ՕԵԿ-ը դիմել է ոստիկանություն

04/02/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայրենի ընդդիմությունը, կամ, ավելի ճիշտ, իրենց այս իշխանություններին ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերը, կարող է եւ, մինչեւ փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունը, միավորվեն:

Երեկ հրավիրած ասուլիսում նման տեսակետ է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն մինչեւ նախագահի ընտրության երկրորդ փուլը, տիկին Բիշարյանը երեկ պատասխանել է. «Ես ամեն ինչ հնարավոր եմ համարում: Այո»: Հարցին, թե արդյոք նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը կմիավորվի՞ մյուս թեկնածուի` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, Հ. Բիշարյանը պատասխանել է, որ ոչինչ չի բացառում: Թեեւ ՕԵԿ փոխնախագահն ընդդիմադիր համարվող ուժերի միավորում է կանխատեսում, սակայն դժվարանում է ասել, թե դա երբ կլինի: Նա պարզապես հավատացած է, որ «կլինի այնպիսի պահ, երբ ընդդիմադիր ուժերը կմիավորվեն»: Նա կարեւոր չի համարում, թե ով` ում կմիավորվի. ավելի շատ կարեւորում է միավորման գաղափարը: Իսկ մինչ ընդդիմադիրի համարում ունեցող ուժերը կմիավորվեն կամ չեն միավորվի, ՕԵԿ-ականները դիմել են ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին, ով օրերս հայտարարել էր, թե երկքաղաքացիության մասին օրենքն ուժի մեջ է մտել, եւ այլ երկրի այն քաղաքացիները, ովքեր նաեւ ՀՀ քաղաքացի են, կարող են գալ եւ օրինականացնել իրենց կարգավիճակը, իսկ եթե բնակվում են Հայաստանում, ապա՝ մասնակցել ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը: «Սա արվում է ընտրություններից մի քանի օր առաջ: Նախ՝ մենք, առաջին, չունենք «Երկքաղաքացիության մասին» օրենք, մենք ունենք «Քաղաքացիության մասին» օրենք: Երկրորդ՝ երկքաղաքացիություն չի կարող ստանալ Ռուսաստանի քաղաքացին, որովետեւ Ռուսաստանը երկքաղաքացիության մասին օրենք չունի,- նշել է տիկին Բիշարյանն ու հավելել,- Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է արվում այդ հայտարարությունը: Մեզ հետաքրքիր է, թե, օրինակ, քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո որքա՞ն մարդիկ են երկքաղաքացիության անվան տակ ստացել անձնագրեր»: Հ. Բիշարյանն ուզում է ճշտել, թե այդ մարդիկ քանի՞սն են, ո՞ր երկրներից, եւ թե նրանց անձնագրերը երկքաղաքացիության ինչպիսի՞ կոդ ունեն, որպեսզի կարողանան պարզել, թե տվյալ անձն իրավունք ունի՞ մասնակցել ընտրությանը: Ըստ նրա, նույնը վերաբերում է նաեւ ՀՀ անձնագիր ունեցող ղարաբաղցիներին: Տիկին Բիշարյանը երեկ խոստացել է նաեւ առաջիկա օրերին հնչեցնել կոնկրետ մարդկանց անուններ, որոնց իշխանությունները փող են բաժանել, անձնագրեր հավաքել եւ զանազան ճնշումների ենթարկել: Նա նկատել է, որ ընդդիմադիր թեկնածուների եւ Ա. Բաղդասարյանի քարոզարշավն, ինչպես հարկն է՝ չի լուսաբանվում: ՕԵԿ փոխնախագահը փոխանցեց նաեւ, որ դիտորդները լինում են իրենց գրասենյակներում, ու իրենք նրանց հստակ տեղեկացնում են այն խնդիրների մասին, որոնք ծագում են մարզերում կամ մայրաքաղաքում: ՕԵԿ-ում դեռեւս գոհ են դիտորդների աշխատանքից: Հ. Բիշարյանը երեկ հավաստիացրել է նաեւ, որ նախագահի իրենց թեկնածուն պատրաստ է բանավիճել առանց բացառության նախագահի բոլոր թեկնածուների հետ: Բանավեճերն ՕԵԿ-ում շատ են կարեւորում: «Դա շատ կարեւոր է, որպեսզի մեր քաղաքացիները վերջապես հասկանան, թե ո՞ւմ են ընտրում»,- նկատել է տիկին Բիշարյանը: Վերջինս գտնում է, սակայն, որ այսօր մեր քաղաքացիները պատրաստ չեն ընտրությունների: «Նրանք ճնշումների տակ են, կաշառքների տակ, եւ բոլոր չինովնիկները հատ-հատ աշխատում են բոլոր քաղաքացիների վրա: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները չեն կարողանում ընտրությունների գնալ լիարժեք կողմնորոշված: Նման ընտրություններին ես վերապահումներով եմ մոտենում»,- նշել է Ա. Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետը:

Հ. Բիշարյանը համոզված է, որ հենց իրենց թեկնածուն է դառնալու հանրապետության նախագահ. «Մեր թեկնածուն պրոֆեսիոնալ է, մեր նախընտրական ծրագիրը լիովին տարբերվում է մյուսներից: Ժողովուրդը կարող է նկատել, թե ո՞վ է արժանի այդ պաշտոնին»,- ասել է նա` վստահեցնելով, որ հանրությունը շատ բան կիմանա փետրվարի 3-ին Ազատության հրապարակում իրենց հրավիրած հանրահավաքի ընթացքում: