիճակագրությունն արդեն թվաբանության պես
պարզ մի բան է։ Վիճակագրությունն արձանագրել է այն, ինչի մասին այդքան
խոսում էին տնտեսագետները։ Վատն այն է, որ այդ գործընթացներն առայժմ էլ
շարունակվում են՝ չարժանանալով պատշաճ վերլուծության։
Նախագահի խոսքում սխալի արձանագրումը խնդրում են չընկալել որպես
չարախնդություն։ Չարախնդության համար նախագահ Ռ. Քոչարյանի խոսքում միշտ
էլ ավելի հարմար հատվածներ կարելի է գտնել։ Եթե չարախնդայի, օրինակ,
կառանձնացնեի այն հատվածը, երբ նա ասաց, որ անհրաժեշտ է ճանապարհներ
կառուցել «Սյունիքի մարզում Մեղրիից Կապան, որտեղ կա 10-15 մոռացված
գյուղ»։ Ընդունեք, որ հասարակության մեծ մասը չէր էլ կարող ենթադրել, թե
իշխանությունները 10-15 գյուղ են մոռացել։ Այլապես, հաստատ մի բան
կձեռնարկեր մոռացված գյուղերի համար։ Մյուս հարմար առիթը կարող է լինել
այն պահը, երբ նախագահ Քոչարյանը նշում է. «Առաջին 50 հարկատուն ՀՀ-ում
անցած տարի ձեւավորել են հարկային գծով մեր բյուջեի 50%-ը։ Նաեւ իմ ակտիվ
միջամտության շնորհիվ, երեւի տարվա սկզբին հարկային մարմինների հետ մենք
սկսել ենք այդ գործընթացը, առաջին 50 հարկատուն ձեւավորել էին այս տարվա
ամսվա մուտքերի 63%-ը»։ Ասվածից կարելի է կատարել տրամաբանական հետեւյալ
եզրակացությունը՝ ինչ-ինչ պատճառներով ՀՀ նախագահը նախորդ տարիներին չէր
միջամտում տնտեսական գործընթացներին, ինչով առնվազն 13% վնաս է հասցրել
երկրի բյուջեին։ Բայց նման մեղադրանքը լուրջ չէ։ Ի վերջո, բոլորս էլ
գիտենք, որ նախագահի պաշտոնն անգամ ՀՀ Սահմանադրությամբ տարանջատված է
Հարկային, Մաքսային ծառայությունների ղեկավարների պաշտոնից։
Ես ինքս էլ վստահ չեմ, որ տնտեսական այս իրավիճակում ճիշտ է աջ ու ձախ
տնտեսական աճի մասին խոսելը։ Այնպես որ, խորհուրդներին լսելը երբեմն
անհրաժեշտ է։