«Խաշ-խորովածի» չարաշահումը եւ նյութափոխանակության խանգարումը

04/02/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Մետաբոլիզմը (նյութափոխանակությունը) այն հաճախականությունն է, որով մեր օրգանիզմը սննդի միջոցով ստացված նյութերը վերածում է կալորիաների: Կարեւոր է պահպանել ստացված եւ ծախսված էներգիայի հավասարակշռությունը` խախտման դեպքում է, որ տեղի է ունենում նյութափոխանակության խանգարում: Մարդիկ, որոնց մոտ նյութափոխանակությունն ավելի արագ է ընթանում, իրենց կալորիաները ծախսում են ավելի արագ, եւ ինչ-որ տեղ նրանց քաշի ավելացում քիչ է սպառնում:

Մարդու մարմնի կազմվածքը նյութափոխանակության վիճակն արտահայտող հիմնական գործոնն է: Որքան քաշն՝ ի հաշիվ մկանների, ոսկրերի եւ օրգանների, ավելի է, այնքան արագ է ընթանում նյութափոխանակությունը. ահա, թե ինչու է տղամարդկանց մոտ այն ավելի արագ ընթանում, քան կանանց մոտ: Երբ ասվում է. «Ինձ մոտ նյութափոխանակությունը վատ է ընթանում» կամ` «այս պրեպարատը լավացնում է նյութափոխանակությունը», նկատի ունեն նյութափոխանակությունը հանգիստ վիճակում, այն կալորիաների թիվը, որն անհրաժեշտ է օրգանիզմին կենսական ֆունկցիաներ կատարելու համար: Մարդու ուղեղը, սիրտը, երիկամները, լյարդը եւ մյուս օրգաններն աշխատում են օրվա 24 ժամն առանց հանգստի: Անընդհատ նորացվում են մկանային բջիջները: Օրգանիզմում բոլոր այս պրոցեսներն ապահովելու համար պահանջվում է էներգիա` կալորիաների տեսքով:

Ինչպես նշվեց, որպես կանոն, տղամարդկանց մոտ հանգստի ժամանակ նյութափոխանակությունն ավելի արագ է ընթանում, քան կանանց մոտ, քանի որ բնությունից նրանք ստեղծված են ավելի ուժեղ եւ մկանուտ: Մարդը 30-ից մինչեւ 70 տարեկանը կորցնում է մոտ 40 տոկոս մկանային մասսա, իհարկե, ոչ սպորտով զբաղվելու դեպքում: Այնպես որ, ավելի լավ է զբաղվել սպորտով եւ պահել մկանները, քան աճեցնել մկաններ: Իհարկե, պետք չէ բացառել նաեւ ժառանգականության դերը նյութափոխանակության գործում: Այսինքն` օրգանիզմի նախատրամադրվածության դեպքում, օրինակ, սթրեսը կարող է առաջացնել նյութափոխանակության խանգարում: Նյութափոխանակության վրա էապես ազդում են դիետաները, ֆիզիկական վարժությունները եւ այլ գործոններ: Յուրաքանչյուր մարդ ծնվելու պահից ունի իր նյութափոխանակության տիպը` արագ կամ դանդաղ: Սակայն չի նշանակում, որ նրանք, ում նյութափոխանակությունը դանդաղ է տեղի ունենում, անպայման դատապարտված են գիրության, իհարկե, քաշը պակասեցնելը հեշտ չէ, բայց դա հնարավոր է` ի հաշիվ մկանային համակարգի զարգացման:

