ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկա օրերին իր գլխավորած հանձնաժողովին առաջարկել` կազմակերպել ընդդիմության իրավունքների եւ պարտականությունների հարցով ԱԺ լսումներ: Ըստ Դ. Հարությունյանի` լսումները թույլ կտան լրացուցիչ երաշխիքներ ապահովել ԱԺ ընդդիմության ակտիվ գործունեության համար: «Մենք ունենք նաեւ այլ երաշխիքներ, որոնք մի շարք երկրների խորհրդարաններում առկա չեն: Խնդիրը վերաբերում է արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելուն, որն արվում է ոչ թե ԱԺ մեծամասնության, այլ` փոքր թվով պատգամավորների կողմից` ՍԴ դիմելով»,- ասել է նա: