Փոխոստիկանապետը ծպտյալ դաշնակցակա՞ն է

12/05/2005

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին (իսկ որոշ
համայնքներում այդ ընտրություններն անցկացվելու են արդեն հունիսին) նորից
«սրվեց» որոշ քաղաքական ուժերի ախորժակը վարչական ռեսուրսներ ձեռք բերելու
ուղղությամբ։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, վերջին օրերին ՀՅԴ-ն մտադիր է
եւս մեկ փորձ կատարել որեւէ ուժային կառույցի տիրանալու համար։ Այս
առումով ՀՅԴ-ում գտնում են, որ ամենից իրատեսական հնարավորություններ
այսօր կան ոստիկանությունում «իշխանափոխություն» իրականացնելու համար։ Սա,
բնականաբար, դաշնակցության առաջին փորձը չէ ոստիկանական համակարգի գլուխ
իր մարդուն դնելու ուղղությամբ։ Ավելին, այդ լծակին տիրանալը, կարծես թե,
դարձել է ՀՅԴ-ի «մանկության երկնագույն երազանքը»։ Սակայն նաեւ հայտնի է,
որ վերջին տարիների նրանց բոլոր փորձերն առայժմ անհաջողության էին
մատնվում, քանզի թե՛ ՀՅԴ-ի կոալիցիոն գործընկերները, թե՛ Սերժ Սարգսյանը
եւ թե՛ նույնիսկ ՀՅԴ-ի նկատմամբ որոշակի «թուլություն» ունեցող Ռոբերտ
Քոչարյանը լավ հասկանում են, թե ինչով է հղի դաշնակցականներին որեւէ
ուժային կառույցի մոտ թողնելը։

Ըստ լավատեղյակ աղբյուրների, այս անգամ ՀՅԴ վերնախավն իր նպատակին
հասնելու համար մտադիր է շահարկել գարնանային ամենից մոդայիկ թեման՝
հեղափոխական զարգացումների, ինչպես նաեւ՝ վերջին օրերին քաղաքական
շրջանակներում եւ մամուլում ակտիվորեն քննարկվող, այսպես կոչված,
ներիշխանական հեղաշրջման հնարավորությունները։ Նույն աղբյուրների պնդմամբ,
այժմ փորձ է կատարվում Ռոբերտ Քոչարյանին համոզել, որ ոստիկանության
ներկայիս ղեկավարությունը եւ մասնավորապես գլխավոր ոստիկանապետը ոչ այնքան
վճռական են՝ հնարավոր զանգվածային գործողությունները ճնշելու համար, իսկ
մյուս կողմից՝ Հայկ Հարությունյանն այնքան ինքնուրույն ֆիգուր չէ, որպեսզի
ներքաշված չլինի հնարավոր պալատական հեղաշրջումների գործընթացների մեջ։
Այլ հարց է ՀՅԴ-ն եւ գլխավոր ոստիկանապետի նրա ամենահավանական թեկնածուն՝
ներկայիս առաջին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը։ Ծնունդով ջավախքցի այդ
բարձրաստիճան ոստիկանի ՀՅԴ-ի հետ սերտ կապերի մասին արդեն վաղուց է
խոսվում ոստիկանական համակարգում, իսկ ոմանք նույնիսկ համոզված պնդում են,
որ Արարատ Մահտեսյանը վաղուց ծպտյալ դաշնակցական է։

Այս տեսանկյունից, հավանաբար, պատահական չէ, որ ընդդիմության հնարավոր
զանգվածային գործողությունների դեմն առնելու գրեթե բոլոր ծրագրերը
մշակվում են հենց Արարատ Մահտեսյանի աշխատասենյակում ու հենց այստեղից են
ոստիկանական համակարգի ավելի ստորին օղակներին իջեցվում համապատասխան
հրահանգները։

Վ. Ս.