Ինչպես վկայում է «Նորմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանը, 30-40 տարեկան կնոջ օրգանիզմում հորմոնալ մակարդակն ավելի կայուն վիճակում է, եւ այդ շրջանում կինը ֆիզիկապես ավելի ակտիվ է, ուստի նյութափոխանակության վիճակը նույնպես կարգավորված է: Իսկ ավելի ուշ տարիքում, երբ սկսվում է կլիմակտերիկ շրջանը, որը ենթադրում է որոշակի հորմոնալ տեղաշարժ, նրանք պետք է ավելի ուշադիր լինեն, հակառակ դեպքում՝ այդ բալանսի խախտումը կարող է մեծ բարդություններ առաջացնել: Հ. Համբարձումյանը նշում է նաեւ կոպիտ դիետաների` հատուկ թեյերի, աղիների աշխատանքն արագացնող պրեպարատների կիրառման, քաղցի կողմնակի ազդեցությունների մասին: Այս դիետաները կանանց գրավում են կարճ ժամանակահատվածում մեծ քաշի պակասեցմամբ (օրինակ` մեկ շաբաթում՝ 10կգ): Սակայն որոշ ժամանակ անց դիետայից թեթեւակի շեղումը կարող է հանգեցնել կրկնակի քաշի ավելացման, ինչն էլ նպաստում է նյութափոխանակության խանգարմանը: Դրանք հակացուցված են հատկապես այն մարդկանց, որոնք առողջական խնդիրներ ունեն` կապված սիրտ-անոթային համակարգի, շաքարային դիաբետի հետ, քանի որ խթանում են հիմնական հիվանդությունների սրացմանը: Պետք է հետեւել նաեւ կերակրացանկին: Օրինակ, մեզանում ընդունված է ասել, որ կծուն վնասակար է, բայց ահա մասնագետը նշում է, որ դրա չափավոր օգտագործումը նույնիսկ օգտակար է, որովհետեւ ակտիվացնում է աղիների գործունեությունը: Մինչդեռ հայկական եւ առհասարակ արեւելյան խոհանոցն աչքի է ընկնում ճարպերով ու ածխաջրերով հարուստ կերակուրներով, որոնց չարաշահումը վնասակար է օրգանիզմին: Օրինակ` սպիտակ հացը դյուրամարս ածխաջրեր է պարունակում, որոնք արագ վեր են ածվում ճարպերի: Մեկ կտոր սպիտակ հացն ավելի վնասակար է, քան նախաճաշին օգտագործած կարագը: Շատ օգտակար են կանաչ սոխն ու սխտորը: Դրանք մաքրում են անոթները, այսինքն` ունեն հակաաթերոսկլերոտիկ հատկություններ: Նյութափոխանակության կարգավորման համար խորհուրդ է տրվում ճաշը սկսել ձեթով ու բանջարեղենով պատրաստված աղցաններով, որոնք կանխում են ավելորդ ճարպերի եւ ածխաջրերի ներծծումը:

Տարածված է այն թյուր կարծիքը, թե գիրացումը (ճարպակալումը) հետեւանք է նյութափոխանակության խանգարման, բայց իրականում նյութափոխանակության խանգարումն է գիրացման հետեւանք: Օրինակ, դեռահասների մոտ գիրացումը կարող է պատճառ հանդիսանալ սեռական զարգացման խանգարումների, որն աղջիկների մոտ դրսեւորվում է դաշտանային ցիկլի խանգարումներով, մազակալմամբ, տղաների մոտ` սեռահասունացման ուշացմամբ: «Իսկ ինչ վերաբերում է համատարած կիրառվող վիտամինաթերապիային, ապա նախընտրելի եւ օգտակար են սննդի միջոցով ստացված վիտամինները»,- ասում է բժիշկ Հ. Համբարձումյանը: Վիտամինային պրեպարատները ստացվում են քիմիական ճանապարհով: Բացի այդ, եթե մարդը մարսողական խնդիրներ ունի, ապա դրանք օրգանիզմի կողմից չեն կարող յուրացվել: Մի խոսքով` մարդու նյութափոխանակությունը մեծապես կախված է ճիշտ սնվելուց: Արդեն ազգային ավանդույթ դարձած «խաշ-խորովածը» խիստ բացասական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա:

Խորհուրդներ նյութափոխանակության կարգավորման համար

– Նյութափոխանակության կարգավորման համար առաջարկվում են դեղաբույսերից պատրաստած հետեւյալ բաղադրատոմսերը. վերցնել 10 գրամ կատվալեզվի (չերեդա) խոտեր, 10 գրամ սեւ օշինդրի ծաղիկներ, 10 գրամ հունական ընկույզի տերեւներ, 10 գրամ կոթուկի տերեւ (լապուխ), 10 գրամ գայլուկ, 10 գրամ հմուլակոներ (խմել), 10 գրամ կեչու տերեւներ, 10 գրամ գետնամորու տերեւներ, 10 գրամ խուլեղինջ (յասնոտկա) եւ 10 գրամ մատուտակի արմատներ: Այս խառնուրդից մեկ ճաշի գդալը եփել մեկ բաժակ ջրով եւ խմել:

– Շատ օգտակար են խաղողը, սմբուկը, մորին, լոլիկը, գազարը, հաղարջը (ցանկացած տեսքով):

– Հազարաթերթիկի հյութը խառնել մեղրի հետ` ըստ ճաշակի, եւ օրական 3 անգամ մեկ թեյի գդալով ուտել ճաշից 20 րոպե առաջ:

– Շատ օգտակար է ռեհանը: Դրանով համեմված աղցանները նպաստում են մարսողությանը, օգնում են սրտի խփոցներին: