«Արտասահմանյան զարգացած երկրներն արդեն իրենց ռեզերվները պահում են հայկական դրամով: Բոլոր բորսաները որոշել են նավթը, սուրճը, ցորենը վաճառել միայն հայկական դրամով, քանի որ դրամը շատ ուժեղ արժույթ է:
Եվ ամենակարեւորը՝ փող կեղծողներն արդեն միայն դրամ են կեղծում: Ասում են՝ ո՞ւմ է պետք օրեցօր արժեզրկվող դոլարն ու եվրոն»,- երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:
Իհարկե, սա կատակ է, եւ պարոն Աղաջանովն արդեն կատակներ է հորինում անընդհատ արժեւորվող դրամի մասին: Է. Աղաջանովը նաեւ գտնում է, որ դրամի արժեւորումը մեր տնտեսության վրա «դրական» ազդեցություն է ունենում: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2007թ. Հայաստանի տնտեսությունն աճել է 13,8 տոկոսով: Մինչդեռ դոլարային արտահայտությամբ այդ աճը 50 տոկոս է: «Աշխարհում այդպիսի բան գոյություն չունի: Դրա համար մեր իշխանություններին պետք է գրանցել «Գինեսի» գրքում: Բացի այդ, անցած տարվա նման աճի դեպքում մեր տնտեսությունը գրանցել է արտաքին առեւտրի 73 տոկոս դեֆիցիտ: 2002-2007թթ. Հայաստանի տնտեսությունն ունեցել է երկնիշ աճ: Երկրագնդի վրա չկա այնպիսի երկիր, որ տնտեսական աճի նման տեմպ ունենա: Մյուս սարսափելի ցուցանիշն այն է, որ այդ պայմաններում մեզ հաջողվել է արտաքին առեւտրի դեֆիցիտն ավելացնել 420 տոկոսով: Սա էլ է պետք գրանցել Գինեսի գրքում: Երբ ինձ հարցնում են, թե երկնիշ տնտեսական աճի դեպքում ինչպե՞ս է ավելանում արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, ես ասում եմ՝ մերն ուրիշ է»,- ասում է պարոն Աղաջանովը: Ըստ տնտեսագետի` Կենտրոնական բանկը (ԿԲ) միայնակ չի կարող պայքարել գնաճի եւ դոլարի արժեզրկման դեմ: Ցանկացած երկրում դա ոչ միայն ԿԲ-ի, այլեւ կառավարության խնդիրն է: Մեր երկրում այս երկու երեւույթների դեմ պայքարում են միայն մոնետար՝ դրամական գործիքներով: Մինչդեռ տնտեսությունը զարգացնելու եւ դոլարային ներհոսքերից պաշտպանելու համար անհրաժեշտ է ստեղծել եւ կայացնել արժեթղթերի շուկան, Ֆոնդային բորսան եւ ֆինանսական շուկայի մյուս ինստիտուտները: Նրա խոսքերով` մեր երկրում ամեն ինչ արվել է, որ այդ շուկաները չկայանան: «Արժեթուղթը արժեք կունենա այն ժամանակ, երբ բաժնետերը շահույթ կստանա: Սակայն մեր երկրում տնտեսվարողները շահույթ ցույց չեն տալիս: Նրանք ցույց են տալիս, որ աշխատում են վնասով: Այդ պատճառով էլ Հայաստանում արժեթղթերի շուկա չի կարող լինել: Տնտեսվարողը մեր երկրում չի ցանկանում հաջողակ երեւալ, քանի որ վախենում է պետությունից եւ պետական ռեկետից: Եթե պետությունն ուզում է այդ շուկաները զարգացնել, պետք է ռեկետ չանի».- ասում է Է. Աղաջանովը: Երեկ նրա հետ Հայաստանի տնտեսության մասին իր տեսակետն էր արտահայտում նաեւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Հայաստանում Ֆոնդային բորսայի կայացման առումով մենք բավականին ետ ենք մնացել Արեւելյան Եվրոպայի շատ երկրներից, եւ այս ուղղությամբ դեռ բավականին անելիքներ ունենք: Սակայն հույս ունեմ, որ շվեդական «OMX»-ի մուտքը Հայաստան կարող է մեզ հարկադրել քայլել համաշխարհային զարգացումներին զուգընթաց»,- ասաց Թ. Մանասերյանը:
ՀՀ իշխանությունները հաճախ են հպարտանում, թե երկրի բանկային համակարգը զարգացած ու կայացած է: Աղաջանովը, սակայն, համաձայն չէ այս կարծիքի հետ: Նրա կարծիքով` բանկային համակարգը կայացած կլիներ այն դեպքում, եթե լիարժեք մասնակցեր իրական տնտեսության ֆինանսավորմանը, մինչդեռ մեր բանկերը ֆինանսավորում են ներդրումների ընդամենը 8-9 տոկոսը:
Տնտեսագետներն անդրադարձան նաեւ Միջազգային բորսայի տատանումներին եւ ԱՄՆ-ում առաջացած հիպոթեքային շուկայի ճգնաժամին, թե արդյո՞ք այդ երեւույթները Հայաստանի տնտեսության վրա կարող են էական ազդեցություն ունենալ: ԱՄՆ-ում առաջացած հիպոթեքային շուկայի ճգնաժամը Է. Աղաջանովը բացատրեց այդ երկրի ֆինանսական հաստատությունների՝ բարձր ռիսկային վարկերին անցնելու քայլով: Ժամանակակից ֆինանսական աշխարհը, ըստ նրա, ներկայումս կիրառում է «ռիսկերի վերափաթեթավորման» եղանակը, երբ բանկն իր կողմից տրված հիպոթեքային վարկերի չափով իրականացնում է արժեթղթերի թողարկում, այսպես կոչված՝ «վարկերի արժեթղթավորում», իսկ այդ արժեթղթերը վաճառվում են մասնավորապես եվրոպական եւ ասիական բանկերին: «Այդ իսկ պատճառով էլ այդ ճգնաժամն առաջին հերթին հարվածեց այն երկրներին, որոնց բանկային-ֆինանսական համակարգը կապված էր ԱՄՆ-ի հիպոթեքային շուկայի հետ: Բայց քանի որ Հայաստանում արժեթղթերի շուկան կայացած չէ, եւ մեզ մոտ այդ արժեթղթերը չեն շրջանառվում, ուստի մեր բորսայի վրա ամերիկյան ճգնաժամն անմիջականորեն չի կարող ազդել: Նույնը կարելի է ասել ԱՊՀ մի շարք երկրների մասին, բացառությամբ Ռուսաստանի, որն ունի զարգացած ֆոնդային շուկա: Ուստի, առավել մեծ ռիսկեր կան ռուսական շուկայի վրա ազդեցության տեսանկյունից»,- ասաց տնտեսագետը: Է. Աղաջանովի գնահատմամբ՝ չնչին է նաեւ ռուսական եւ մի շարք արտասահմանյան բանկերի միջոցով միջնորդավորված կերպով Հայաստանում ռիսկերի առաջացումը, քանի որ հանրապետությունում գործող արտասահմանյան բանկերի ակտիվների շատ փոքր մասն է դրսից Հայաստան բերվում: Աղաջանովի ասելով՝ Միջազգային ֆոնդային բորսայի ճգնաժամը նույնիսկ ԱՄՆ-ի տնտեսության վրա որեւէ լուրջ ազդեցություն չի ունեցել եւ անցնելու է շատ հանգիստ:
Իսկ Թ. Մանասերյանի համոզմամբ` ԱՊՀ երկրներից Ուկրաինան բավականին ինտեգրված է միջազգային բորսային, ուստի այդ երկրի վրա վերը նշված տատանումների ազդեցությունը զգալի է: Դրան հակառակ՝ Ուկրաինայի տնտեսության վրա քաղաքական գործընթացները շատ չնչին ազդեցություն են ունեցել, ինչը բանախոսը բնորոշեց՝ որպես դրական հանգամանք: