Երկու կարծիք

04/02/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոն» եւ «Ակոս» հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Վահան Դիլանյանը եւ Սարգիս Հացպանյանը երեկ «Ուրբաթ» ակումբում քննարկում էին առաջիկա նախագահական ընտրություններին քաղաքացիական կողմնորոշվածության եւ գիտակցված ընտրության խնդիրը:

Ընդ որում, բանախոսներն այդ թեման քննարկում էին՝ համեմատելով նախագահի միայն երկու թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը: Վ. Դիլանյանը պարզել է, որ եթե անցած տարի կատարված տարբեր սոցհարցումների արդյունքում Ս. Սարգսյանը համարվում էր Հայաստանի պոտենցիալ նախագահ, ապա տարեվերջից արդեն իր կազմակերպության սոցհարցումների համաձայն՝ նման հավակնություններ ունի նաեւ Լ. Տեր-Պետրոսյանը, ով գրավում է երկրորդ թեկնածուի պատվավոր տեղը: Եվ ահա երիտասարդ գործիչը գոհունակություն է հայտնում, որ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրվելով՝ նախընտրական այս պայքարը ծավալվեց գաղափարախոսական հենքի վրա, ինչը չկար նախորդ ընտրություններին: Վ. Դիլանյանը գտնում է, որ ընտրողները պետք է կողմնորոշվեն այս թեկնածուների արժեքային համակարգերով: «Լ.Տեր-Պետրոսյանի գաղափարախոսությունը հարում է լիբերալ-դեմոկրատական արժեքային համակարգին, Սերժ Սարգսյանինը՝ նժդեհյան-ցեղակրոնական գաղափարախոսությանը: Գլոբալացման այս դարաշրջանում առաջինը ենթադրում է ինտեգրացիա, երկրորդը՝ ազգային արժեքների պահպանում: Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալով՝ հասարակության մեջ կարծիքներ են շրջանառվում արեւմտյան գործոնի ազդեցության մասին: Եվ հետաքրքիր է, թե որքա՞ն է ԱՄՆ-ի ազդեցությունը Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար: Սա դիտարկվում է տարբեր երկրներում ԱՄՆ-ի իրականացրած գունավոր հեղափոխություններով, եւ, կարծում եմ, որ դրա վրա ծախսած ֆինանսներն իրենց չարդարացրեցին, որովհետեւ իրենց չարդարացրեցին տվյալ նախագահները: Հակառակը՝ անկայունություն ստեղծեցին ռեգիոններում: Տեր-Պետրոսյանին որպես գունավոր հեղափոխության կրողի՝ ամերիկյան աջակցությունը խոչընդոտվում է այն հանգամանքով, որ հարցականի տակ է առնվում նրա ներպետական համակարգում դեմոկրատիա կառուցելու խնդիրը, երբ որ ԱԺ-ում Հանրապետական՝ հակադիր բլոկի ներկայացուցիչներն են»,- ասում է Վ. Դիլանյանը:

Վ. Դիլանյանն անդրադարձավ նաեւ մեծ մասշտաբների հասնող արտագաղթին, նաեւ ընդգծեց, որ վերջին տարիներին մեր երկրում տեղի է ունեցել տնտեսական բարձր աճ, ինչը, նրա խոսքերով, չկար նախորդ իշխանությունների օրոք: Եվ ընդհանրապես բանախոսը երկու թեկնածուների քաղաքական մոտեցումները մեկնաբանելիս՝ անուղղակիորեն իր անհամաձայնությունն էր հայտնում Լ.Տեր-Պետրոսյանին: Սարգիս Հացպանյանը, սակայն, ավելի կոնկրետ էր իր մեկնաբանությունների մեջ եւ գտնում է, որ այս իշխանությունների օրոք Հայաստանը միայն ռեգրես է ունեցել: «18 տարի է՝ ես ապրում եմ Հայաստանում ու ականատեսն եմ եղել Երրորդ Հանրապետության ծնունդին, նաեւ մասնակցել եմ անցած զարգացումներին: Ես 1991-95 թվականներին ապրել եմ Արցախում, մասնակցել եմ պատերազմին եւ շատ մոտիկից ծանոթ եմ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Շատ ավելի վաղ Փարիզում ծանոթացել եմ նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի հետ: Ես եկել եմ Ֆրանսիայից, որն աշխարհում մարդու իրավունքների պաշտպանն է: Եվ ես ավելի օբյեկտիվ կարող եմ բնութագրել Հայաստանին: Երբ որ գալիս ես նորմալից ու շփվում ես աննորմալի հետ, նախ շոկ ես զգում, որովհետեւ ուղեղիդ մեջ չկա ընտրակեղծիք: Ֆրանսիայում ոչ մի մեռել չի ընտրում: Հայաստանում 350.000 մեռել գերեզմանից ընտրում են: Հարց ես տալիս՝ մոլորակի վրա՞ եմ, ո՞ւր եմ»:

Ս. Հացպանյանը գտնում է, որ 1998թ. տեղի ունեցավ ոչ թե իշխանափոխություն, այլ՝ հեղաշրջում: Նրա կարծիքով՝ անկախության առաջին տարիներին Հայաստանն ավելի շատ ինտեգրվեց միջազգային հանրությանը, քան անցած 10 տարիներին: «Այն ժամանակ միջազգային մամուլը Հայաստանին ժողովրդավարական կղզյակ էր ասում, այսօր չեն խոսում Հայաստանի մասին, ոնց որ Կովկասում Հայաստան չկա: Իսկ այդ մութ ու ցուրտ տարիները որ այսօր ասում են՝ մարդկանց վրա ցեխ շպրտելու համար, Հայաստանի քաղաքացու արժանապատվության տարիներ էին: Ֆրանսիացին կերազի ապրել այդպիսի տարիներ եւ ձեռք բերել Արցախի նման հողակտոր: Չի կարելի այդ արժանապատվությունն այդպես նսեմացնել: 91թ. Արցախում ապրում էր մոտ 140.000 մարդ: Այսօր 40-50 հազար մարդ Արցախից դուրս են եկել: Այս իշխանություններից որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե հաղթանակից հետո ի՞նչ եղավ Արցախում, որ արցախցին թողեց-գնաց: Գնում են սփյուռքահայերից 5-10 դոլար մուրացկանություն են անում, տելետոն են անում, որն ինձ համար ազգային արժանապատվության վիրավորանք է, այստեղ այդքան գումարով կերուխում են անում,- ասում է Ս. Հացպանյանը եւ վիրավորված է զգում, որ հայաստանցին այդ վիճակին համակերպվում է: -Ախր անկախություն ձեռք բերելը, Հայաստան ձեռք բերելը, Արցախ ձեռք բերելը եւ դրանից հետո՝ էսքան հանդուրժող լինել իր իրավունքների ոտնահարման դեմ, զարմանալի է: Չկա աշխարհի երեսին մի երկրի քաղաքացի, որ հայաստանցու նման հանդուրժող լինի: Հավանաբար այդ հաղթանակները հայը չկարողացավ մարսել: Խորհրդային Միությունից եկած այդ վախի մթնոլորտին հայը սովոր է, հավանաբար դրա համար էլ չի պայքարում իր իրավունքների համար»:

Վ. Դիլանյանի կարծիքով՝ արտագաղթի, գործազրկության մեծ ծավալների պայմաններում անգամ ներկա իշխանությունները կարողացել են տարիներ շարունակ երկնիշ տնտեսական աճ ապահովել: Մինչդեռ Ս. Հացպանյանը համաձայն չէ այս կարծիքի հետ: Նա գտնում է, որ չի կարող տնտեսությունը աճել եւ հանրության լայն շրջանակների վրա չտարածվել: Նրա կարծիքով՝ այդ աճը տեղի է ունեցել մի խումբ մարդկանց համար միայն: