«Microsoft» ընկերության կենտրոնական գրասենյակի Գործարար ռազմավարության եւ կոմունիկացիաների գլխավոր մենեջեր Վիլֆրիդ Գրոմմենը երեկ հանդիպել է Հայաստանի պետական եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ` քննարկելու ՀՀ-ում «Open XML» նոր ստանդարտի առկայությունը, դրա ընկալելի լինելը, ինչպես նաեւ՝ ճշտելու ստանդարտի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու կարծիքները: «Microsoft»-ի առաջարկած այս ստանդարտը թույլ է տալիս տարբեր համակարգերի, պլատֆորմների, տարբեր արտադրողների կողմից ստեղծված ծրագրային փաթեթների համատեղ աշխատանքը: «Սա բաց ֆորմատ է, այսինքն` բոլոր օգտագործողները, պարտնյորները, բոլոր ծրագրային փաթեթներ ստեղծողները կարող են այդ բաց ֆորմատից օգտվելով` ստեղծել այնպիսի ծրագրային փաթեթներ եւ լուծումներ, որոնք համատեղելի են բոլոր գոյություն ունեցող համակարգերի համար: Եվ եթե սա դառնում է համաշխարհային ստանդարտ, ապա դրանով հեշտացվում է համակարգերի ինտեգրացումը»,- պարզաբանում է «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: «Այս ֆորմատով այդ բոլոր համակարգերը կարողանում են միմյանց հետ համագործակցել, մի համակարգից մյուսին հարցում անել, մի տեղեկատվական բազայից մյուսին ինֆորմացիա ուղարկել: Մասնավոր հատվածում կան բազմաթիվ ընկերություններ, եւ յուրաքանչյուրը կառուցել է իր ՏՏ ենթակառուցվածքը: Խնդիրն այն է, թե ինչպես տարբեր պլատֆորմներով կամ համակարգերով ստեղծված ենթահամակարգերը կարող են իրար հետ համագործակցել»,- ընդգծել է նա: «Ամենակարեւորն այն է, որ կանոնակարգվում է գոյություն ունեցող իրավիճակը: Սա նշանակում է, որ «Microsoft» տեխնոլոգիայով պատրաստված գոյություն ունեցող բոլոր փաստաթղթերը կարող են փոխարկվել այս բաց ֆորմատի: Այս ոլորտում արդեն կարող են այդ ֆորմատն օգտագործել` ապակոդավորելու, գրելու, արտագրելու արդեն իսկ գոյություն ունեցող տեղեկատվությունը: Կառավարության համար այս ֆորմատի առկայությունը, կարծես, դրախտային իրավիճակ լինի»,- համոզմունք է հայտնել գլխավոր մենեջերը:
Քանի որ «Microsoft» ընկերության դերն ու նշանակությունը շատ մեծ է աշխարհում, ապա, ըստ Գ. Բարսեղյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային առաջատարը լինելը ենթադրում է նաեւ որոշակի պարտավորություններ: Հետեւաբար` հենց «Microsoft»-ն է պարտավորվել բոլոր համակարգերի համար` անկախ նրանից՝ դա «Microsoft» համակա՞րգն է, թե՞ ոչ, ինֆորմացիայի փոխանակումը հասանելի դարձնել: «Իրականության մեջ «Microsoft»-ի կողմից սա մեծ քայլ է»,- նկատեց նա: